HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան-Իրան. առևտրի, ներդրումների ու ժամանումների միտումները 2017-ին

Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը 2017 թվականին աճել է, առավելապես՝ Իրանից ներմուծման ծավալների ավելացման շնորհիվ։ Էական փոփոխություններ չեն նկատվում առևտրի ապրանքախմբերի կազմում։ Այս առևտրում շարունակում է առանցքային դեր խաղալ գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը, որի շրջանակներում էլ Հայաստանից Իրան արտահանման գլխավոր ապրանքը մնում է էլեկտրաէներգիան։

Իրանի հետ առևտրային հարաբերություններում Հայաստանն ավելի շատ ներմուծողի դերում է։ 2017 թվականի տվյալներով (հունվար-նոյեմբեր)՝ Իրանը Հայաստանի վեցերորդ առևտրային գործընկերն է։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4.1%-ը բաժին է ընկել Իրանի հետ առևտրին։

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների (ՀՀ ԱՎԾ)՝ Հայաստանի և Իրանի միջև ապրանքների առևտրաշրջանառությունը 2017 թվականի առաջին 11 ամիսներին կազմել է մոտ 237 մլն ԱՄՆ դոլար։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշը 7.8%-ով աճել է։

Մասնավորապես, 2017-ի հունվար-նոյեմբերին Հայաստանից Իրան արտահանումը կազմել է մոտ 74 մլն դոլար, աճը՝ 4.4%։ Հայաստանի արտահանման կազմում Իրանի կշիռը 3.7% է։

Նույն ընթացքում Իրանից Հայաստան է ներմուծվել ավելի քան 163 մլն դոլարի ապրանք, աճը՝ 9.4%: Իսկ ներմուծման կազմում Իրանի կշիռը 4.3%  է։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Հիշեցնենք, որ 2016 թվականը Իրան-Հայաստան առևտրաշրջանառության համար անկումային տարի էր։ Իսկ 2017-ին, թեև աճ է արձանագրվել, սակայն առևտրի 11 ամիսների տվյալներից կարելի է ենթադրել, որ տարեկան ցուցանիշը դեռևս կզիջի 2015-ի մակարդակը։

Հայաստանն Իրան արտահանում է հիմնականում էլեկտրաէներգիա։ Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն 2017 թվականի առաջին կիսամյակում (տարեկան տվյալները դեռևս հրապարակված չեն) մեր երկրից Իրան է արտահանվել մոտ 30.5 մլն դոլարի ապրանք, որի 82%-ը հենց էլեկտրաէներգիան է։

Ընդ որում՝ արտահանված էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանն Իրանից ստանում է ոչ թե փող, այլ գազ։ Ըստ երկու երկրների միջև պայմանավորվածության՝ գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը կատարվում է 1:3 հարաբերակցությամբ: Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց Հայաստանը տալիս է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Մեր հաշվարկներով՝ ամեն տարի Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 15-20%-ն արտահանվում է Իրան։

Էլեկտրաէներգիայից բացի, Հայաստանից սահմանափակ թվով ապրանքներ են արտահանվում Իրան։ Նրանց կազմում ամենախոշոր ապրանքախմբերից է ոչխարի կամ այծի միսը։ 2017-ին ավելացել է խոշոր եղջերավոր անասունների արտահանումը։

Ավելի բազմազան է Իրանից ներմուծումը՝ ավելի քան 300 ապրանքախումբ։ Նրանց շարքում էլ գերակշռում է գազը, որի տեսակարար կշիռը Իրանից Հայաստան ներմուծման կազմում 30-40% է։ Ներմուծում ենք նաև նավթամթերք, երկաթահամահալվածք, պարարտանյութեր, ապակի և այլն։

Իրանն Հայաստանի ներդրումային գլխավոր գործընկերների շարքում չէ

Իրանը Հայաստանում ներդրումներ կատարող երկրների շարքում առաջատարներից չէ։ Օրինակ՝ ինչպես հաշվարկում ենք ԱՎԾ տվյալներով, 2017 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստանում ներդրումների ներհոսքը կազմել է 743  մլրդ դրամ, որից մոտ 228 մլրդ դրամը ուղղակի ներդրումներն են։ Այս թվում Իրանից կատարվող ներդրումները կազմել են ընդամենը մոտ 117 մլն դրամ, ընդ որում՝ ուղղակի ներդրումների տեսքով։ Այսինքն՝ Հայաստանում կատարվող ներդրումների կազմում Իրանի կշիռը 0.01%  է։

Եթե համեմատում ենք 2016 թվականի նույն ժամանակաշրջանի հետ, ապա Իրանից Հայաստանում կատավող  ներդրումների հոսքերը նվազել են 122 մլն դրամով, իսկ միայն ուղղակի ներդրումներն աճել են մոտ 90 մլն դրամով։

Իրանից Հայաստան ժամանումները ավելացել են, սակայն զբոսաշրջիկների թիվը չի հստակեցվում

Վերջին տարիներին Հայաստանի  սահմանային անցման կետերով իրանցիների ժամանումների թիվը Հայաստան աճել է։ Սակայն նրանցից ոչ բոլորն են համարվում զբոսաշրջիկ։ Հիշեցնենք, որ զբոսաշրջիկ է համարվում երկիր այցելած այն անձը, որը տվյալ երկրում մնում է ոչ պակաս, քան 24 ժամ։ Հակառակ պարագայում նա համարվում է այցելու։

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)` միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:  

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում վիճակագրական կոպիտ բացթողումներից մեկն այն է, որ չի հաշվարկվում, թե Հայաստան այցելած զբոսաշրջիկները որ երկրներից են։ Թեև տրվում է երկիր եկած զբոսաշրջիկների ընդհանուր ցուցանիշ, սակայն այդ թիվը չի տարանջատվում՝ ըստ երկրների։ Այսինքն՝ առայժմ չենք կարող պարզել, թե Իրանից Հայաստան այցելած անձանց որ մասն են զբոսաշրջիկներ և արդյոք այդ երկրից եկած զբոսաշրջիկների թիվն աճե՞լ է, թե` նվազել։

Զբոսաշրջության պետական կոմիտեից (Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) «Հետք»-ի հարցմանը պատասխանեցին, որ զբոսաշրջության վիճակագրությունը վարում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ծրագրված է առաջիկայում զբոսաշրջիկների թիվը հաշվարկել նաև՝ ըստ երկրների, թե երբ՝ հայտնի չէ։

Կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի սահմանային անցման կետերով 2017-ի հունվար-սեպտեմբերին Իրանից Հայաստան ժամանումների թիվը կազմել է 180 620։

Ըստ Զբոսաշրջության պետական կոմիտերի տվյալների

Իրանցիների հոսքը Հայաստան առավել տեսանելի է դառնում հատկապես իրանական Ամանորի՝ Նովրուզի օրերին, երբ իրանցիների մի մասը նախընտրում է տոները նշել Հայաստանում։ Սովորաբար այդ օրերին նրանք մեծ քանակությամբ արտարժույթ են ծախսում Հայաստանում, ինչի հետևանքով դրամը դոլարի նկատմամբ մի քանի օրով արժևորվում է։ Սակայն 2017 թվականին դրամը նման վարքագիծ չդրսևորեց Նովրուզի օրերին, ինչը կարող է նշանակել, որ իրանցիներն ավելի քիչ են ծախսել Հայաստանում, քան նախորդ տարիներին։

լուսանկարը՝ Aravot.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter