HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արթուր Խաչատրյան. «Օգնություն ստացող «աղքատ ազգականից» մարզը վերածվել է ներդրումային գրավիչ տարածքի»

Ներդրումների համար անհեռանկարային տարածաշրջան, արագ բացվող ու նույն արագությամբ էլ փակվող բիզնես նախագծեր, մշտապես դժգոհող ու պահանջներ ներկայացնող բնակիչներ, աղքատության ու գործազրկության բարձր մակարդակ, երկրաշարժից հետո դեռեւս չհաղթահարած անօթեւանության խնդիր, արտագաղթ եւ այլն:

Սա Շիրակի մարզի անփոփոխ նկարագիրն է տարիներ շարունակ: 2017թ.-ի հունիսի 8-ից մարզի ղեկավարումը ստանձնած մարզպետ Արթուր Խաչատրյանի կարծիքով, վերջին երկու տարիներին սառույցը տեղից շարժվել է՝ մարզը պարուրած բացասական տրամադրությունները որոշակիորեն նահանջել են, կա դրական տեղաշարժ, որի արդյունքներն առավել հստակ կերեւան արդեն 2018թ.-ին:

«Երկու տարի առաջ, որ գործարարների հետ հանդիպում էր լինում, հարցնում էին՝ Շիրակի մարզին, Գյումրուն ինչո՞վ օգնենք: Տարիներ շարունակ մարզն ասոցացվել է տուժած կողմի հետ, ում պիտի օգնես ու վերաբերմունքն էլ այդպիսին է եղել: Էդ պիտակը, ցավոք սրտի, երկար ժամանակ հետապնդել է շիրակցուն: Բայց հիմա ահագին բան է փոխվել: Հիմա գալիս հարցնում են՝ ի՞նչ բիզնես կարող ենք դնել: Այսինքն, օգնություն ստացող թույլից կամաց-կամաց վերածվում ենք հավասար պարտնյորի, վերածվում ենք ներդրումային դաշտի, ռիսկի գործոնն էլ էն աստիճան վախեցնող չէ, ինչպես նախկինում՝ կա վստահություն, որ բիզնեսը կաշխատի ու կզարգանա,- ասում է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը,- տարածքն այլեւս չի դիտվում տուժած, խոցելի, դժբախտ: Հիմա եկողին հետաքրքրում է, թե ինքն ի՞նչ բիզնես կարող է դնի, ոչ թե ի՞նչ օգնություն բերի»:

Մարզպետի համոզմամբ, ինչ-որ բան փոխելու համար նախ պետք է մտածողությունը փոխել: Երկրաշարժի բացասական հետեւանքներն ու օգնություն ստացողի հոգեբանությունը երկար տարիներ խաթարել են մարդկանց մտածողությունը:

«Շատ դժվար է, երբ մարդը շարունակում է ապրել սովետի հոգեբանությամբ: Երկրաշարժը ոչ միայն մարդկանց կյանքեր խլեց, տներ ավիրեց, այլեւ քանդեց արդյունաբերությունը, որի հաշվին ապրում ու բարգավաճում էր Գյումրին ու մարզը: Եվ հիմա նստել, սպասել, որ էդ ամենը հետ կվերադառնա կամ հնարավոր կլինի վերականգնել նախկինը, ակնկալել, որ պիտի պետությունն ամեն ինչ անի մեզ համար, իսկ մենք մենակ ասենք՝ տու՛ր, տու՛ր, դա արդեն չի աշխատում: Մենք պետք է նախաձեռնենք եւ հասկանանք, թե պետությունն ինչպես կարող է աջակցել: Նույն Սիլիկոնային հովտում ծրագրերից տասից մեկն է հաջողում, բայց այդ հաջողվածն ամբողջ տնտեսությունը տանում է իր հետեւից: Հիմա մենք պետք է այնպես անենք, որ հենց էդ տիպի «տանող» ծրագրեր ներդնեք մարզում»,- նկատում է Արթուր Խաչատրյանը:

Որպես ասածի ապացույց, մարզպետը մատնացույց է անում տեղական տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող «Լենտեքս» ֆաբրիկան, որ ընդլայնվելու, զարգանալու մշտական քայլեր է անում:

Մարզում, անցած տարի, կարելի է ասել ծրագրերի ու գաղափարների «բում» եղավ: 2017թ.-ին 15 ներդրումային ծրագիր է ներկայացվել կառավարությանը, որոնցից ֆինանսավորվել են երկուսը: Ծրագրերից մեկի արժեքը 100 մլն դրամ է: Գյուղական համայնքներից տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացված 35 ծրագրերից հավանության են արժանացել 16-ը: 2017թ.-ից մեկնարկած «Կումայրի վերածնունդ»  ծրագիրը եւս դրական ազդեցություն է ունեցել՝ Գյումրու պատմական միջուկի վերականգնումը զբոսաշրջության զարգացման լավագույն նախադրյալներից մեկն է լինելու: Առաջիկայում մարզի երկրորդ քաղաքում նախատեսվում է հայ-չեխական ընկերության կողմից կարի գործարանի բացում:

Եվրոմիության կողմից 2017-2020թթ.-ին Հայաստանին տրամադրվելիք 176 մլն եվրոյի աջակցության զգալի մասը ուղղվելու է Շիրակի մարզ: Այս մասին Գյումրի կատարած այցի ժամանակ խոսեց եւ հաստատեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նախատեսված է գումարների մեծ մասն ուղղել գյուղական համայնքներ, մարզկենտրոնը եւս անմասն չի մնա: Ոչխարաբուծության զարգացման նպատակով 2018թ.-ին 1 մլն եվրո դրամաշնորհն ուղիղ կերպով հատկացվելու է Ամասիա խոշորացված համայնքին: Ծրագիրն իր մեջ ներառում է նաեւ բրդի մշակում եւ գորգագործության զարգացում:

«Մենք մտադիր ենք Ամասիայի տարածաշրջանում ստեղծելու նաեւ կերի կայուն բազա՝ ոչխարաբուծության ծրագրում դա փակում է շղթան,- մանրամասնում է Շիրակի մարզպետը,- մտածում ենք ինտենսիվ այգիների, ջերմոցային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ: Ծրագրեր կան` Արփի լճի տարածքում տուրիզմի զարգացմանն ուղղված: Ընդհանրապես փորձելու ենք ամբողջ մարզը գրավիչ դարձնել զբոսաշրջության առումով: Շիրակի մարզում կարող է զարգանալ և´ քաղաքային տուրիզմը, և´ գյուղական, և´ արկածային, և´ գաստրոնոմիական, և´ մշակութային: Այդ բոլոր ուղղություններով հիմա փորձում ենք ծրագրեր մշակել: Ուզում ենք օգտագործել մարզի ուժեղ կողմերը: Աշոցքում կամ Արփի լճի տարածքում ձմեռային սպորտաձեւերով զբաղվելու, հանգստանալու, ժամանակ անցկացնելու առումով կարելի է նույնչափ գրավիչ պայմաններ ստեղծել, ինչ, ասենք, Ծաղկաձորում: Դահուկասպորտի զարգացմանն ուղղված լուրջ քայլեր են արվելու: Փետրվարի սկզբին նախատեսվում է դահուկավազքի առաջնությունը կազմակերպել Աշոցքում՝ որպես սկիզբ: 2018թ.-ը Շիրակի մարզի համար լինելու է բեկումնային: Գրեթե բոլոր ոլորտներում ակնկալում ենք դրական տեղաշարժ»:

Մեկնաբանություններ (1)

ani
HEY , GREAT ,this Mr. Artur Khachatryan !! He has a realistic view of the things ! Yes, lots of Armenians are just sitting,smoking and complaining, instead of taking their destiny in own hands . Will, disciplin and strength of character are not armenian capabilities ,because children education is sooo bad and weak(like pagans!!) I just fear about these 176million euros : in whose pockets will they flow (again) ??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter