HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհ. Թումանյան. «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»

Երբ 1919 թ.-ին Լոռեցիների հայրենակցական միությունը Հովհաննես Թումանյանին հրավիրել էր նրա 50-ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Դուստրը՝ 12-ամյա Թամարը արձագանքում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Թումանյանը ինքը մեծ հումորասեր էր.

Կինը՝ Օլգան, տասը երեխաների մայրը, գանգատվում է, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:

Բանաստեղծը նրան պատասխանում է.

-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:

Հ. Թումանյանի ասած «շաշը» այսօր էլ նստած է լոռեցիների մեջ: Դա դրսևորվում է անսովոր միամիտ և անկեղծ խոսքով: Լոռեցի գրող և հրապարակախոս Լևոն Ջավախյանն ասում է, որ հումորը իր համար ամեն ինչ է, իսկ առանց հումորի մարդը՝ ոչինչ: Հումորը նախ և առաջ խելքի և իմաստության նշան է: «Հումորով մարդը պարզ է և անկեղծ՝ էդտեղից էլ գալիս է Թումանյանի շաշը՝ կյանքը թագավորեցնող մարդիկ»,- բացատրում է Լևոնը և պատմում հնից եկող իրեն հոգեհարազատ հումորներից մեկը: 

Աքորեցին հանդիպում է ոռնակեցուն: Ոռնակը Ալավերդու գյուղական թաղամաս Ակների նախկին անունն է: Ասում է այտա, որդիանցի ես: Ակներեցին, թե՝ ոռնակեցի եմ:

-Համա թե տաք տեղից ես, հա՜,- զարմանում է աքորեցին:

Լևոն Ջավախյանի խոսքով լոռեցիների հումորը, ի տարբերություն գյումրեցիների հումորի, մի տեսակ փափուկ է, մեղմ։ Լոռեցին ամենայն անկեղծությամբ խարազանում է իր միամտությունը և անկարողությունը: Նրա խոսքի սուր կողմն իրեն է ուղղում, ոչ թե գյումրեցու նման՝ դիմացինի սրտին: Ասում է՝ Ալավերդիում ապրած տարիներին կյանքը մի մեծ կատակ էր:

«Լոռեցիների խոսքի ազատությունը սահման չունի, ինչպես սահման չունի նրա զարմանքն ու միամտությունը: Զարմանքը արվեստի շեմն է: Լոռեցին միշտ էլ զարմանում է, այսինքն միշտ ստեղծագործում է։ Տարիներ առաջ, երբ Ալավերդիում էի ապրում, մի տետրակ ունեի, որտեղ անեծքներ էի հավաքում: Ժողովրդական անեծքներ հավաքելու գործում ի դեպ ինձ աջակցում էր նաև քո օղորմածիկ մայրը՝ Գոհար տոտան: Մի օր  մեր դպրոցի երկու ուսուցչուհի կռվել էին: Նրանցից մեկը, որը լեզվակռվում տակ էր տվել, դիմել էր կողքիններին, թե Լևոնին ասեք էն անտեր մնացած տետրակը բերի: Երևի ուզում էր տետրի ընտիր տեղերից բերանացի քաղվածքներ կրակի հակառակորդի ուղղությամբ: Ալավերդցիների հումորը լավն ա, բա ի՞նչ ա»,- ասում է Լևոն Ջավախյանը:

Լոռեցիների հումորը այսօր էլ անսպառ է: Ներկայացնում ենք Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի մաթեմատիկայի դասախոս կաճաճկուտցի Սերյոժա Պողոսյանի, «Անկյուն +3» հեռուստաընկերության օպերատոր Արմեն Հովսեփյանի, վարորդ  Ռուդիկ Աբրահամյանի (մականունը Տադաշ) և  այլ ալավերդցիների հումորներից.

Մի աքորեցու հարցնում են.
-Կանաչեղենի մեջ ինչն է մտնում։
-Որ ցանկապատ չլինի ոչխարն էլ կմտնի, կովն էլ:

-----------------------------------------------------

Կաճաճկուտցի Վեզուչի Մեխոն իր գյուղական երկհարկանի տան պատշգամբից նկատում է, որ կինը տան առաջ՝ ոտքերը ձգած գետնին փռված է: Մեխոն գլխի է ընկնում, որ հավերը քշա անելիս կինը պատշգամբից ընկել է:
-Աննման, ես քեզ չասի էդ հավերի խելքին չընկնես,- թութունի ծխախոտը փաթաթելով` հանգիստ ասում է Մեխոն:

------------------------------------------------------

Վեզուչի Մեխոն թոռանը կանչում է 3 ռուբլի տալիս՝ խոզերը հանդը տանելու համար: Երբ թոռը հանդից գալիս է, նա փողը հետ է ուզում:
-Պապիկ, բայց դու խոզը հանդը տանելու համար տվեցիր:
-Էդ խոզերը դեռ էլ տես հանդը տանիլ,- թոռին բացատրում է Մեխոն:

------------------------------------------------------------

Աքորեցին էշի հետ կրճաղաք ճանապարհով քաղաք է իջնում:
-Կարա՞մ էդ ճանապարհով Աքորի բարձրանամ,- հարցնում է մի օտարական:
-էշս բարձրանում է, քեզ ի՞նչ է եղել, որ չբարձրանաս:

---------------------------------------------------------

Անդոն խմած, ոտքով Ալավերդու դատարանի մոտ ճոճվելով անցնելիս նկատում է ավտոտեսչության մեքենան և մոտենում:
-Խմած եմ, հինգ հազար դրամ տամ, գնամ:
- Չէ, հինգ հազար դրամը խմածության համար քիչ է,- ասում է տեսուչը:
-Պրոբլեմ չկա, ավել չեմ կարա տամ, էս 5 հազար դրամը վերցրու, ես ճամփես գնամ,- պնդում է Անդոն: Անդոն՝ հա, տեսուչը՝ չէ: Վերջը Անդոն հինգ հազար դրամը ջեբն է դնում ու ճոճվելով շարունակում իր ճամփեն:

--------------------------------------------------------

Ալավերդի եկած մի գյումրեցի ուզում է կատակել: Մտնում է պատահական մի խանութ:
-Մածուն ունե՞ք: Թե ունեք, մի մետր մածուն տվեք:
Խանութպանը մածունի շիշը թափահարում է, ապա գետնին մածունով գիծ է քաշում.
-Մի մետր չափի, վերկալ:

-------------------------------------------------------------

Ալավերդցի Տադաշը Երևանից իր բեռնատարով ապրանք է տեղափոխում և բաժանում Ալավերդու խանութներին: Մի օր Երևանից հենց դուրս է գալիս ԳԱՅ-ի անցակետում ոստիկանները Տադաշի ավտոմեքենան կանգնեցնում են:
-Լևի ապրանք ունե՞ս:
-Հա, կա:
-Բացի բեռնախցիկը:
Տադաշը բացում է ավտոյի բեռնախցիկը: Տեսնում են կոշիկ է բարձածը:
-Ցույց տուր, ո՞րն է լևի ապրանքը:
-Տուփերը հերթով բացեք, լևի էլ կա, պրավի էլ,- ասում է Տադաշը:

------------------------------------------------------------------

Տադաշը Ալավերդու Քարե կամուրջի մոտ իր ավտոմեքենայով կանգնած է լինում:
- Ախպեր ջան, ոնց գնա՞նք Վրաստան,- հարցնում են:
- Ախպեր ջան, որ ինձ մարդի տեղ դրիք ու հարցրիք, ձեզ հլե ոնց հարմար է, տենց էլ գնացեք,-պատասխանում է Տադաշը:

------------------------------------------------------------------

Ալավերդցի Ակուլան դեղձը կորիզով է կերել: Զարմացած իրեն նայող հարևաններին Ակուլան բացատրել է.
-Բազի հիմարն էլ դեղձի կորիզը դեն է գցում:

--------------------------------------------------------------------

Հեռուստաօպերատոր Արմեն Հովսեփյանը պարբերաբար հարսանիքներ է նկարահանում:

-Մի անգամ Ծաղկաշատ գյուղում էի, գյուղի թամադեն տարեց մարդ էր:  Նկարահանման համար ես ուղղորդում էի ինչ պետք է ասի: Հերթը հասավ հարսի տարոսիկներ բաժանելուն: Թամադեն մի քիչ վատ էր լսում: Ասի հայրիկ, հայտարարի, որ հարսը հիմա կբաժանի իր տարոսիկները: Ասավ՝ հլե տհե էլ ասեմ: Ասացի՝ հա: Մեկ էլ հարցրեց. «Այտա, հըլե տըհե էլ ասեմ»: Ասացի՝ հա:

 -Ժողովուրդ ջան, մեր վախտերը տհե բան չկար,  բայց մեր էս հարսը իր հետ տրուսիկներ է բերել,  հիմի կբաժանի,- հատարարեց թամադեն:

Մեկնաբանություններ (1)

Սամվել
տարոսիկները վերջն էր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter