Չորեքշաբթի, 25 ապրիլի

ԱԳԼՃԿ-ները դիմել են մեքենայությունների, թանկացումից հավելյալ եկամուտ են ստանում



Ակցիզային հարկի թանկացումը վառելիքի շուկայում քաոս է ստեղծել, իսկ բնական գազ վաճառող գործարարներին՝ հնարավորություն տվել ցանկության դեպքում դիմել պարզ խարդախությունների։

Հունվարի 1-ից, պայմանավորված «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված անբարենպաստ փոփոխություններով, աճել է դիզվառելիքի, բենզինի եւ ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի գինը։

Գազի 1000 խմ-ի ակցիզը մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 8300 դրամ էր, իսկ ահա 2018 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 25000 դրամ։ 1 խորանարդ մետրի դեպքում, ակցիզային հարկի՝ նախկին եւ ներկա դրույքաչափերի 16,7 դրամ տարբերությունն իրենց ուսերին կրում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները։ Տնտեսվարողները գազը թանկացրել են միջինը 20 դրամով, այդպիսով ոչ միայն վնաս չկրելով, այլեւ յուրաքանչյուր խմ-ի մեջ նվազագույնը 3,3 դրամի հավելյալ եկամուտ ունենալով։

Օրինակ, 4000 դրամ միջին արժողությամբ մեկ լիցքավորումը ակցիզային հարկի թանկացումից հետո արդեն արժե մինչեւ 4500-4600 դրամ։

Վարորդների ներկայացրած տվյալների համաձայն՝ Նորագավիթի ճանապարհին, Աշտարակ քաղաքում գործող ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի գինը 190  դրամից դարձել է 210։ Վանաձորում 180-ից դարձել է 200 դրամ։ Սեւանի եւ Ծովագյուղի հարակից ԱԳԼՃԿ-ներում 170 դրամից հասել է 190-ի։

Վարորդները սոցիալական հարթակներում նաեւ քննարկում են դեպքեր, որոնք հուշում են տնտեսվարողների կողմից իրականացվող խարդախությունների մասին։ «Քիչ առաջ Էջմիածնում լիցքավորեցի 1,6 ծավալով բալոնը եւ վճարեցի 4850 դրամ։ Բայց նախկինում 3500 դրամից ավելի չեմ վճարել»,-վարորդների խմբում գրառել է մեկը։ Ընդ որում, վարորդը նշել է, որ 3500 դրամ վճարում էր Երեւանում, 210 դր/խմ գնի պարագայում, իսկ Էջմիածնի տվյալ ԱԳԼՃԿ-ն, այսպես ասած, նոր գներով գազը վաճառում է 190 դրամով։

Վարորդ Աբրահամ Աշղյանը գրել է «Գազալիցքավորողները սկսել են ալան-թալանը, պղտոր ջրում ձուկ են բռնում։ Ապարան չհասած՝ լիցքավորեցի, արժեքը կազմեց 4600 դրամ, ընդ որում՝ 1 խմ-ի գինն այդտեղ 190 դրամ է, իսկ ես այսօր առավոտյան 210 դր/խմ սակագնով մեկ այլ ԱԳԼՃԿ-ում լիցքավորել էի, կազմել էր 3700 դրամ։ Հրաժարվեցի վճարել, պահանջեցի, որպեսզի մոտենա ԱԳԼՃԿ-ի սեփականատերը։ Չեկավ։ 3000 դրամ վճարեցի` թողնելով հեռախոսահամարս, որպեսզի հետո սեփականատերը զանգի»։

Արման Ղարագուլյանը, ստեղծված իրավիճակում մեքենայություններից զերծ մնալու համար առաջարկում է, որպեսզի վարորդներն իրենք ԱԳԼՃԿ-ների մոնիտորինգ իրականացնեն եւ քարտեզագրեն։ Ղարագուլյանի երկրորդ առաջարկը հետեւյալն է «Սկսենք գազալցակայանների միասնական տվյալների բազա սարքել, որտեղ կներմուծենք լիցքավորման պարամետրերը՝ գին, ճնշումը՝ լիցքավորման մեկնարկում եւ ավարտին, խորանարդ մետր, ջերմաստիճան և այլն: Արդյունքում կարծում եմ բավական հեշտությամբ կկարողանանք առաձնացնել բարեխիղճ կայանները մյուսներից»։

Թանկացել է նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի գինը։ Ռեգուլյար դասի բենզինի 1 լիտրի արժեքը 410 դրամից դարձել է 430 դրամ, պրեմիում դասի բենզինը՝ 430-ից՝ 450։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Հետք»-ի հետ զրույցում խոսելով տնտեսվարողների մեքենայությունների մասին` ասաց հետեւյալը «Սպառողը չափիչ սարք չունի, որպեսզի ստուգի՝ իրեն խաբում են, թե ոչ։ Գազալցակայաններին կարող է վերահսկել միայն պետական մարմինը, որը, ցավոք սրտի, կամ չի անում, կամ ստուգումներից հետո որեւէ խնդիր չի պարզում։ Բայց իրականում ունենք այն, ինչ ունենք, սպառողներն իրենց խաբված են զգում։ Չի կարող նույն բալոնը տարբեր ծավալներ ունենալ»։

Նա գտնում է, որ միակ զսպող կամ կարգավորող գործիքը վարորդների հետեւողականությունն է՝ բարեխիղճ գազալցակայանները պարզելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ փոխանակվելու միջոցով։

Ակցիզների թանկացումը պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։ Անդամակցության պայմանագրով նախատեսվում է, որ 1-8 տարվա ընթացքում պետք է ներդաշնակեցվեն Հայաստանի եւ ԵՏՄ մաքսային տոկոսադրույքները, 12-60 ամիսների ընթացքում էլ մեր երկիրը պարտավոր է տեղայնացնել Միության տեխնիկական կանոնակարգերը։

«Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիզների դրույքաչափերի բարձրացումը շուտով կազդի նաեւ ալկոհոլային խմիչքների վրա։ Դրա ազդեցությունը ծխախոտի վրա ավելի ուշ կզգացվի, քանի որ, ըստ Հարությունյանի, մեծ խմբաքանակներ արդեն ներկրված են։ Հաջորդ խմբաքանակների ներկրումից հետո արդեն՝ ծխախոտը նույնպես կթանկանա։

Այն, որ ակցիզային հարկի բարձրացումը բնական գազի շուկայում ոչ միայն տնտեսվարողների համար ցնցումներ չի առաջացրել, այլեւ՝ հավելյալ եկամուտի հնարավորություն է ստեղծել, Ղարիբ Հարությունյանը Հայաստանի համար նորմալ է համարում, իսկ զարգացած երկրների համար՝ ոչ օրինաչափ։

«Եթե դիտարկենք տարբեր երկրների օրինակներ, տնտեսվարողները փորձում են իրենց վրա պահել այդ բեռը, եւ նույնիսկ կարող են գները չբարձրացնել։ Բայց քանի որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է պարանորմալ վիճակում, չկա պետական վերահսկողություն, տնտեսվարողները վարում են կամայական գնային քաղաքականություն, եւ այս թանկացումը թողեցին սպառողի վրա։ Նորմալ տնտեսություն ունեցող պետություններում՝ կառավարությունը միջոցներ է գտնում թանկացումները զսպելու համար, օրինակ՝ սուբսիդավորում է տվյալ ոլորտը։ Հայաստանում ոչինչ չի արվում»։

Տնտեսագետը նշում է, որ Հայաստանում կառավարությունն իրավիճակի վրա ազդել չի կարողանում՝ մի շարք կոնկրետ պատճառներով։ Դրանցից մեկը պետական բյուջեի եկամուտների հետ կապված խնդիրն է, մյուսը՝ արտաքին պարտքը։ «Ամեն տարի մեր արտաքին պարտքի սպասարկումն է ավելանում, տոկոսադրույքներն ու մայր գումարն ենք սկսում փակել։ Այս պահին երկիրն էնպիսի վիճակում է հայտնվել, որ օբեկտիվորեն էլ ոչինչ անել չենք կարող։ Տարբերակներից մեկը տնտեսությունը ստվերից հանելն է, դրանով գնաճը չեզոքացնելը»,- ասում է տնտեսագետը։

Հարցին՝ այս թանկացումը պետք է դիտարկել որպես մեր բոլոր ձախողումների հետեւա՞նք, Ղարիբ Հարությունյանը պատասխանեց «Այս ամենը ընդամենը երկարաժամկետ սխալ քաղաքականության հետեւանք է։ ԵԱՏՄ-ի մուտքը մեզ համար լրացուցիչ խնդիրներ առաջացրեց։ Սա մեր քաղաքական իշխանությունների կողմից ժամանակին կայացրած ոչ ադեկվատ եւ ոչ արդյունավետ որոշումների արդյունքն է։ Իհարկե, գործող կառավարությունն էլ իր մասնաբաժինն ունի այս ամենի մեջ, բայց սա երկարաժամկետ սխալ գործողությունների արդյունք է։

Այս թանկացումն ընդամենը մեկ ազդակ է։ Մենք նմանատիպ ազդակներ դեռ շատ ենք ունենալու։ Առաջիկայում պարբերաբար գնաճեր լինելու են։ Որովհետեւ եւ ԵԱՏՄ-ն՝ մի կողմից, երբ մեր պետական պարտքը դա է ենթադրում։ ԵԱՏՄ-ին անդամակցելիս արդեն այս ամեն ինչը կանխատեսելի էր»։

Ի՞նչ հետեւանք է ունենալու այս գնաճը՝ Ղարիբ Հարությունյանը դժվարանում է պատասխանել։ Բայց, նրա խոսքով, մի քանի բան ակնհայտ է։ Նախ՝ սպառողների իրական եկամուտները կրճատվելու են, նվազելու է գնողունակությունը, հատկապես, որ կառավարությունը աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում չի կատարել։ Ավելին, նրա խոսքով, բնակչության մի հատվածի կենսամակարդակը կիջնի աղքատության շեմից ներքեւ, իսկ ծայրահեղ աղքատների մասին խոսելն ավելորդ է։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Գեւորգ20:48 - 6 հունվարի, 2018
ԱԳԼՃԿ, այսինքը - ձեռներս ընկածին «ագլ-ճկլ» անենք! Ես էլ հա մտածում էի թե էդ զզվելի անունն ի՜նչ է նշանակում:
2. ժիրայր15:14 - 8 հունվարի, 2018
Հաշվի առնելով ներկայիս անկառավարվելի վիճակը, որը տիրում է լցակայաններում, ընդունելի ևճիշտ տարբերակ է միասնական տվյալների բազա սարքելը։Դրանով մենք՛ սպառողներս կփորձենք ցույց տալ առավել բարեխիղճ տնտեսվարողների լցակայանների տեղերը, որից կօգտվեն և սպառողները ինչպես նաև տնտեսվարողները։Գովազդում են սառը գազ, բայց լիցքավորում 25-ց բարձր աստիճան ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ