HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սեւան համայնքի գույքը կալանքի տակ կմնա մինչեւ 70 մլն դրամ պարտքը մարելը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ.-ի հոկտեմբերի 12-ին կայացրած վճռով հաստատել է «Սուարդի» բաժնետիրական ընկերության (ԲԸ) հայաստանյան մասնաճյուղի եւ Սեւանի քաղաքապետարանի միջեւ 2017թ-ի սեպտեմբերի 25-ին կնքված հաշտության համաձայնությունը եւ կարճել է քաղաքացիական գործի վարույթը:

Իտալական «Սուարդի» ԲԸ-ն 2016 թ.-ի դեկտեմբերի 5-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Սեւանի քաղաքապետարանից 70 մլն 674 756 դրամ բռնագանձելու պահանջով: Հիշյալ ընկերությունը 2015 թ.-ին ասֆալտապատման եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Սեւան քաղաքում, որի դիմաց չի վճարվել:

Բռնագանձման ենթակա գումարից 62 մլն 874 756 դրամը Սեւանի քաղաքապետարանի պարտքն է ընկերությանը, իսկ 7 մլն 800 000 դրամը` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Կողմերի միջեւ 25.09.2017թ.-ին կնքված հաշտության համաձայնագրով Սեւանի քաղաքապետարանը պարտավորվում է «Սուարդի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղին ունեցած 70 մլն 674 756 դրամ պարտքը վճարել երեք տրանշով՝ հաշտության համաձայնության կնքման պահից սկսած մինչեւ 2019թ.-ի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածը: Քաղաքապետարանը պարտավորվել է՝

  • 20 000 000 դրամը վճարել մինչեւ 2018թ.-ի մարտի 1-ը,

  • 20 000 000 դրամ վճարել մինչեւ 2018թ.-ի դեկտեմբերի 30-ը,

  • 30 674 756 դրամը վճարել մինչեւ 2019թ.-ի մարտի 30-ը:

Կողմերի համաձայնությամբ ամբողջ պետական տուրքի վճարման պարտավորությունը եւ պատասխանատվությունը կրում է Սեւանի քաղաքապետարանը, որից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 1 մլն 796 468 դրամ, եւս 200 000 ՀՀ դրամ կվճարվի «Սուարդի» ընկերությանը՝ նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հայցի ապահովման միջոց կիրառված արգելանքները կպահպանվեն մինչեւ «Սուարդի» ԲԸ-ին գումարն ամբողջությամբ վճարելը: Դատարանը բավարարել էր «Սուարդի» ԲԸ-ի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, եւ հայցագնի չափով արգելանք է դրվել Սեւանի քաղաքապետարանին պատկանող դրամական միջոցների վրա: Քաղաքապետարանի միջնորդությամբ դատարանը 20.02.2017թ.-ին դրամական միջոցների վրա դրված արգելանքը փոխարինել էր քաղաքապետարանին պատկանող գույքով եւ հայցագնի՝ 64 949 500 դրամի չափով արգելանքը դրվել է համայնքային սեփականություն հանդիսացող 4 շենքերի՝ Գագարին, Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի ակումբների եւ Սեւանի երաժշտական դպրոցի վրա:

Դատարանը Սեւանի քաղաքապետարանին զգուշացրել է, որ հաշտության համաձայնության պայմանների եւ ժամկետների առաջին իսկ խախտման դեպքում «Սուարդի» ԲԸ-ն իրավունք ունի դիմել դատարան` կատարողական թերթ ստանալու համար:

Հայցվոր «Սուարդի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղը 2016թ. դեկտեմբերին դիմելով դատարան՝ հայտնել էր, որ մասնակցել է Սեւան համայնքի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնումներին եւ հաղթող է ճանաչվել: 2015թ. սեպտեմբերի 29-ին, «Սուարդի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի լիազոր ներկայացուցիչ Ֆիլիպպո Դուզիոնիի եւ Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի միջեւ կնքվել է Սեւան համայնքի փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքների կատարման պայմանագիր:

2015թ.-ի նոյեմբերի 6-ի կատարողական ակտով պատվիրատուն՝ Սեւանի քաղաքապետարանն ընդունել է համայնքի Նաիրյան փողոցի` Վլ. Կարապետյանի անվան հրապարակին հարող հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որի գումարը կազմել է 63 174 804 ՀՀ դրամ: Կողմերի միջեւ 16.11.2015թ. կնքված կապալի պայմանագրով պատվիրատուն պարտավորվել էր ընդունել կատարված աշխատանքը եւ վարձատրել դրա համար: Պայմանագրի համաձայն՝ նախատեսված ժամկետների խախտման դեպքում, յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա գումարի 0,05%-ի չափով: 

Ինչպես հայտնել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում՝ 2015 թ. ամռանը Սեւան քաղաքում ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ էին իրականացվում: Մինչ այդ, քաղաքի քարուքանդ եւ անանցանելի փողոցների վիճակով մտահոգ Սեւանի քաղաքացիական կազմակերպության ներկայացուցիչներն ու մտավորականները բաց նամակով դիմեցին հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ Սեւանի համար գերխնդիր համարելով համայնքային ենթակայության ճանապարհների եւ փողոցների անմխիթար վիճակը: Կառավարությունն ասֆալտապատման համար գումար հատկացրեց Համաշխարհային բանկի վարկային ծրագրից եւ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզին տրվող «Հրատապ ծրագրից»:

2015 թ. օգոստոսի 14-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասֆալտապատման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով եղավ Սեւանում: Քաղաքապետ Ռ. Ղուկասյանը վարչապետի հետ համաձայնություն ձեռք բերեց քաղաքի Վլ. Կարապետյանի անվան հրապարակն ու հարակից տարածքը եւս ընդգրկել ծրագրում: Նախկին վարչապետը պետբյուջեի պահուստային ֆոնդից լրացուցիչ դրամական օժանդակություն տրամադրելու խոստում էր տվել, սակայն հրաժարական տվեց, եւ խոստացված ֆինանսական օժանդակությունը չտրամադրվեց: «Սուարդի» ԲԸ-ն ասֆալտապատման եւ փոսային լցման աշխատանքներն իրականացրել էր իր միջոցներով, որը չփոխհատուցվեց: Սեւանի քաղաքապետ Ռ. Ղուկասյանը նույնպես չվերընտրվեց եւ պարտքերը մարելու պարտավորությունը փոխանցվեց Սեւանի նորընտիր քաղաքապետին:

Սեւանի քաղաքապետարանի պարտքը 2015 թ. դեկտեմբերի 18-ի դրությամբ կազմել է 114 949 500 ՀՀ դրամ գումար: Քաղաքապետարանը 2016թ. ապրիլի 26-ին վճարել է 29 304 700 դրամ, 2016թ. դեկտեմբերի 23-ին՝ 20 695 300 դրամ, իսկ 64 մլն 949 500 դրամ պարտք է մնացել: Դրան հաշվեգրվել է քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 24.12.2016 թ.-ից մինչեւ պարտավորությունն ամբողջությամբ կատարելու պահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter