HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Շիա իսլամի դերն Իրանի պետականության վերածննդի գործում

Իրանի դեպքերի կապակցությամբ Հայաստանի մամուլում և սոցցանցերում բանավիճող կողմերը հիմնականում բաժանվել էին երկու մասի: Մի մասը ողջունում էր ապստամբներին և ցանկանում է, որ մեր հարևան երկրում հաստատվեն աշխարհիկ կարգեր, և իրանցիները ձեռք բերեն ազատություններ: Մյուս հատվածն այն կարծիքին էր, որ իրանցիների ազատության հարցն իրանցիների խնդիրն է, սակայն Հայաստանի համար խիստ վտանգավոր են այդ դեպքերը, որովհետև կրոնապետության տապալման դեպքում մեծ է Իրանի մասնատման վտանգը: Ըստ այդ տեսակետի՝ իսլամը միավորում է Իրանի բազմազգ բնակչությանը և աշխարհիկության հաղթանակի դեպքում երկրում սկիզբ կառնեն ազգայնական շարժումներ` մի կողմից պարսկական կայսերական շովինիզմը և մյուս կողմից` ազգային անջատողականները: Հասկանալի է, որ կրոնապետության պայմաններում Իրանի բոլոր ազգությունների էլիտաները կարող են անգամ ամենաբարձր դիրքերը զբաղեցնել, ինչը չի կարող լինել ազգայնական ուղի բռնած Իրանում: Իսլամում «ազգը» որոշվում է կրոնով, և այսօր Իրանի բարձր դիրքեր զբաղեցնող հոգևորականների շրջանում ադրբեջանական ծագում ունեցողները մեծամասնություն են: Պետք է նաև նշել, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանում հիմնականում քաղաքային բնակչություն կազմող էթնիկ պարսիկների քանակը 50%-ով նվազել է և գնալով ավելի է նվազում՝ ազգային փոքրամասնությունների ծնելիության բարձր տոկոսի պատճառով:

Իրանի ապագան իրանցիների որոշելիքն է, և մեր կարծիքը բացարձակապես որևէ ազդեցություն չի կարող ունենալ, սակայն բանավեճերը ցույց տվեցին, որ Հայաստանում շատ աղոտ պատկերացումներ կան Իրանի քաղաքական պատմության մասին, հաշվի առնելով այն, որ Իրանը հիմնարար դեր է կատարել հայերի պատմության ընթացքում, ստացվում է` այդ աղոտ պատկերացումները վերաբերում են նաև հայերի կամ Հայաստանի մասին պատմական գիտելիքներին: Հայաստանի դպրոցներում չի դասավանդվում քաղաքական պատմություն, իսկ «Հայ ժողովրդի պատմություն» առարկան տարբեր պատումների հավաքածու է, որը ոչ թե լուսաբանում, այլ աղավաղում է մեր և մեր հարևաների իրական պատմությունը:

Առանց իմանալու պատմական իրողություններն անհնար է ըմբռնել այսօրվա իրողությունները: Իրանի պատմության վերաբերյալ հայերի մոտ առկա մի շարք կարծրատիպերը, որոնք այս օրերին հաճախ էին հանդիպում սոցցանցերում ու մամուլում, կփորձենք ստորև «ջարդել»:  

Իրանը հազարամյակներ ի վեր ունեցել է պետականություն

633-ին (ըստ այլ աղբյուրների` 632-ին ) արաբները սկսեցին Պարսկաստանի նվաճումը, իսկ 636-ին Քադիսիի մոտ տեղի ունեցավ հիմնական ճակատամարտը, որտեղ արաբները տոնեցին հաղթանակ: Դա պատմական Պարսկաստանի՝ որպես միասնական պետության ավարտն էր: Այդ ժամանակվանից սկսած Պարսկաստանի պատմությունը կարելի է համեմատել Հայաստանի պատմության հետ, երբ որոշ նախարարներ փորձել են նվաճողներից այս կամ այն հաջողությամբ ինքնուրույնություն կորզել, սակայն միասնական պետություն, որը կարելի լիներ անվանել Պարսկաստան, մոտ 8 դար հետո է ստեղծվում: Պետք է նաև նշել, որ արաբները պարսիկներին կրոնափոխ էին անում դաժանագույն եղանակներով: Դրա պատճառն այն էր, որ ի տարբերություն քրիստոնյաների ու հրեաների, պարսիկներն համարվում էին հեթանոսներ, որոնք ըստ Ղուրանի, պետք է բռնի եղանակով կրոնափոխ արվեն: «Հեթանոսները» տեղ չունեն իսլամական քաղաքական համակարգերում: Հիշենք վերջին դեպքերը, թե ինչպես էին Սիրիայում իսլամիստ ծայրահեղականները վերաբերվում եզդիներին:

Դա նաև պատմական Իրանի քաղաքակրթության ավարտն էր, և ժամանակակից Իրանի քաղաքական վերածնունդը կարելի է հաշվել Սեֆյան հարստության հաստատումից սկսած` 16-րդ դարի սկիզբից: Իսկ մինչ այդ Պարսկաստանի տարածքը վերահսկում էին արաբները, մոնղոլները, թյուրքական տարբեր ցեղերը:

Այն պնդումը, որ Իրանը հազարամյակներ ի վեր, առանց ընդհատումների պետականություն է ունեցել, սխալ է:

Առանց շիա իսլամի Իրանը կարող էր պահպանել իր միասնականությունը

Պարսկաստանը՝ որպես միասնական պետություն կարողացել է վերածնվել շիա իսլամի շնորհիվ: Այս պնդումը հասկանալու համար պետք է իմանալ պետությունների ձևավորման գործում կրոնական ուղղությունների ունեցած դերը: Մինչև աշխարհիկ պետությունների հաստատումը իշխանության բանաձևերը տրվել են կրոնի միջոցով: «Իշխանոթյունն Աստծուց է» բանաձևը ունիվերսալ էր բոլոր տերությունների համար: Հիշեցնենք, որ առաջին աշխարհիկ երկիրը Ֆրանսիան էր, ու Ֆրանսիայում եկեղեցին պետությունից բաժանվել է ընդամենը 1905 թվականին: Սուվերեն պետություն հիմնելու համար անհրաժեշտ էր ունենալ մյուսներից տարբերվող կրոն, կամ գոնե կրոնական ուղղություն, որի ղեկավարը կճանաչի տվյալ երկրի իշխանությանը Աստծուց տրված սուվերենությունը: Այս օրենքը բոլորի համար ունիվերսալ է, բացի կաթոլիկ աշխարհից, որտեղ կրոնական իշխանությունը կենտրոնացած էր Հռոմի պապի ձեռքում, ով «թագեր» էր բաժանում սուվերեն տիրակալներին՝ պահպանելով հոգևոր իշխանությունն իր ձեռքում: Սուվերեն միապետություն հիմնելու համար չկար անհրաժեշտություն սեփական կրոնական դոկտրին ստեղծելու:

Նույն պրոցեսներն ընթանում էին իսլամական աշխարհում: Մինչև 11-րդ դարը Պարսկաստանի տարածքում զրադաշտականության միջոցով ինքնուրույն քաղաքական համակարգ ձևավորելու փորձերը ձախողվել են: Հատկապես հետաքրքիր է Իրանը գրաված մոնղոլական Հուլավուների հարստության (1217-1335 թթ.) կրոնական քաղաքականությունը: Նրանք խարխափում էին քրիստոնեության, բուդդիզմի, շիականության և սունիականության միջև, և յուրաքանչյուր իլխան ըստ պետական նպատակահարմարության՝ փոխում էր իր կրոնական պատկանելությունը, սակայն այդպես էլ կայուն քաղաքական համակարգ չկարողացան ձևավորել:

Հետաքրքրական է, որ 11-րդ դարի հռչակավոր պարսիկ մտածող Ալ-Բիրունու տեղեկություններով՝ այդ ժամանակ պարսիկների մեծամասնությունը քրիստոնյա նեստորական էր:

Կոնստանդնապոլսի, իսկ հետո մուսուլմանների համար սուրբ Մեքքա ու Մեդինա քաղաքների գրավումից հետո Օսմանյան կայսրության սուլթաններն իրենց հայտարարեցին նաև խալիֆներ, ու բոլոր ուղղահավատ մուսուլմանները պետք է ճանաչեին և ենթարկվեին հոգևոր ու աշխարհիկ իշխանությունը միավորած սուլթան-խալիֆին: Պարսկաստանը կարող էր միավորվել որպես սուվերեն երկիր միայն մեկ այլ, սունիների համար «սխալ» կրոնական ուղղություն դավանելու դեպքում, ինչը նրանց կազատեր Օսմանյան խալիֆների գերիշխանությունը ընդունելու ու Օսմանյան կայսրությանը այս կամ այն կերպ ենթարկվելու պարտականությունից: Դա հաջողվեց անել միայն Սեֆյան հարստության առաջին տիրակալ Իսմայիլին (1501-1524), ով, վերականգնելով պատմական Իրանի ավանդույթները, իրեն կոչեց շահնշահ: Այդ ժամանակվանից սկսած Օսմանյան կայսրությունում շիականների դաժանագույն կոտորածներ ու տեղահանություններ են սկսվում, իսկ Պարսկաստանում` սունիների:

Պարսկաստանը կարողացել է վերածնել իր պետականությունը ու դիմակայել օսմանցիներին միմիայն շիա իսլամի միջոցով: Հետաքրքրական է, որ այդ ժամանակներում Արևելյան Թուրքիայի բնակչության մեծամասնությունը շիա էր, իսկ Իրանի բնակչության մեծամասնությունը` սունի: Իրավիճակը հակառակն է դառնում Սեֆյաններից հետո:

Իրանը կարող է դառնալ աշխարհիկ երկիր

Իրանի վերջին շահը հակակղերական քաղաքականություն էր վարում և փորձում էր Իրանը դարձնել աշխարհիկ երկիր: Պարսկական ազգայնականությունն ակտիվացրել էր ադրբեջանական, քրդական և Իրանի մյուս ժողովուրդների ազգայնական շարժումները: Միայն 1979 թվականի իսլամական հեղափոխությունը կարողացավ «լուծել» ազգային հարցը: Ավելին, Իրանը, լինելով շիականների առանցքային երկիրը, այսօր կարողանում է Մերձավոր Արևելքի գլխավոր քաղաքական սուբյեկտներից մեկը դառնալ և իր դերն ապահովել աշխարհաքաղաքական խճանկարում:

Ամենահետաքրքիրն այն է, որ հենց պարսիկներն են Մերձավոր Արևելքի ամենաաշխարհիկ ժողովուրդը և ձգտում են աշխարհիկ կարգերի, իսկ հոգևորականների մեջ ամենաառանցքային դերակատարները ադրբեջանական ծագում ունեցողներն են:

Մերձավոր Արևելքի աշխարհիկ ռեժիմների (Սիրիա, Իրաք) փլուզումից և Թուրքիայում իսլամի դիրքերի ուժեղացումից հետո դժվար է պատկերացնել Իրանի աշխարհիկության գործընթացը: Իսլամական աշխարհում աշխարհիկության քաղաքական գաղափարախոսություններն այսօր պարտվել են: Քաղաքական դիսկուրսն այսօր ընթանում է իսլամիզմի տիրույթում:

Մեզ համար կարևոր է իմանալ, որ Իրանի պատմական մրցակիցը եղել ու այսօր էլ կա Թուրքիան, և այդ մրցակցության գաղափարական դերը իսլամի տարբեր ճյուղերի պատկանելությունն է: Ու այդ մրցակցության հետևանքով է Իրանն իր բարիդրացիական քաղաքականությունը կառուցում Հայաստանի հետ:

լուսանկարը՝ Nima Najafzadeh/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter