HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորի մայր. «Աստծուց խնդրում եմ, որ գնան բարով ծառայեն ու բարով վերադառնան, ոչ միայն իմ Արայիկը, բոլոր զինվորները»

Ալավերդիում այսօր անցկացվեց 2018թ.-ի առաջին զորակոչը:

Թումանյանի զինկոմ Կարեն Հովհաննիսյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ զինակոչվող կազմից պլանավորված է այսօր զինվորական ծառայության ուղարկել 34 զինակոչիկի: «Բժշկական հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո կորոշվի մեկնող զինակոչիկների կոնկրետ թիվը»,- հայտնեց Կ. Հովհաննիսյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ զինկոմիսարիատի կողմից միջոցառումներ են իրականացվել առավոտյան ժամը 9:00-ին զինակոչիկների զինկոմիսարիատ ներկայանալու համար: «Այստեղ նորից անցնելու են բժշկական հետազոտման՝ վիզուալ տեսքով: Անձնական գործերի ուսումնասիրմամբ պարզվելու է՝ ա՞րդյոք ինչ-որ բացթողում եղել է, թե ոչ: Այդ հետազոտությունից հետո առաջնահերթ չափում ենք զինակոչիկների ջերմությունը և ճնշումը»,- բացատրեց զինկոմը:

Կարեն Հովհաննիսյանը

Նախօրեին զինակոչիկ որդու՝ Մարտին Նոնինյանի բժշկական պատվաստումների հետևանքով առողջության վատացման մասին «Հետք»-ին ահազանգել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Անահիտ Գալստյանը: «Զինակոչիկ Մարտուն Նոնինյանը մեզ մոտ հաշվառվել է ժամանակին: Դրանից  հետո տարեկետում ենք տրամադրել, որ ուսումը ավարտի: Նա Ռուսաստանի Դաշնությունից մոտ մեկ տարի ուշ, իր նախաձեռնությամբ ներկայացել է զինկոմիսարիատ: Մ. Նոնինյանը նորից անցել է բուժհետազոտություն, ճանաչվել է ծառայության համար պիտանի և հիմա ենթակա է զորակոչման:

Ինչ վերաբերում  է հետպատվաստվողական նրա առողջական վճակին, ապա Մարտին Նոնինյանի մոտ դա արտահայտվել է շոկային տեսքով: Մայրը նշում է, որ Մարտինը գիտակցության կորուստ է ունեցել, նաև այնտեղ է եղել մեր զորակոչի բաժանմունքի պետ կապիտան Վարդանյանը: Նա տեսել է դա: Հիմա, եթե էսօր Մ. Նոնինյանի վիճակը չկայունանա, մենք իրեն չենք զորակոչի: Կարիք լինելու դեպքում նրան նորից կուղարկենք տեղի հիվանդանոց, մասնագետների հետազոտման: Երբ առողջական վիճակը թույլ կտա, նրա զորակոչը կիրականացնենք տվյալ օրը», - պատասխանելով «Հետք»-ի հարցին՝ ասաց զինկոմ Կարեն Հովհաննիսյանը՝ բացատրելով, որ զինակոչիկ Մարտուն Նոնինյանը նախկինում ունեցել է սրտի խնդիրներ, սակայն նրան ուղարկել են Երևանի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ էլ սրտի հետ կապված առողջական խնդիրները ժխտվել են: Բժշկական հետազոտությունից հետո Մարտին Նոնինյանի զորակոչումը հետաձգվեց հունվարի 16-ը:

Զինկոմ Կ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ  այսօր նախատեսված 34 զինակոչիկներից կենտրոնական հավաքակայան են զորակոչվելու 33-ը: Մեզ հետ զրույցում զինկոմը ներկայացրեց նաև 2018թ.-ի զորակոչի առանձնահատկությունները. «Այս տարվա զորակոչով սկսվում է «Ես եմ» ծրագիրը: Այդ ծրագիրը առաջարկում է 3 տարվա ծառայություն: Ի պատիվ մեզ, մեր տարածաշրջանից բազմաթիվ դիմողներ են եղել այդ ծրագրով ծառայելու համար: Նրանց այսօր չենք զորակոչում, քանի որ առանձին ցուցումով, առանձին օր ենք ներկայացնելու կենտրոնական հավաքակայան, որպեսզի կարողանան տեղում պայմանագրեր կնքել»,- բացատրեց զինկոմը:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ այդ զինակոչիկները նույնպես ժամկետային զինծառայության տարիքում են: Նրանք օգտվելու են «Ես եմ» ծրագրի համար նախատեսած բոլոր արտոնություններից. «Նախ ասեմ, որ ծառայության տևողությունը 24 ամսվա փոխարեն լինելու է 36 ամիս: Այդ ընթացքում, 1-5 ամիսը զինվորը իր նախնական պատրաստվածության ծրագիրը անցնելուց հետո, 10 օրյա ժամկետով արձակուրդ է գալիս: Այնուհետև մեկնում են համապատասխան զորամաս: Ծառայության ձևը էսպիսին է, բոլորը անխտիր ծառայելու եմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Ծառայության ընթացքում մեկ շաբաթ անց են կացնում զորամասում, մարտական հերթապահության մեկնելուց առաջ նախապատրաստվում են, երկու շաբաթ իրականացնում են մարտական հերթապահություն: Եվ մեկ շաբաթ իրենց տրվում է արձակուրդ, որպեսզի ամեն ամսվա մեկ շաբաթը իրենք կարողանան անցկացնել իրենց ընտանիքի հետ: Արձակուրդ գալու համար տրամադրվում է 35 հազար դրամ  ճանապարհածախս: Այս պահի դրությամբ մեր տարածաշրջանից 4 զինակոչիկներ կամավոր կմեկնեն ծառայության «Ես եմ» ծրագրով»:

Մինչ զորակոչի հանդիսավոր արարողության սկսվելը «Հետք»-ը զրուցեց զորակոչիկների և նրանց ծնողների հետ: Զինակոչիկ Մերուժան Ալիխանյանը ավարտել է Ալավերդու Եղիշե Չարենցի անվան դպրոցն, ապա ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ՝ նկարչության բաժին:

Մերուժան Ալիխանյանը

«Լավ տրամադրությամբ եմ մեկնում բանակ: Հա, դե ծնողներս սովորականի նման անհանգիստ են: Կուզենայի սպեցնազ զորամասում ծառայել: Կարող է և ընկնեմ այդպիսի զորամաս: Սպորտով զբաղվել եմ, բոքս եմ պարապել, 6 տարի բարբա եմ պարապել, մոտ 6 տարի էլ տրինաժորի վրա եմ պարապել»,- պատմեց Մերուժանը:  

Վահե Մաթևոսյանը պատմեց, որ դպրոցը նոր  է ավարտել, հասցրել է ընդունվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, մեկ կիսամյակ սովորել է. «Հիմա գնում եմ բանակ: Նաև ֆուտբոլիստ եմ: Շատ լավ տրամադրությամբ եմ գնում բանակ: Հասկանում եմ՝ ուր եմ գնում, ինչու եմ գնում և ինչպես եմ ծառայելու: Փորձելու եմ մաքսիմում ծառայել հայրենիքիս: Մենք գիտենք, որ մեր ընտանիքները մեր թիկունքում են, նորմալ պետք է պաշտպանենք մեր սահմաններն ու մեր ընտանիքներին»,- ասաց Վահեն:

Արմեն Ավետիսյանը մասնագիտությամբ խոհարար է. «Հույս ունեմ, որ բանակում ծառայելու եմ որպես խոհարար: Շատ եմ սիրում խոհարարի գործը»,- ասաց: Արմենը 2015թ.-ին է ավարտել դպրոցը: Մեկ տարի շուտ է գնացել դպրոց: Մինչ ծառայության մեկնելը Երևանում աշխատել է խոհարար: «Կուզենամ ավելի շատ Գյումրիի խոհարարական ուչեբկա ընկնեմ, այնտեղ 6 ամիս վերապատրաստվեմ, ու գնամ Ղարաբաղ ծառայության: Զինվորական ծառայության շատ լավ տրամադրությամբ եմ գնում: Դա իմ դաստիրակությունից է գալիս: Էսենց թե էնենց գնալու ենք ծառայության: Ավելի լավ է գնանք ուրախ հայրենիքին ծառայենք, հա խի չէ՝ թեկուզ խոհարար չլինեմ»,-ասաց Արմենը:

Ալավերդցի Հայկ Մարուքյանն ասաց՝ ոգևորված և ոգեշնչված է գնում հայրենիքը պաշտպանելու. «Որ զորամասում ուզում է ծառայեմ, գնում եմ ծառայեմ ու վերադառնամ»,- ասաց Հայկը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մխիթար Ալեքսանյանը բանակ էր ճանապարհում իր մանկության ընկեր Վահե Հալիվորյանին: Մխիթարը բանակից զորացրվել է 2016թ.-ի հունիսի 22-ին: Ծառայել է սկզբում Մատաղիսում, ապա Թալիշի դիրքերում:

Մխիթար Ալեքսանյանը

«Ես ընկերոջս մաղթում եմ բարի և անփորձանք ծառայություն: Վահեին շատ խորհուրդներ եմ տվել, առաջնահերթ խորհուրդներիցս է մտածված ծառայությունը, և մեկ էլ նրան խորհուրդ եմ տվել անընդհատ հիշել, որ թիկունքում իրեն սպասում ենք բոլորս: Պարտավոր է 2 տարի ծառայելուց հետո անփորձանք հասնել մեզ»,- ասաց Մխիթարը:   

«Միակ տղաս է մեկնում ծառայության: Մենք պատերազմող երկիր ենք, կրակոցներ են մեր սահմաններին: Որպես մայր՝ անհանգստությունս այդտեղից է սկսվում: Լավ կլինի՝ զինվորական պատշաճ կարգ ու կանոն լինի մեր զորամասերում, որպեսզի մեր զինվորները նաև միմյանց թև ու թիկունք լինեն: Բանակում հրամանատարները մեր երեխաներին վերաբերվեն ինչպես իրենց երեխաների»,- ասաց զինվորի մայր Գայանե Ալեքսանդրյանը:

«Սիմոնյան Արայիկը 1-ին զորակոչիկս է: Որպես մայր՝ Աստծուց խնդրում եմ, որ գնան բարով ծառայեն ու բարով վերադառնան, ոչ միայն իմ Արայիկը, բոլոր զինվորները»,- մաղթեց Աննա Միկոյանը:

Աննա Միկոյանը

Բժշկական զննությունից հետո զինակոչիկներին ուղեկցեցին Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայելի Շաղոյանի օրհնությամբ կազմակերպվեց ընդհանուր աղոթք, մոմավառություն: Կենտրոնական զինվորական հավաքակայան ճանապարհելուց առաջ զինակոչիկներին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, Ալավերդու հոգևոր հովիվ, քահանա Տեր Միքայել Շաղոյանը և զինկոմ Կարեն Հովհաննիսյանը: Զինակոչիկներին կենտրոնական զինվորական հավաքակայան տեղափոխող երկու «Ֆորդ» ավտոմեքենաները շարժվեցին դեպի Երևան:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Խաղաղություն մեր երկրին, անփորձանք ու կարգապահ ծառայեք և վերադառնաք, տղաներ ջան: Ձեր հարազատներին էլ համբերություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter