ՈՒրբաթ, 19 հունվարի

ԱԳՆ. Ռուբեն Թաթուլյանը եղել է Էդվարդ Նալբանդյանի արտահաստիքային խորհրդականը



Ինչպես այսօր հայտնել էինք, բլոգեր Ալեքսանդր Վալովին տված հարցազրույցում ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է: Թաթուլյանի հայտարարության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար գրավոր հարցում էինք ուղարկել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն:

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով մեր հարցմանը, ընդամենը նշել է, որ «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, և այժմ նա այդ կարգավիճակը չունի»։

2017 թվականի մայիս ամսին, երբ Ռուբեն Թաթուլյանը Չեխիայում ձերբակալվել էր, նրա մոտ հայտնաբերվել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր: Այդ ժամանակ ԱԳՆ-ն լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ գործարարն անձնագիրը ստացել է օրենքով սահմանված կարգով, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ հիմքերով:

ՀՀ դիվանագիտական անձնագիր ստանալու կոնկրետ հիմքերի վերաբերյալ այսօր մեր գրավոր հարցմամբ կրկին խնդրել էինք տեղեկություն տրամադրել, սակայն ԱԳՆ-ն այդ հարցը անպատասխան է թողել:

Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Ռոբսոն մականունով հայտնի գործարարի դեմ: Թաթուլյանը մեղադրվում էր «օրենքով գողերին» նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ: Վերջինս իր այսօրվա հարցազրույցում հերքել է այդ փաստը՝ ընդգծելով, որ իրեն չեն հետաքրքրում ԱՄՆ-ի պատժամիջոցները:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. ՀՀ քաղաքացի09:01 - 10 հունվարի, 2018
Հաստիքային է, կամ արտահաստիքային է (կամ արդեն՝ էր) դա բոլորովին կարեւոր չէ այս դեպքում: Հարցի էությունը միանգամայն այլ է՝ ինչու է ՀՀ - ն պետական մակարդակով համագործակցում այս կարգի մեծաշնորհ անձանց հետ? Կարծում եմ նախարարը ուղղակի պարտավոր է հստակ լուսաբանելու այս փաստը, հակառակ պարագայում պիտի հրաժարականը ներկայացնի:
2. Վարազ Սյունի (Ամստերդամ)21:00 - 10 հունվարի, 2018
Համաձայն են կոմենտ 1-ի հետ: Ռուսական/Կրեմլի «տանիքի» տակ հարստացած այս և նման (կասկածելի վարքով) հայերի ՔԱՂԱՔԱԿԱՆ հայտարարությունները բավականին լուրջ կերպով վնասում են Հայաստանի իմիջին՝ ողջ Արևմուտքում: Այս մարդը ռուսական հեռուստատեսությամբ հարցազրույց է տալիս,ներկայանում որպես Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական ու ասում.«ԱՄՆ ֆինանսների նախարարը դեբիլ է: Ես նույնսիկ չեմ ցանկանում այդ երկիրը տեսնել քարտեզի վրա»: ՀՀ իշխանությունները արդյո՞ք հասկանում են, որ նման մարդիկ վտանգում են ՀՀ-ի և Արցախի ազգային անվտանգությունը: Որտե՞ղ է ՀՀ ԱԳ Նախարարության հայտարարությունը: Որտե՞ղ են իրավապահ մարմինները: ԱՄՆ-ն եթե չլիներ,այդ 7 շրջանները Կրեմլը վաղուց Ադրբեջանին նվիրած կլիներ: Ապրիլյան քառօրյան բա ձեր աչքերը չբացե՞ց:
3. Վարազ Սյունի (Ամստերդամ)21:16 - 10 հունվարի, 2018
Դե իսկ Հայաստանի ԱԳ Նախարարությունը կարծես Ռուսաստանի ԱԳ Նախարարութան հայաստանյան ֆիլիալը լինի: Սա առավել հստակ երևաց դեռևս Քեսաբի դեպքերի ժամանակ:.................... Դուք մի հատ տեսեք, թե Նիդերլանդներում Թուրքիայի դեսպանը ինչ ակտիվ աշխատանք է տանում.մարդ զարմանում է: Իսկ Հայաստանի դեսպանը կարծես գոյություն չունենա. տարին 1-2 անգամ հայկական (կիսագործող) 1-2 ակումբում 1-2 ժապավեն ու տորթ է կտրում ու ապրիլի 24-ին եկեղեցու բակում ծաղկեպսակ դնում: Այ տիկին, բա դուք դրա՞ համար եք հասել Հաագա՝ որպես Հայաստանի դեսպան:
4. Անլրջության վերջն է23:24 - 10 հունվարի, 2018
Հիմա հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը եղել է՞, թէ՞ է: Դրանց մեջ սարի ու ձորի տարբերությունններ կան: Անլրջության վերջն է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ