HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետի դերը Սփյուռք-Հայաստան հարաբերություններում

«Diaspora» հանդեսի խմբագիր Խաչիկ Թոլոլյանի հարցերին պատասխանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» ՀԿ նախագահ Հրաչ Բայադյանը 

Հաճախ ասվում է, որ արդեն սովետական օրերին Հայաստանում կուտակվել էր տեխնիկական եւ մարդկային բարձր «կապիտալ» համակարգչային մարզում, որ ցրվեց 1988-1998թթ. շրջանում աշխատունակ մարդկանց արտագաղթի պատճառով։ Խտացված ձեւով կարո՞ղ եք նկարագրել ու գնահատել Հայաստանում նվաճված որակը, թե հարդվերի թե սոֆթվերի մարզերի մեջ, ասենք 1988-ին, ապա նաեւ գնահատել ներկայի մնացած տեխնիկական եւ մարդկային կապիտալը, կամ ստեղծված նորը։ 

Խորհրդային տարիներին Հայաստանն ուներ գիտական, տեխնիկական եւ մտավորական ընդգծված կարողություն։ Սա կասկածից վեր է եւ մասնավորապես վերաբերում է համակարգիչների նախագծման եւ արտադրության մարզին։ Որեւէ կերպ գնահատելու համար այդ կարողությունը, ինչպես նաեւ դրա մերօրյա նշանակությունը, մենք պետք է փորձենք հասկանալ թե՝ 

 ա) ի՞նչ էր Հայաստանի կարողությունը ընդհանուր խորհրդային գիտության, տեխնոլոգիայի մշակման եւ արդյունաբերության մեջ,

 բ) ինչպե՞ս է գնահատվում այն ժամանակի խորհրդային կարողությունը ընդհանուր համաշխարհային զարգացումների համեմատությամբ,

 գ) ի՞նչ մնաց այդ կարողությունից, ի՞նչ ժառանգվեց եւ ի՞նչ արժե այսօր այդ ժառանգությունը կամ դրա զարգացումը (տեխնիկական, գիտական, մարդկային եւ այլ)։ 

 Պատասխանելով, առաջին հերթին հարկ է ընդգծել, որ Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը ԽՄ-ի ռազմաարդյունաբերության համալիրի մի մասն էր՝ խիստ գաղտնիության շղարշով ծածկված, եւ այսօր էլ այդ կենտրոնի գործունեության շատ մանրամասներ մնում են չպարզաբանված։ Այդուհանդերձ, իմ տպավորությամբ, որ հիմնվում է մասնավորապես խորհրրդային եւ արեւմտյան փորձագետների գնահատականների վրա, Երեւանը, արդյունաբերական առումով ունենալով զգալի կշիռ, չէր ընկալվում որպես նորարարական կենտրոն ԽՄ-ի գիտական-նորարարական խոշոր կենտրոնների՝ Մոսկվային եւ Նովոսիբիրսկի համեմատությամբ։ Մեծապես վստահելի եւ հիմնավոր եմ համարում Մ. Կաստելսի գնահատականները, որը դաշտային աշխատանքներ է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մշակման եւ արտադրության տարբեր կենտրոններում թե՛ խորհրդային, թե՛ ետխորհրդային տարիներին, բայց իր հետազոտության մեջ Հայաստանի անունը չի հիշատակում առհասարակ։ Այնինչ մերձմոսկովյան Զելինոգրադի մասին խոսում է որպես խորհրդային Սիլիկոն վալիի։ Այստեղ հարկ է պարզապես ընդգծել (առանց հավելյալ պարզաբանումների), որ երբեմն-երբեմն հնչող «Հայաստանը ԽՄ-ի Սիլիկոն վալին էր» պնդումը ոչ թե պարզապես մարքեթինգային չափազանցություն է, այլեւ ակնհայտ թյուրըմբռնում։ 

 Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ համաշխարհային զարգացման համեմատությամբ խորհրդային կարողության գնահատականին, ապա այստեղ նույնպես կհետեւեմ Մ. Կաստելսի վերլուծությանը։ Ըստ նրա «Համաձայն բոլոր ցուցանիշների, ԽՄ-ը բաց թողեց տեղեկատվական տեխնոլոգիայի հեղափոխությունը, որը ձեւավորվեց աշխարհում 1970-ականների կեսին»։ Արդեն 1990 թվականին Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի Նովոսիբիրսկի մասնաճյուղի մշակումները մոտ 20 տարով ետ էին մնում ամերիկյան կամ ճապոնական համակարգչային արդյունաբերությունից։ Նախնական փուլում սկսելով ամերիկյան տեխնոլոգիայի պատճենումից, ճապոնական ֆիրմաները, իսկ ավելի ուշ՝ մի շարք ասիական երկրներ, մեկ-երկու տասնամյակում հասան ամերիկյան արտադրանքի հետ մրցունակության, մինչդեռ ԽՄ-ի փորձը ձախողվեց։ Եւ սա՝ հակառակ այն վիթխարի պաշարների, որ ԽՄ-ը նվիրում էր գիտությանը, հետազոտությանն ու մշակումներին, հակառակ բնակչության կրթական բարձր մակարդակին եւ այլ առավելությունների։ Պատճառների թվում Կաստելսը նշում է, մասնավորապես, որ խորհրդային իշխանությունը իր բուն էությամբ մերժում էր հասարակական համակարգի մեջ ՏՏ-ի տարածման հնարավորությունը (խորհրդային բյուրոկրատիայի համար քայքայիչ էր անգամ «անձնական համակարգչի» գաղափարը), իսկ սա անհնարին էր դարձնում «տեղեկատվական տեխնոլոգիայի պարադիգմի համար բնութագրական սպոնտան նորարարության ընթացքը, որը կատարվում էր շնորհիվ այս տեխնոլոգիաների տարաբնույթ գործածությունների եւ ցանցային փոխազդեցության»։ 

Բնականաբար, այս գնահատականը վերաբերում է նաեւ Հայաստանի կարողություններին։ 

 Վերջապես, այն մասին, թե ինչ է մնացել այդ կարողություններից, փոխանցվել կամ զարգացվել։ Նախկին կայսրության ռազմական հզորության հետ առնչվածությունն է, թերեւս, պատճառներից մեկը, որ այդ ժառանգությունը այդպես անքննադատ է ընդունվում եւ ավելին՝ միֆականացվում է։ Կործանված կայսրությունից մնացած ժառանգության այսպիսի անվերապահ վերաարժեւորումը առնվազն տարօրինակ պետք է թվա, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հենց տեղեկատվական հեղափոխության մարտահրավերը ընդունելու, դեպի տեղեկատվական հասարակություն փոխակերպվելու անկարողությունն էր ԽՄ-ի փլուզման հիմնական պատճառներից մեկը (Մ. Կաստելս)։ Բնավ չմերժելով համակարգչային նախագծման եւ արտադրության ոլորտում Հայաստանի կարողությունները, ես ցանկանում եմ ընդգծել հատկապես այդ կարողությունը ներկա իրադրության տեսանկյունից սթափորեն գնահատելու անընդունակությունը, երբ ՏՏ-ի ասպարեզում Հայաստանի ժառանգած կարողություններն անջատվում են դրանց պատմական համատեքստից եւ ընկալվում միայն դրական նշանակությամբ։ Այնինչ, հայաստանյան ներկա ըմբռնումի մեջ ՏՏ-ի սոցիալական-մշակութային նշանակության անտեսվածությունն է, իմ կարծիքով, կազմում այն ժառանգության առավել ցայտուն եւ անցանկալի կողմը, որ ժառանգել ենք խորհրդային ժամանակից։ 

 Ամեն պարագայի, վերջին տարիներին նկատվում է ՏՏ-ի (գրեթե բացառապես սովթվերի) արդյունաբերության աշխուժացում այլ ձեւերի մեջ եւ այլ հավակնություներով։ Ասպարեզում գործում են մի քանի տասնյակ մասնավոր ձեռնարկություններ (մեծ մասը՝ ամերիկյան ֆիրմաների մասնաճյուղեր են), որոնց հեռանկարի մասին իրենք՝ ձեռներեցները խոսում են ոգեւորությամբ։ Իհարկե, էապես ընկել է ասպարեզի գիտական-հետազոտական մակարդակը (երկրում գիտական հետազոտությունների ծավալի, մակարդակի եւ արդիականության ընդհանուր անկման պայմաններում), ավելի շատ կիրառական ծրագրավորման աշխատանքներ են կատարվում, իսկ գիտական ուսումնասիրությունները շատ ավելի քիչ են եւ եղածն էլ առավելապես դրամաշնորհների միջոցով իրականացվող արտասահմանյան պատվերներ են։ 

Ինչ որ մնացել է, ո՞նց է գործում անկախ մարզի մեջ, իբրեւ բիզնես եւ մանավանդ, ո՞նց է գործում եւ օգտագործվում պետության եւ պետական ուսումնական, ապա նաեւ տեխնիկական կառույցների կողմից, ի՞նչ լավ ու տկար ձեւերով, լինի տեխնիկական, լինի տենտեսական կառույցների կողմից։ 

Այն ինչ հիմա գործում է որպես արդյունաբերության՝ հատկապես վերջին մի քանի տարիներին ձեւավորված ինքնուրույն ճյուղ, որոշակիորեն շարունակությունն է ավանդության եւ կարողությունների, այն ընդհանուր միջավայրի, որ կար խորհրդային տարիներին։ Շոշափելի է սփյուռքի՝ ՏՏ-ի ոլորտի ձեռներեցների հետ համագործակցությունը։ Խոսվում է հետագա զարգացման եւ ընդարձակման, արտահանման ծավալի աճի եւ նոր աշխատատեղերի մասին։ 

Այսպիսով ուրվագծվող առաջընթացը կարելի է ձեւակերպել «արտահանման ծավալի աճի» կամ «նոր աշխատատեղերի» լեզվով։ Սակայն կա իրադրության մյուս կողմը. երկրի կարողությունների կենտրոնացում արտահանման արտադրության վրա ի հաշիվ ներքին շուկայի ձեւավորման եւ զարգացման, ՏՏի արդյունաբերության եւ երկրի տնտեսության այլ, անգամ առաջատար համարվող ճյուղերի միջեւ կապի բացակայությունը, ՏՏի տարածման եւ արմատացման առումով երկրի սոցիալական եւ մշակութային կարիքների անտեսումը։ Կրթական համակարգի արդիականացման ծրագրերի բացակայության պայմաններում այս համակարգի դերը խիստ պարզունակացված է՝ տարեկան այսքան ծրագրավորող, իսկ վաղը գուցե նրանց ավելանան նաեւ որոշ քանակությամբ մենեջերներ… Դպրոցներում եւ համալսարաններում ՏՏի ներդրման եւ օգտագործման պետական պատշաճ ծրագրեր չկան։ Ուսումնական ծրագրերը, դասախոսական կազմը, դասագրքերը եւ այլ բաներ անհուսալիորեն հին են ոչ միայն այն ֆակուլտետներում, ուր պատրաստվում են ծրագրավորողներ… 

Ընդհանուր առմամբ, ՏՏ-ի զարգացման հեռանկարը Հայաստանում զետեղված է ավանդական արդյունաբերական, այլ ոչ թե տեղեկատվական պարադիգմի մեջ։ Ուստի, իմ կարծիքով, սա այն դեպքն է, երբ մարտավարական հաջողությունները (եթե իսկապես կան) ձեռք են բերվում ռազմավարական նպատակը տանուլ տալու գնով։ 

Ի՞նչ է ձեր կարծիքով տեղեկատվական կամ թվանշային տեխնոլոգիաների սահմանված դերը Հայաստանի պետության մեջ, նրա տնտեսական, պետական գործունեության ու մանավանդ մշակույթի զարգացման մեջ։ 

Արդեն երեք տարուց ավել է, որ ՏՏ-ի արդյունաբերությունը Հայաստանի կառավարության կողմից հայտարարվել է տնտեսության գերակա ճյուղ եւ իշխանության հատուկ հոգածության առարկա։ Վերջերս շատ է խոսվում այս ասպարեզում Հայաստանի՝ տարածաշրջանային առաջատարության մասին (նկատի ունեն այսպես կոչված Հարավային Կովկասը)։ Ձեւակերպվում են մեծ հեռանկարներ, համարելով այս ճյուղի զարգացումը լավագույն գրավական՝ հաղթահարելու տնտեսական եւ սոցիալական դժվարությունները, երկրաքաղաքական եւ աշխարահագրական սահմանափակությունների, ինչպես նաեւ բնական պաշարների բացակայության պայմաններում։ Թեեւ այս ամենի մեջ ակներեւ է իշխանության ձգտումը՝ ծառայեցնելու արդիական եւ հրատապ նյութը այսրոպեական քաղաքական նպատակներին, այդուհանդերձ, կարելի է նույնիսկ ասել, որ (տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները) ՏՀՏ-ը սկսում են ներկայացվել եւ ընկալվել որպես հայոց ինքնաիդենտիֆիկացման նորահայտ նշան։ Բայց որքանո՞վ լուրջ եւ հիմնավորված է այս հավակնությունը, եթե նույնիսկ ընդունենք, որ մշակութային ինքնության ետխորհդային ճգնաժամը մղում է նման որոնումների… 

 Ակնհայտ է, որ ՏՀՏ-ի նկատմամբ մոտեցումները սահմանափակվում են դրանց գործածության մասին խիստ պրակտիկ եւ ֆունկցիոնալ պատկերացումներով, որոնք չեն օժանդակվում այնպիսի գիտելիքներով եւ հմտություններով, որոնք կօգնեին քննադատորեն մտածելու տեխնոլոգիայի մշակութային եւ սոցիալական նշանակությունների մասին, հենց մշակութային ինքնության համար վտանգերի եւ տարատեսակ անցանկալի հետեւանքների մասին։ 

 Մյուս կողմից՝ Համաշխարհային բանկը եւ այլ միջազգային կազմակերպություններ լուրջ դերակատարներ են դառնում Հայաստանում ՏՀՏ-ի զարգացման գործում՝ բնականաբար հետապնդելով սեփական նպատակները։ Չկան անդրազգային կապիտալի մուտքը կարգավորող, շուկայի ազատականացումը բանական սահմանների մեջ պահելու կոչված քաղաքականություններ։ Հայաստանի իշխանությունների խիստ մակերեսային պատկերացումները, կառավարման կառույցներում փորձագիտական պատշաճ կարողությունների բացակայությունը եւ այլ հանգամանքներ լուրջ քաղաքականություններ եւ ռազմավարական ծրագրեր մշակելու եւ այդպես՝ առաջիկա տարիներին վճռական շրջադարձ կատարելու ոչ մի հնարավորություն չեն տալիս։ Վերջապես՝ թե՛ ի սեր որոշակի նպատակի ներքին հասարակական «համակվածություն» ձեւավորելու, թե՛ արտաքին ճնշումները դիմագրավելու համար անհրաժեշտ քաղաքական կամքն ու հետեւողականությունը թվում են աներեւակայելի հատկապես ներկա՝ իշխանությունների աննախադեպորեն սասանված լեգիտիմության պայմաններում։ 

 Ես առիթ եմ ունեցել 2001թ. ապրիլին ներկա լինելու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) կազմակերպված մի քննարկման, ուր ամերիկահայ մի մեծահարուստ գործարար ներկայացնում էր Սփյուռքում մշակված՝ Հայաստանում ՏՏ-ի զարգացման մի ծրագիր։ Այս ծրագրում տարօրինակ մի դերաբաշխում էր արված. հիմնական դերակատարների ցանկը գլխավորում էր «Սփյուռք»-ը, իսկ Հայաստանի կառավարությունը վերջին տեղում էր։ Բնականաբար, բոլորովին մոռացված էր (ինչպես եւ հայաստանյան ծրագրերում) բուն դերակատարը՝ հասարակությունը։ Միմյանցից խիստ տարբեր հայաստանյան եւ սփյուռքյան մոտեցումները, ինչպես տեսնում ենք, մերձենում են իրենց ամենաթույլ կետերում… 

 Տեղին է ընդգծել, որ պատշաճ ուսումնասիրություններ չեն արվել ոչ երկրի իրական կարողությունների եւ կարիքների տարբեր ասպակտները, ոչ էլ նոր տեխնոլոգիաների օգտագործման եղանակներն ու արդյունավետությունը գնահատելու նպատակով։ Ուստի շատ դժվար է խոսել մշակութային հեռանկարի մասին։ Բնութագրական մի հանգամանք, որը վերաբերում է նաեւ նախորդ հարցին։ Հաճախ կարելի է լսել, թե Ինտերնետի՝ ԱրմենՏելի մենաշնորհի պատճառով հաստատված բարձր գները խոչընդոտում են Հայաստանում ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը, բայց երբեք չեք լսի, որ ՏՏ-ի ոլորտի հարաճուն կողմնորոշումը դեպի արտահանում մեծապես պակասեցնում է այն ուժերը, որոնք պետք է ծառայեն հայերեն լեզվով կրթական ծրագրեր (սովթվեր), տեղական նշանակություն ունեցող ծառայություններ մշակելուն, Ոստում հայերեն լեզվով բովանդակություն ստեղծելու, պահպանելու եւ վերստանալու արդյունավետությունը բարձրացնելուն եւ տեխնոլոգիայի յուրացման այլ ձեւերի, մի խոսքով՝ Հայաստանում Ինտերնետի տեղայնացմանն ու զարգացմանը։ 

 Թերեւս ետխորհրդային ընդհանուր իրադրության համար այս վիճակը կարելի լիներ համարել սովորական, եթե չլիներ հաջողության եւ հեռանկարների՝ իշխանության կողմից քաջալերվող պարզունակ հռետորությունը (Հայաստանի «մեծ ներուժի» եւ ակնկալվող «նոր աշխատատեղերի», արդյունաբերական առաջընթացի եւ փայլուն հեռանկարի մասին), որ նաեւ կեղծ պատկերացումներ է սերմանում հասարակական գիտակցության մեջ, ու եթե իսկապես համոզված չլինեինք, որ Հայաստանը դատապարտված է շատ ավելի մեծ հաջողության, քան մենք կարող ենք երեւակայել՝ առկա իրողություններից ելնելով։ 

Տվյալ լինելով աշխարհայնացումը, ոստայնացումը եւ այլն, ինչ դեր ու կարելիություն ունի այս ոլորտը համահայկական, Սփյուռք-Հայաստան կյանքի մեջ։ 

Կարծեմ հարցի մեջ արդեն նկատելի է այս ծանոթ կաղապարների օգտագործման դժվարությունը, երբ անդրադառնում ենք նոր իրադրությանը։ «Սփյուռք-Հայաստան» արտահայտությունը նույնպես, շատ այլ բաների նման, խորհրդային ժամանակաշրջանից է գալիս եւ այսօր որոշակիորեն զրկված է նախկին իմաստից, իսկ նոր իմաստներ, եթե կան, գիտակցված եւ արտիկուլացված չեն պետք եղածի պես։ Թե Սփյուռքն է էապես փոխված, թե Հայաստանը այլեւս նախկինը չէ, չունեն հին օրերի վերագրած միարժեքությունը, ինչպես չկա այն հստակ սահմանը, որ ժամանակին բաժանում էր դրանց միմյանցից։ Գուցե տարօրինակ հնչի, բայց հայկական ազգային պետությունն այսօր շատ ավելի նվազ չափով է բնորոշում միասնական մի հանրություն, քան Խորհրդային Հայաստանը։

 Ինչպես նկատում է Վ. Բենյամինը («Փարիզ, տասնիններորդ դարի մայրաքաղաք»), նորի խմբային գիտակցությանը բնորոշ է համառ ցանկությունը՝ բաժանվելու հնից, այսինքն՝ անմիջական անցյալից։ Իսկ «այն պատկերացման մեջ, որտեղ ամեն մի դարաշրջանի երեւութանում է նրան հաջորդողը, հաջորդ դարաշրջանը հառնում է միավորված նախնադարյան, այսինքն անդասակարգ հասարակության տարրերի հետ»։ 

 Թերեւս նման մի բան բնորոշ է նաեւ հայությանը ետխորհրդային դարաշրջանի շեմին, եւ միացյալ համահայկականի պատրանքը գտնում ենք, ասենք, «միասնական ուղագրության» գաղափարի մեջ, որ միավորվելով Ոստի՝ որպես դարակազմիկ տեխնիկական եւ մշակութային միջոցի պատկերացման հետ, ստանում է կիբեռուտոպիականության տարրեր նույնպես։ Եւ սա՝ հակառակ այն նորահայտ ընդգծված տարբերությունների եւ տարասեռության, որ բնորոշ է թե՛ ներկա Սփյուռքի, թե՛ Հայաստանի համար։ Սա մասնավորապես նշանակում է, որ տպագրության դարաշրջանում առաջացած երկու գրական լեզուների՝ արեւմտահայերենի եւ արեւելահայերենի թվանշային ճակատագիրը (ապագան) կապվում է սկզբնական ուղղագրության հետ։

 Եթե խիստ նախնական մի մոտեցմամբ փորձելու լինեմ նկարագրել հայաստանյան ինքնության բաղադրիչները, ապա կառանձնացնեմ արեւելահայկականը (որ անբացահայտորեն նույնացվում է բուն հայկականության հետ), խորհրդայինը (իսկ մինչխորհրդային ժամանակաշրջանում՝ ռուսականը եւ այդ իմաստով՝ գաղութայինը) եւ սփյուռքյանը։ Առաջին երկուսը միասին կազմում են այն, ինչ խորհրդային տարիներին մեկ բառով կոչվում էր խորհրդահայ։ Վերջինը՝ սփյուռքյանը, խորքում նույնանում է արեւմտահայկականի հետ։ 

 Խորհրդայինն այնքան տիրական շեշտով է ներկա հայաստանյան ինքնության մեջ, որ չի էլ նկատվում կամ մեծ դժվարությամբ է անդրադարձի ենթարկվում որպես ներդրված կամ պատմականորեն ձեռքբերովի եւ այսօրվա տեսանկյունից՝ խնդրահարույց մի բան։ Այնինչ, սփյուռքյանը այնքան բնականորեն է համարվում հայկական, որ անորսալի է մնում նրա որոշակի, ընդգծված տարբերությունը։ Փաստորեն, առաջին դեպքում մենք գործ ունենք տարբերի նույնության հետ, երբ տարբերը նույնանում է եսի հետ անզանազանելի ձեւով, իսկ երկրորդ դեպքում՝ նույնի տարբերության հետ, երբ չի նկատվում, որ այն ինչ համարվում է նույնը, ընդունվում է որպես եսի «բնական» մաս, իրականում տարբեր է։ Երկուսն էլ վերաբերում են տարբերություն/նույնություն տնտեսությանը, եւ մատնում են տարբերության նկատմամբ անտարբերությունը (եթե թույլատրելի է նման բառախաղ) կամ անհանդուրժողականությունը, տարբերության՝ իբրեւ հնարավորության, կազմավորող եւ փոխակերպող նշանակության անտեսումը։ 

 Այնինչ այս ինքնությունն էլ արդեն տեղի է տալիս նոր հանգամանքների ճնշման ներքո, ինչպիսին է, օրինակ, անկախությամբ առաջ եկած իշխանության նոր հարաբերությունները։ Սրա հետ միասին՝ տարբերություն մտցնող, բաժանող-տարբերակող հզոր ուժ է հարստությունը (թե իշխանությունը, թե հարստությունը լինելով միանգամայն տարբեր խորհրդային տարիների համեմատությամբ)։ Արդեն զգալի է ներկայությունը մի այլ խավի, ընդունված բառով ասած՝ գլոբալացված էլիտայի, որը համախոհն ու աջակիցն է գլոբալացման ընթացքի։ 

 Փոխակերպման նույնպիսի բարդ ընթացքներ են կատարվում սփյուռքում, եթե սփյուռքը պատկերացնենք ավելի ընդարձակ, քան Աղետով ծնված Սփյուռքը։ Կբավարարվեմ մի պարզաբանմամբ։ Դեռեւս Խորհրդային Միության փլուզումից առաջ Արջուն Ապադուրային նկատել է, որ մշակութային միատարրացումը Հայաստանի համար կարող է նշանակել ռուսականացում, ինչպես Կորեաների կամար՝ ճապոնականացում եւ այլն։ Թեեւ տարբեր ձեւերով, բայց դա որոշակիորեն այդպես է նաեւ այսօր. վերջին մի քանի տարում Հայաստանում Ռուսաստանի ներկայության ազդեցության չափն անշեղորեն աճում է։ Այս պարագային անծանոթ մի դերակատարություն է ստանում ռուսահայ համայնքը։ Ի տարբերություն արեւմտյան սփյուռքի, ռուսական սփյուռքը առանձնանում է նաեւ Հայաստանի հետ հատուկ մերձությամբ եւ քաղաքական, տնտեսական եւ այլ ազդեցությամբ։ Ռուսահայերի կապիտալն այսօր մուտք է գործում Հայաստան մեծ ծավալով եւ ընդգծված քաղաքական ու տնտեսական հավակնություններով՝ կամա թե ակամա ուժեղացնելով ռուսական ազդեցությունը (քանի որ դրանով իսկ ուժեղացնելով իր ազդեցությունը) եւ մասնավորապես ռուսերեն լեզվի նշանակությունը Հայաստանում։ Այս եւ այլ միտումներ, իմ կարծիքով, էապես փոխում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին մեր ավանդական պատկերացումները, հուշելով, որ այդ փոխհարաբերությունները շատ բարդ, խճճված եւ առայժմ, հատկապես հեռանկարի մեջ՝ անհասկանալի են։ 

 Ես ավելի ոչ թե պատասխանեցի հարցին, այլ փորձեցի ցույց տալ այն դժվարությունը, որին բախվում ենք նման հարցադրումներ անելիս։ Կարելի է, ասենք, վերացական ենթադրություն անել, թե Համաշխարհային ոստը հենց այն միջոցը եւ միջավայրն է, ուր կարող է հնարավոր դառնալ համահայկականության մի նոր արտահայտություն։ Իսկ գուցե հակառակը, գուցե Ոստը կմարմնացնի, ակներեւ ու շոշափելի կդարձնի հայության անդարմանելի բաժանվածությունը… 

 Ի՞նչ կարող է լինել այս միջոցի դերը անդրազգային հայկական հանրոլորտի (public sphere) ու մտավորական կենսունակության մեջ։ 

 Վերը ուրվագծված իրադրության մեջ արեւմտյան սփյուռքը կարող էր ունենալ մտավոր բարերար ազդեցություն, որն այսօր անգնահատելի կլիներ Հայաստանի համար եւ մասնավորապես կարող էր որոշակիորեն հավասարակշռել ռուսական քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ մշակութային ազդեցությունը։ 

 Հնարավոր է, որ հարցը միակողմանի եմ ընդունում, բայց «այս միջոցը» առաջին հերթին կարող է լինել մտավորական խնդիր (որեւէ վճռական դերակատարություն վերագրելուց առաջ առաջադրելով հարցեր՝ ի՞նչ բան է Ոստը, ի՞նչ նպաստ եւ վտանգներ է բերում, ունի՞ ինչ որ իմաստ եւ այլն)՝ ի շահ մտավորական կենսունակության։ Իրոք, իրավասո՞ւ ենք ընդունելու ցանցն իբրեւ տվյալ, թե՞ այն ավելի մտավորական խնդիր կամ մարտահրավեր է, մեկն այն խնդիրներից, որոնց պատասխանը բնավ ակնհայտ չէ։ Նման խնդիրների նկատմամբ անտարբերությունը եւ նոր տեխնոլոգիայի ընկալման ինստրումենտալությունը բնորոշ է հայաստանյան մտավորականությանը, որն ի միջի այլոց խոսումն է Ոստի փորձառության մակերեսայնության կամ միակողմանիության մասին, ինչպես նաեւ ետխորհրդային մշակութային գիտակցության ձախողման մասին՝ հաղթահարելու նախկին սահմանափակությունները եւ ըմբռնելու նոր իրադրության հարուցած խնդիրները։ Թվում է, թե այս միջոցի (Ոստի) անձնական փորձառության խորացումը (ներքնացումը) եւ ընդհանուր մշակութային յուրացման ընթացքը, ինչպես նաեւ սրանց ուսումնասիրությունները կարող են ծնել ամենատարբեր խնդիրների գիտակցությունը, մասնավորապես՝ վկայել վերահաստատված մտավորական կենսունակության մասին։

Լուս.` The Armenian Weekly-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter