HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզպետի խորհրդականի սպանության գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործի նախաքննությունը, և գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Վահե Խալաթյանը 2017թ. դեկտեմբերի 29-ին գործն ընդունել է վարույթ:

Նշենք, որ Մանուկ Սիմոնյանի սպանության համար մեղադրվում է կինը՝ Ռ. Մկրտչյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ վերջինս, 1992թ. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել ամուսնու կողմից:

Հերթական անգամ՝ 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո Մանուկ Սիմոնյանը, չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո պառկելով մահճակալին՝ քնել է:

Ռ. Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով՝ կացինով սպանել նրան` տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար:

Նախաքննական մարմինը պարզել է, որ կինը, վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո տուն է կանչել որդուն` Ն. Սիմոնյանին, և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել է Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:

Ռ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter