HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալկաթայի ճեմարանում եղել են նաեւ ֆինանսական չարաշահումներ

Կալկաթայի մարդասիրական ճեմարանի մասին գրած մեր հոդվածներից հետո խմբագրությունը ստացել է բազմաթիվ նամակներ (Տես նաեւ` Հայ երեխաները Կալկաթայում անուշադրության են մատնված-2): Հեղինակներն անհանգստացած են այնտեղ տիրող վիճակի համար, սակայն նշում են, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոչ մի պարագայում չփակվի դարեր շարունակ գործող կրթօջախը: Նրանց հատկապես անհանգստացրել են երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունները, նրանց առողջական եւ հոգեկան վիճակը:

Մեր հոդվածներին արձագանքել է նաեւ ճեմարանի տնօրեն Սոնյա Ջոնը: Մինչ այդ մենք նրան էինք ուղարկել մի քանի հարցեր` խնդրելով պատասխանել դրանց: Սակայն Սոնյա Ջոնը ոչ մի հարցի չի պատասխանել եւ բարձրացված խնդիրներին չի անդրադարձել:

Մենք հարցրել էինք նաեւ ճեմարանի կատարած ծախսերի, դրանց հաշվետվությունների մասին: Մեզ հետարքրում էր, թե ինչքան է ծախսվում յուրաքանչյուր երեխայի վրա մեկ տարվա ընթացքում, ինչքան գումար է ծախսվել վերջին երեք տարիներին ճեմարանի վերանորոգման համար: Այս վերջին հարցը տվել էինք, որովհետեւ տվյալներ ունեինք, որ վերջին երեք տարիներին վերանորոգման անվան տակ գումարներ են դուրս գրվել, սակայն իրականում ճեմարանում, վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել:

Մայր Աթոռում ճեմարանի ֆինանսական հարցերին անդրադառնալ չեն ցանկանում: Վերահսկվու՞մ է արդյոք նրանց կողմից ճեմարանի ֆինանսական գործունեությունը, դժվար է ասել:

Սակայն մենք ունեք ճեմարանում փողերի վատնման փաստեր եւ դրանց կանդրադառնանք մեր հրապարակումներում:

Մայր Աթոռի անդրադարձը «Հետք»-ի հրապարակումներին 

«Մայր աթոռն ընդունում է, որ Կալկաթայի մարդասիրական ճեմարանում խնդիրներ եղել են, բայց դրանք հարիր են նման հաստատություններին: Թող տպավորություն չստեղծվի, թե այդ հաստատությունն անտեսված է: Մենք ակնապիշ հետեւում ենք եւ գործուն ներկայություն ունենք այնտեղ: Մենք ամեն կերպ փորձում ենք աջակցել, սատարել եւ ապահովագրել այնտեղ սովորող երեխաների բարօրությունն ու բարեկեցությունը»,- ասաց Մայր Աթոռ Ս. էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` ի պատասխան մեր գրած հոդվածների: 

Հայաստանում արձակուրդն անցկացնող ճեմարանի 10-ից ավելի սաներ վարակված էին մալարիայով, ինչը եկեղեցու ներկայացուցիչները, Հնդկաստանի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով, համարել են սովորական հիվանդություն: Նրանցից ընդամենը 5-ն են դիմել եկեղեցու աջակցությանը:

«Մենք պաշտոնապես ծանուցեցինք, որ Մայր աթոռ ս. Էջմիածինը պատրաստ է ստանձնել իրենց բոլոր բժշկական ծախսերը: Բայց նրանցից ոչ բոլորը համաձայնեցին: Մի քանի ծնողներ պահանջեցին իրենց տալ գումարը, եւ նրանք այլեւս ոչ մի պարտք ու պահանջ չեն ունենա: Իրենց պահանջած գումարն էլ սարսափելի չնչին էր բժշկվելու համար, դրանով հնարավոր չէր բժշկական օգնություն ստանալ»,-ասաց Մայր Աթոռում ճեմարանի հարցերը համակարգող Տիգրան սարկավագը: 

Երեխաների պատմելով` Կալկաթայում նրանք անհրաժեշտ բժշկական օգնություն չեն ստացել: Ճեմարանում աշխատող տեղացի բժիշկը տարեց մի կին է, որն արդեն ի վիճակի չէ աշխատելու: Տիգրան սարկավագի հավաստմամբ այդ բժիշկն արդեն աշխատանքից ազատված է, եւ հիմա Հայաստանից նոր բժիշկ է մեկնելու: Ճեմարանի գործունեության բարելավում է նաեւ այն, որ հնդիկ դայակների փոխարեն այնտեղ աշխատելու են երեխաների ծնողներից ընտրված կանայք: 

Տիգրան սարկավագը զրուցել է ճեմարանում սովորող երեխաների, նրանց ծնողների եւ ճեմարանում դասավանդող հայաստանցի ուսուցիչների հետ: Նրանք քննարկել են ճեմարանում առկա խնդիրները եւ փորձել լուծումներ տալ դրանց: Այն, որ երեխաների գրած նամակները ճեմարանում կարդում են, եւ դրանք հաճախ չեն հասնում նրանց ծնողներին, կարելի է համարել լուծված:

Կալկաթայում արդեն ստեղծվել է համակարգչային դասարան, եւ երեխաները կարող են գրել իրենց ծնողներին էլեկտրոնային փոստի միջոցով: Իսկ ծնողների համար շուտով Երեւանում կստեղծվի ճեմարանի հարցերով զբաղվող գրասենյակ, որտեղից էլ նրանք անվճար կօգտվեն ինտերնետից:

«Ծրագիր ունենք, որ ծնողները տարին մի քանի անգամ ստանան իրենց երեխաների նկարները, գուցե նաեւ տեսաժապավեն: Նախատեսվում է նաեւ, որ ամեն տարի մի քանի ծնող այցելի ճեմարան»,- հետագա ծրագրերի մասին ասաց Տիգրան սարկավագը:

Նա նշեց նաեւ, որ վերջին ամիսներին ծեծը` որպես պատժի միջոց, չի կիրառվում, քանի որ եկեղեցին այս հարցին լուրջ է մոտենում եւ խստորեն զգուշացրել է ճեմարանի աշխատակազմին: 

 Հարցին, որ շատ երեխաներ արձակուրդից հետո չեն վերադարձել Կալակաթա, Տիգրան սարկավագը պատասխանեց. «Երեխաների վերադարձը հետաձգվել է, քանի որ խնդիր է առաջացել նրանց անձնագրերում կնիքի թարմացման հետ կապված: Ուրիշ խնդիր չկա, եւ երեխաները օգոստոսի 10-ին մեկնելու են»: Փաստ է, որ երեխաներից շատերը ուսումը չեն շարունակելու Կալկաթայում: Եկեղեցին կարծում է, որ դրա պատճառը նրանց ծնողների սոցիալական վիճակի բարելավումն է: 

Հնդկաստանում միջնակարգ է համարվում 12 տարվա ուսումը: Մարդասիրական ճեմարանը գործում է Հնդկաստանի կրթական համակարգում: Այստեղ ուսումը 10 տարով է: Մի քանի տարի հետո` ի՞նչ վկայականներով են վերադառնալու այնտեղ սովորողները, դեռ պարզ չէ: Մայր Աթոռի ներկայացուցիչները խոստացան հետաքրքվել եւ պարզել` սա միջին դպրոց է, թե` միջնակարգ: 

Մինչ այժմ խնդիր է եղել նաեւ հայագիտական առարկաների համար ճեմարանին դասագրքեր հատկացնելը: Այս խնդիրն էլ է արդեն լուծված, քանի որ ՀՀ Կրթության նախարարությունը տրամադրել է անհրաժեշտ քանակությամբ դասագրքեր: Այսուհետ ճեմարանում հայագիտական առարկաների ուսուցումը կհամապատասխանի հայկական դպրոցների ծրագրերին: 

Ինչ վերաբերում է նրան, որ հնդակահայ համայնքի Ս. Նազարեթ եկեղեցու խորհուրդը ղեկավարող Սոնյա Ջոնը, որը նաեւ ճեմարանի տնօրենն է, չարաշահում է պաշտոնը եւ ըստ ցանկության գումարային հատկացումներ կատարում, Տ. Վահրամ քհն. Մելիքյանը պատասխանեց. «Այդ հատկացումները պետք չէ համարել պաշտոնի չարաշահում, այդ ամենը կատարվում է եկեղեցու կանոնադրության սահմաններում: Ճեմարանն ու եկեղեցին առանձին կառույցներ են: Գումարային որոշումները կատարվում է եկեղեցու խորհրդով: Մենք պարբերաբար տեղեկանում ենք, որ գումարներ են ծախսվել վերանորոգման կամ այլնի համար: Բայց մենք նպատակահարմար չենք գտնում այդ գումարները հրապարակել: Մայր Աթոռից պարբերաբար պատվիրակներ են այցելում ճեմարան: Բացի այդ, Հնդկաստանը գտնվում է Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի Հայոց թեմի առաջնորդի իրավասության ներքո: Երբեք այնտեղ անկառավարելի վիճակ չի եղել, մշտապես տեղյակ ենք, թե ինչ է կատարվում: Վեհափառի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են այնտեղ»:

Կոնկրետ փաստերի առնչությամբ, որ մեծ գումար է հատկացվել Կալկաթայի սրտաբանական կենտրոնին կամ Հնդկաստանում ՀՀ դեսպանատուն կառուցելուն, Տիգրան սարկավագը պատասխանեց. «Սրտաբանական կենտրոնին գումար են հատկացրել` որպես տեղի բնակիչներ:Այդ կենտրոնը ծառայելու է ոչ միայն հայ համայնքին, այլեւ տեղացիներին: Հնդկական կառավարությունը շատ բարձր է գնահատել այդ նվիրատվությունը: Իսկ դեսպանատան համար հարկ է նշել, որ Կալկաթայի ս. Նազարեթ եկեղեցու խորհուրդը որոշում է կայացրել Նոր Դելիում գտնվող ՀՀ դեսպանությանը տրամադրել առանձին մի շենք: Եկեղեցին Նոր Դելիի լավագույն շրջաններից մեկում հող է գնել, կառուցել է երեք հարկանի մի շենք եւ հանձնել դեսպանությանը: Այդ շենքը շարունակում է մնալ եկեղեցու սեփականությունը, տրվել է դեսպանությանը 99 տարով օգտագործման համար, տարեկան խորհրդանշական 1 րուփի գումարով: Սա նվիրատվություն է ՀՀ-ին»:

«Երբեք չկարծեք, թե մենք անտեսել ենք ճեմարանը: Որքան որ տեղի ճեմարաններն են մեզ հարազատ եւ մոտ, այնքան էլ եւ առավել` այդ հաստատությունը, որը բազում երազանքների իրագործում է: Մայր Աթոռը խոստանում է աջակցել, առաջնորդել եւ հնարավորն անել, որպեսզի ճեմարանի գործունեությունն իրապես բարելավվի,ու այն կատարի իր առաքելությունը»,- վստահեցրեց Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter