HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Էթիկայի կանոնները հակակշիռ են տեղական մակարդակում լիազորությունների չարաշահման և անազնիվ վարքագիծ դրսևորելու դեպքում

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին «Հետք»-ի 2017 թ.-ի, նաեւ դրան նախորդող տարիների հրապարակումներն ավելի շատ համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների կողմից լիազորությունների չարաշահման կամ կամայական կիրառման, անազնիվ վարքագծի, իշխանազանցության մասին էին: Ներկայացվել է, թե ինչպես են տարբեր համայնքներում ավագանիները որոշումներ ընդունել բյուջեից հատկացվող սոցիալական օգնությունները համայնքի ղեկավարի ընտանիքի եւ միմյանց միջև բաժանելու մասին, քվեարկել են իրենց հարկային արտոնություններ տալու օգտին:

Հրապարակել ենք, թե ինչպես են համայնքների ղեկավարները մասնավորեցրել կամ անհատույց իրենց նվիրել համայնքի պահուստային ֆոնդի հողատարածքներն ու գույքը, հայտարարված աճուրդներում հաղթողները  համայնքի ղեկավարի ընտանիքի անդամներն են եղել: Թե ինչպես են բջջային օպերատորների աշտարակները շատ «պատահաբար» տեղադրվում համայնքի ղեկավարի սեփական կամ նրա վարձակալած հողատարածքում՝ մշտական եկամտի աղբյուր դառնալով (տարեկան մի քանի հազար դոլար) նրանց համար:

Ներկայացրել ենք համայնքների ղեկավարների ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, գնումների կամ մատակարարումների պայմանագրերն իրենց ընկերությունների կամ ավագանու անդամի ընկերության հետ կնքելու դեպքերը: Հրապարակել ենք նյութեր` համայնքապետերի անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու եւ այլ չարաշահումների մասին:

Բերված օրինակները համայնքներում «կառավարում» իրականացնելու տարածված ձեւերն են: Իրավական հասարակությունը նման դեպքերը որակում է կոռուպցիա, համակարգային արատ եւ այլն, որը պետք է կանխարգելել։ Սակայն, մեզանում բացակայում են կանխարգելող մեխանիզմները· իրավապահները չեն արձագանքում այս հրապարակումներին կամ հարուցված քրեական գործերը կարճվում են անհասկանալի պատճառաբանություններով: Լավագույն դեպքում, մարզպետի կարգադրությամբ համայնքային բյուջե են վերադարձվել ավագանու անդամների կամ համայնքի ղեկավարի ընտանիքներին տրված դրամական օգնությունները:

Իրավական պետության սկզբունքի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունն իր իշխանությունն իրականացնում է նաեւ կանոնների միջոցով։ Հայաստանում էթիկայի կանոններով է կարգավորվում դատավորների, դատախազների, փաստաբանների, ԱԺ պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը: Նրանց վարքագիծը քննելու համար ստեղծվել են կարգավորիչ մարմիններ, խախտումների համար սահմանվել են սանկցիաներ:

Համայնքների եւ ավագանու անդամների համար նման ոչ մի կանոն չի գործում, բացի երկրի առաջին դեմքի երաշխավորությունից:  

Համայնքային եւ մարզային իշխանավորների համար վարքագծի կանոններ սահմանելու դեպքում, հնարավոր է, որ այսօր որակապես ավելի լավ տեղական ինքնակառավարում ունենայինք: 2005 թ.-ի հունվարից ուժի մեջ մտած «Համայնքային ծառայողի մասին» օրենքի հոդված 23-ի «ը» կետը սահմանել է համայնքային ծառայողի հիմնական պարտականությունները· «Պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած համայնքային ծառայողի էթիկայի կանոնները»: Սակայն, Կառավարությունը մինչ օրս այդպիսի կանոններ չի սահմանել ՏԻՄ-երի համար:

Էթիկան կանոնների հավաքածու է, որով սահմանվում է պետական պաշտոնյաների վարքագիծը՝ ապահովելու համար հանրության նկատմամբ արդար եւ հավասար վերաբերմուք: Կանոնների ընդունումով հակակշիռ է ձեւավորվում՝ տեղական մակարդակում լիազորությունների չարաշահման կամ կամայական կիրառման, անազնիվ վարքագիծ դրսեւորելու եւ այլնի դեպքում։ Էթիկայի եւ հաշվետվողականության բացակայության պայմաններում կոռուպցիան եւ պետական դիրքի չարաշահումը կարող են տարածվել: Եվ հակառակը, դրանց կիրառման դեպքում կարող են սանձել իշխանության չարաշահումները եւ խրախուսել առավել պատասխանատու ու արդարացի որոշումների կայացմանը տեղական մակարդակում:

Էթիկայի նորմեր ընդունելու եւ այդ նորմերը կիրառող մարմինների գործունեության դեպքում, համայնքային իշխանությունից դժգոհ բնակիչն իր բողոքը կուղղի ոչ թե հանրապետության նախագահին կամ վարչապետին, եւ այն անպտուղ շրջապտույտի մեջ դրվելուց հետո կվերադարձվի նրան, այլ կբողոքարկի էթիկայի հանձնաժողովին: Վերջինիս կայացրած, իրեն չգոհացնող որոշումը դատարանում վիճարկելու հնարավորություն կունենա: Այսպես է զարգանում համակարգը ողջ աշխարհում: 

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը պարտավորվել է 2017-2020 թթ.-ին տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում խթանել էթիկայի եւ թափանցիկության մակարդակի բարձրացումը՝ որպես տեղական եւ մարզային ժողովրդավարության որակի բարձրացման կարեւոր բաղադրիչ: Կոնգրեսը 2016 թ.-ի հոկտեմբերին ընդունել է գործողությունների ճանապարհային քարտեզ՝ «կոռուպցիան կանխարգելելու եւ տեղական ու մարզային մակարդակներում հանրային էթիկայի մակարդակի բարձրացմանը նպաստելու համար» եւ աշխատանքներ է տանում անդամ երկրների տեղական կառավարման մեջ ամրապնդելու ուղղությամբ:

2017 թ·-ի դեկտեմբերի 6-7-ը Թբիլիսում անցկացված «Էթիկան եւ թափանցիկությունը տեղական եւ մարզային մակարդակներում» լիագումար նիստից

ԵԽ Կոնգրեսը սահմանել էր «Էթիկան եւ թափանցիկությունը տեղական եւ մարզային մակարդակներում» որպես 2016 թ.-ի երկու լիագումար նիստերի քննարկման թեմա: Այս թեմայով վերջին նիստն անցկացվեց 2017 թ.-ի դեկտեմբերի 6-7-ը Թբիլիսում: Տարածաշրջանի հանրապետությունների ՏԻՄ ներկայացուցիչները, հետեւելով Կոնգրեսի հանձնարարականներին, ներկայացնում էին էթիկայի կանոններն ընդունելու եւ հանրայնացնելու իրենց տարբերակները:

Հայաստանում ՏԻՄ-երի համար ԵԽ-ի սահմանած հանրային էթիկայի կանոնները 2016 թ.-ին տեղայնացրել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը: Ծրագրի արդյունքում մի քանի համայնքներ` Կապան, Ալավերդի, Թումանյան, Աշտարակ, Ախուրիկ, Նոր Երզնկա, ընդունել են էթիկայի կանոնները:

Վերը նշված համայնքները ձեւավորել են նաեւ էթիկայի հանձնաժողովներ, սակայն նրանք կարող են միայն վարույթ հարուցել եւ քննել, տույժեր չեն կարող կիրառել, որովհետեւ դրանք գոյություն չունեն: Էթիկայի խախտում թույլ տվածին կարգապահական պատասխանատվության ենթարկելու տույժերը պետք է օրենքով սահմանվեն:

«ՏԻՄ-ը համայնքային ծառայողների, հայեցողական եւ ընտրված պաշտոնյաների համար սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ: Դրանց խախտման դեպքում կարգապահական միջոցառումների, պատժամիջոցների կիրառման եւ բողոքների ներկայացման գործընթացների մասին դրույթներ»,- ասվում է Կոնգրեսի հրապարակած փաստաթղթում:

Վարքագծի կանոններն, ըստ ԵԽ-ի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի, ոչ միան պետք է ընդունել, այլեւ դրանց հետեւելու պահանջը պետք է ընդգրկվի համայնքային ծառայողների, հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, պայմանագրային աշխատողների եւ ավագանու աշխատանքի նկարագրություններում, ներքին կանոնակարգերում եւ երդման տեքստում: ՏԻՄ-ը պետք է հրապարակի տեղեկատվություն վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների կառավարման ընթացակարգի, պատասխանատու անձի կամ հանձնաժողովի մասին, հրապարակի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների բողոքարկման ընթացակարգը:

Համայնքային ծառայողների աշխատանքային պայմանագրերը պետք է ներառեն պահանջներ` շահերի բախման դեպքերի գրանցման, հայտարարման եւ լուծման վերաբերյալ: Համայնքային ծառայողների պաշտոնի անձնագրերում կամ աշխատանքային պայմանագրերում պետք է ներառվեն հստակ դրույթներ երկրորդ աշխատանքի, անհամատեղելի պաշտոնների կամ արտաքին աղբյուրներից եկամտի ստացման վերաբերյալ, նաեւ՝ ծառայության պայմանների խախտման դեպքում կիրառվող կարգապահական ընթացակարգը:

Այս բոլորի բացակայության պայմաններում անկարելի է օրինականություն պահանջել համայնքների ղեկավարներից կամ ընդհանրապես ՏԻՄ-երից, հատկապես, երբ նրանց մեծ մասի համար անընկալելի են էթիկայի նորմերը, շահերի բախում հասկացությունը, եւ օրենքները շրջանցելու գայթակղությանը չտրվելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter