HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը 99 տարով վարձակալությամբ հողամաս տվեց նախկին պատգամավորի ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող ընկերությանը առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրել պետական սեփականություն հանդիսացող 27 հա հողամաս։

Ինչպես ասվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ «Պարկ գրուպ» ընկերությունը որոշել է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն։ Ընկերությունը խոստացել է կենտրոնը բացել ոչ ուշ, քան 60 ամսվա ընթացքում:

Կենտրոնը կստեղծվի տրամադրված հողամասի վրա՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոցում։

«Պարկ գրուպ»-ը հիմնադրվել է 2017 թվականի հուլիսին, գրանցված է նախկին պատգամավորի բնակության հասցեում՝ Սայաթ-Նովա փողոցում։ Գարեգին Նուշիկյանը պատգամավոր է եղել 2012-2017 թվականներին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։

Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմելու է 22 միլիոն դոլար։ Ներդրումները իրականացվելու են ինչպես պատգամավորի, այնպես էլ` փոխառու բանկային միջոցների ներգրավմամբ: Իսկ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կազմելու են մոտ 6 միլիարդ դրամ։

Բացի այն, որ ընկերությունն առանց մրցույթի պետական հողամաս է ստացել, նաև նախատեսում է դիմել կառավարություն, որպեսզի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներմուծումների համար վճարվելիք ԱԱՀ վճարները 3 տարով տարկետվեն, ինչպես նաև ստանա բոլոր տեսակի մաքսային վճարներից և մաքսատուրքերից ազատվելու իրավունք։

27 հա հողամասն ընկերությանը տրամադրվել է 99 տարի ժամկետով։ Քաղաքապետարանը հողամասի տրամադրման համար մի քանի պայման է առաջ քաշել՝ այն ենթակա է օգտագործման կանաչապատման (այգու ստեղծման), ոչ հիմնական շինություններ տեղադրելու, ճանապարհներ, արահետներ, ավտոկանգառներ և բարեկարգման այլ տարրեր ստեղծելու նպատակով, ինչպես նաև ավելի քան երկու հազար ծառ տնկելու պայմանով։

Ընկերությանը թույլատրվել է ներդրումային ծրագրի իրականացումը լիարժեք ապահովելու նպատակով գրավադրել հողամասի վարձակալության իրավունքը:

Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասի կառուցապատման հարցերի հստակեցումից հետո հողամասի մի մասը, բայց ոչ ավելի քան դրա ընդհանուր մակերեսի 7 տոկոսը, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրվելու է «Պարկ գրուպ»-ին։

Որոշման նախագծում նշվում է՝ հողամասի նկատմամբ սահմանված կարգով օգտագործման իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև հողամասի փաստացի օգտագործողներին, հողամասի ազատման և (կամ) պայմանագրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ամբողջությամբ «Պարկ Գրուպ»-ն է հատկացնելու։ Հետաքրքիր է, որ այդ ֆինանսական միջոցները տրամադրվելու է «Երևան» հիմնադրամին, ոչ թե քաղաքային բյուջեին։ Թե ինչու է քաղաքապետարանը որոշել հիմնադրամին գումարը տրամադրել, ոչ թե մուտքագրել քաղաքապետարանի ֆոնդ, անհայտ է և անհասկանալի։

Ընկերությունը քաղաքապետարանին խոստացել է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող կենտրոն՝ հագեցած  եվրոպական լավագույն արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով՝ բացման առաջին իսկ տարում ընդունելով ավելի քան 300 000 այցելու։

Կկառուցվի շատրվան, որը, ընկերության հավաստմամբ, կկարողանա մրցակցել Միլանում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Սինգապուրում և այլուր տեղադրված հայտնի շատրվանների հետ։

Իսկ 35 մետր բարձրությամբ պտտվող անիվից կերևա Երևանը, կտեղադրվի 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, ավելի քան 60 մետր բարձրությունից՝ ազատ անկման աշտարակ։

Նշենք, որ ընկերության սեփականատեր, 22 միլիոն դոլար ներդրող Գարեգին Նուշիկյանը պատգամավորի պաշտոնը դադարեցնելու 2017 թվականի հայտարարագրում նշել է 388 միլիոն դրամի կարողություն, 27 միլիոն դրամի շահաբաժին և աշխատանքի վարձատրությունից ստացած 2 միլիոն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter