Երեքշաբթի, 23 հունվարի

25-ամյա տղան հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ երգչուհի Սոնա Ռուբենյանի սոցիալական էջերին տիրանալու մեղադրանքով



Սոցիալական կայքեր կոտրելը, մարդկանց անձնական տվյալներին տիրանալը կարծես թե սովորական երևույթ է դարձել, և ոչ բոլորն են պատրաստ իրենց իրավունքները պաշտպանելու հարցով դիմել իրավապահ մարմիններին:

Էջմիածին քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016թ. հուլիսի 11-ին էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառի փոփոխման համար նախատեսված գաղտնի հարցի պատասխանը կռահելով, ապօրինի հասանելիություն է ստացել երգչուհի Սոնա Ռուբենյանին պատկանող «….@mail.ru» անվամբ էլեկտրոնային փոստարկղին և, գաղտնաբառը փոփոխելով, տիրացել դրան` Սոնա Ռուբենյանին զրկելով իր էլեկտրոնային փոստարկղն օգտագործելու հնարավորությունից:

Ըստ մեղադրանքի, այնուհետև նույն էլեկտրոնային փոստարկղի օգտագործմամբ ապօրինի հասանելիություն է ստացել նաև Սոնա Ռուբենյանին պատկանող, էլեկտրոնային փոստարկղի հետ փոխկապակցված` «facebook.com» և «instagram» համացանցային կայքերի «Sona Rubenyan» անվամբ անհատական էջերին:

Հայկը, փոփոխելով էջերի գաղտնաբառերը, տիրացել է դրանց` Սոնա Ռուբենյանին զրկելով իրեն պատկանող անհատական էջերն օգտագործելու հնարավորությունից:

Հայկին մեղադրանք է առաջադրվել  քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ «համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը»:

Հայկի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ