HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևան-Հրազդան երթուղայինի ուղեվարձը թանկացել է

Հունվարի 4-ից Երևան-Հրազդան երթուղայինների սակագինը 100 դրամով թանկացել է։ Նախկին 400 դրամի փոխարեն ուղևորափոխադրման գինը դարձել է 500 դրամ։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց Ալինա Նիկողոսյանը` հունվարի 3-ին Երևանից Հրազդան է գնացել` վճարելով 400 դրամ, հաջորդ օրը հետ վերադառնալիս տեղեկացել է, որ ուղեվարձն արդեն դարձել է 500 դրամ։

Տրանսպորտիկապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանի փոխանցմամբ՝ ընկերության՝ երթուղին սպասարկելու պայմանագրով շահած գինը 500 դրամ է։ Այժմ սակագինը 400 դրամից 500 դրամ դարձնելով՝ ընկերությունը որևէ խախտում չի անում։ Խոսնակի հաղորդմամբ՝ նախարարությունը թանկացման վերաբերյալ այլ երթուղուց դեռևս հայտ չի ստացել։

Երևան-Հրազդան երթուղին սպասարկում է «Վիլ լայն»-ը։ Բացի այս ուղղությունից` ընկերությունը սպասարկում է նաև Հրազդան-Սոլակ, Հրազդան-Հանքավան ուղղությունները։

«Վիլ լայն» ընկերության տնօրեն Վիգեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում տրանսպորտի սակագնի թանկացումը պայմանավորեց դիզվառելիքի գնի թանկացմամբ։ Ասաց՝ չնայած դիզվառելիքը թանկացել է դեկտեմբերի 31-ին, սակագինը բարձրացրել են հունվարի 4-ին, որպեսզի տոնական օրերին քաղաքացիները կարողանան ազատ տեղաշարժվել։

«Ուրիշ կերպ հնարավոր չէ ուղղակի սպասարկել։ Անգամ այդ չորս օրը մենք, ի օգուտ ժողովրդի, չենք թանկացրել»,- նշեց նա։

Ընկերությունը միայն այս ուղղության սակագինն է բարձրացրել, քանի որ նրա պատճառաբանությամբ՝ Հրազդան-Սոլակ, Հրազդան-Հանքավան ուղղությունների գազելները շահագործվում են գազով, դրա գնի թանկացումը սակագնի շատ քիչ տարբերություն է տվել, այդ իսկ պատճառով վերոնշյալ ուղղությունների տրանսպորտի սակագնի բարձրացում չի եղել։

Երկու տարի առաջ Երևան-Հրազդան ուղղության սակագինը ընկերությունը 500 դրամից 400 դրամ դարձրեց՝ դիզվառելիքի գնի իջեցմամբ պայմանավորված։ Չնայած դիզվառելիքի սակագինը դրանից հետո բարձրացավ, սակայն ընկերության տնօրենի փոխացմամբ՝ ոչ էապես, որ սակագինը կրկին բարձրանար, իսկ այժմ դրա սակագինը, Մարկոսյանի հավաստմամբ, ազդել է իրենց գործունեության վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter