HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Համաշխարհային բանկն ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսում, քան Հայաստանի կառավարությունը

Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ` 2018 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 3.8%:  Այս մասին նշված է ՀԲ-ի  «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունվարյան զեկույցում։ 2019 և 2020 թվականների համար էլ Բանկը կանխատեսում է 4% տնտեսական աճ։   

2018-ի Հայաստանի պետական բյուջեի նախագծում նշված է, որ նշված տարվա համար կանխատեսվում է 4.5% տնտեսական աճ, ինչն ավելի բաձր է, քան ՀԲ-ի կանխատեսած ցուցանիշը։

Իսկ 2017 թվականի համար ՀԲ-ն այս անգամ կանխատեսել է 3.7% աճ։ 2017 թվականի հունիսին նույն կառույցը կանխատեսել էր, որ տարվա վերջում Հայաստանի տնտեսությունը կաճի 2.7%-ով, այսինքն՝ աճի կանխատեսումն այս անգամ 1 տոկոսային կետով բարձրացել է։

Այդուհանդերձ, դատելով Հայաստանում արձանագրված և կանխատեսվող ցուցանիշներից՝ ՀԲ-ն շատ ավելի «հոռետես» է տնտեսական աճի հարցում, քան Հայաստանի կառավարությունը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` 2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7.3%-ով, ինչից հետևում է, որ ՀՆԱ-ի աճը տարեկան մակարդակով ևս մոտ կլինի այս ցուցանիշին։ Բացի դրանից, ինչպես 2017-ի սեպտեմբերին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, տարվա համար կառավարությունը կանխատեսել է 4.3% տնտեսական աճ։ Երկու դեպքում էլ ցուցանիշներն ավելի բարձր են, քան ՀԲ-ի կանխատեսումներն են։

Հիշեցնենք, որ տնտեսական աճի 2017 թվականի փաստացի ցուցանիշը վիճծառայությունը դեռևս չի հրապարակել։ ՀԲ-ի զեկույցում նշված է, որ մետաղներ արտահանող երկրների համար տնտեսական աճի ավելի բարձր կանխատեսումներին նպաստել են համաշխարհային շուկայում մետաղների բարձր գները և տվյալ երկրների ներքին իրավիճակի բարելավումը։ Օրինակ են բերվում Հայաստանը, Մոնղոլիան և Զամբիան։

Բանկի կանխատեսմամբ Ռուսաստանում տնտեսական աճը 2018-ին կկազմի 1.7%, Բելառուսում ՝ 2.1%, Ղազախստանում՝ 2.6%, Ղրղզստանում՝ 4.2%: Հիշեցնենք, որ այս երկրները Հայաստանի հետ միասին կազմում են Եվրասիական տնտեսական միությունը։

Իսկ հարևան Վրաստանում 2018 թվականի համար կանխատեսվում է 4.2% տնտեսական աճ։ Թուրքիայում, ըստ ՀԲ-ի, աճը կկազմի 3.5%, Ադրբեջանում՝ 0.9%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter