Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Կառավարությունը տարածք տվեց զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին



Կառավարությունն այսօրվա նիստում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկով որոշեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից 1711 քառակուսի մետր տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին։

Հասարակական կազմակերպությունն այդ տարածքում ստեղծելու է վիրավոր զինվորների և զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն։ Զինվորական ծառայության ժամանակ վնասվածք, խեղում, հիվանդություն ձեռք բերած, ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներն այստեղ վերականգնողական անվճար բժշկական օգնություն կստանան։

ՀԿ-ն իր միջոցներով ներդրումներ կկատարի, մասնավորապես՝ ամբողջովին կվերանորոգի այդ մասնաշենքը, կներդնի անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ։

Ինչպես գրված է որոշման նախագծում՝ նախատեսվում է  կենտրոնում բժշկական օգնություն և վճարովի հիմունքներով սպասարկում տրամադրել նաև այլ հիվանդներին, որից գոյացած հասույթը ևս կտրամադրվի զինհաշմանդամների կարիքների բավարարմանը:

Հասարակական կազմակերպությունը նախատեսում է վերապատրաստումներ իրականացնել մարզային բուժաշխատողների համար, որպեսզի հետագայում հնարավոր լինի մարզերում ևս իրականացնել վերականգնողական կենտրոնների ստեղծման ծրագիր:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում մի շարք զինհաշմանդամներ և ուսանողներ վաճառքի համար մարտի 8-ի տոնական բացիկներ էին պատրաստում՝ հավաքագրված ողջ գումարը զինհաշմանդամների վերականգնողական այս կենտրոնին փոխանցելու համար։

Լուսանկարը՝ Հայկուհի Մինասյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ