HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մինչ ապրիլի 1-ը ներմուծված աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման վրա արգելք չի լինի․ կառավարությունը հաստատեց նախագիծը

Կառավարության այս տարվա առաջին նիստում գործադիրը հավանության արժանացրեց նախագիծ, ըստ որի՝ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային ավտոմեքենաների ներմուծումն ու շահագործումը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն արձակուրդում է, նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում գործող ճանապարհային երթևեկության մասին օրենքի համաձայն՝ սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:

«Դրանով պայմանավորված՝ Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան, ինչպես նաև մյուս բոլոր տեխնիկական միջոցները, գծանշանները, լուսացույցերը տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցի վարորդի տեսանելի լինելու հանգամանքը։ Հետևաբար աջակողմյան ղեկային տրանպորտային միջոցները վտանգ են ներկայացնում ճանապարհային երթևեկության համար, պարունակում է վթարների առաջացման ռիսիկեր»,- ասաց նախարարը։

Մարտիրոսյանն առաջարկեց այս տարվա ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հաշվառումը և շահագործումը։

«Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա, և վերջիններս ըստ նախագծի կարող են ազատ շահագործել և վերահաշվառել իրենց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները»,- մանրամասնեց Վահան Մարտիրոսյանը։

Փոխվարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք որևէ քաղաքացի, որը նման տրանսպորտային միջոց ունի, որևէ սահմանափակման չի՞ ենթարկվի: Նախարարը պատասխանեց, որ մինչ ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները կարող են ազատ շահագործվել, վերահաշվառել և ցանկացած գործողության ենթարկվել։

«Այսինքն ոչ միայն այն քաղաքացիները, որոնք ունեն նման մեքենա, այլև որ պատվիրել են և կստանան, օրինակ, մեկ շաբաթ ա՞նց»,- հարցրեց Գաբրիելյանը։

Նախարարը հստակեցրեց՝ մինչ այս տարվա ապրիլի 1-ը Հայաստանում հայտնված որևէ նման մեքենայի վրա այս սահմանափակումը չի կարող տարածվել։

Փոխվարչապետը հարցրեց նաև վիճակագրությունից, նախարարն ասաց․ «Ըստ Ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների՝ վթարների քանակն աջակողմյան մեքենաների մասնակցությամբ մոտ 28%-ով ավելի է»։

Կառավարությունը հաստատեց նախագիծը, Վաչե Գաբրիելյանն առաջարկեց օրենսդրական սահմանափակումներ ներկայացնել ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ։

«Խնդրում եմ եկող շաբաթ համապաստասխան օրինագիծ ներկայացնել Կառավարությանը, որպեսզի անհետագձելի կարգով ուղարկենք ԱԺ»,- ասաց Գաբրիելյանը։

Նշենք, որ մինչ խորհրդարանը չընդունի այս նախագիծը, այն չի կարող օրենքի ուժ ստանալ։

Լուսանկարը՝ Oleh Kernytskyi / Wikimedia.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter