HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունցի ֆերմեր. «Ես աշխատանքով եմ իմ ընտանիքը պահել. հերթը հասել է նոր տուն կառուցելուն»

Մեր այցելության նախօրեի գիշերը օձունցի ֆերմեր, անասնաբույժ Սերգո Խանվելյանի Մաշա անունով խոզը 9 գոճի էր ծնել: Ֆերմերի ասելով՝ 2018թ.-ի իր տնտեսության համար դա լավ սկիզբ է:

«Ծննդաբերելիս միշտ մնում եմ մայր խոզերի կողքին, այս անգամ առավոտը գնացի, տեսա՝ անգամ գոմի լույսը վառած չէր, բայց Մաշան նորմալ ծննդաբերել էր: Գոճիներից մեկն ընկել էր գոմի նավակի մեջ ու անվնաս մնացել: Մյուսները իրար կողքի շարված էին»,- հրճվանքով պատմեց Սերգոն:

Սերգո Խանվելյանը

Օձունում Սերգո Խանվելյանին հալալ աշխատանքով ապրող մարդ են բնութագրում: Նա խոզերի 8 մերուն է պահում: Մերունների միջոցով խոճկորներ է բուծում: Ասում է՝ գոճու վրա ծախս չի անում: Մենակ մայր խոզին է կերակրում:

«Մաշայի բերած 9 հատ խոճկորը, որ բարով-խերով քառասունքը դուրս գան, հենց կերին սովորեն, արդեն ծախվելու են: Եթե 9 գոճին էլ Մաշան պահի, տակը չգցի, յուրաքանչյուր գոճին  25 հազար դրամ է: Դա գումար է լինում արդեն: Մաշան այս տարի դեռ մեկ անգամ էլ  պետք է ծնի: Խոզը հարմար է իմ գործի մեջ: Սար չի գնում, դաշտ չի գնում, դուրսուներս չի անում»,- հաշվարկում է ֆերմերը:

Սերգոն այս պահին նաև 5 ծանրած ոչխար, 4  կով ունի, 6 հատ սուբահ մոզի է պահում, երկուսը վաճառել է, 4-ն էլ գարնանն է վաճառելու: Նա նորից կաթնային հորթեր է գնելու, մեծացնելու, մեկ տարեկանում 100 կգ մսի հասցնելուց հետո վաճառելու է: «Գարնանը խոճկորներ ու գառներ եմ վաճառում, մեկ էլ էդ մոզիներն են, որոնք մեր ընտանիքին եկամուտ են բերում»,- բացատրում է նա:

Իր գործը Սերգոն սկսել է 2 կովից: Հիմա 4-5 կով ունի: Ասում է՝ շատ հեշտությամբ կարող է իր կովերի քանակը 100 դարձնել: Բայց միայն ինքն ու տղան՝ Արթուրն են տնտեսությունը ղեկավարում, աշխատուժ է պետք: Անասունը ինչքան շատ է, աշխատանքն այնքան ծանր է: Օձունում աշխատող չեն գտնում: Իր ասելով՝ անասուններից ստացած եկամուտը ներդնում է դաշտում՝ ցանքսի համար:

Նա 5 հա հող է մշակում: Արդեն 3 հա ցորենի աշնանացան է արել: Գարնանը 1 հա եգիպտացորեն է ցանելու, 1 հա էլ՝ կարտոֆիլ: Ասաց՝ կարտոֆիլի սերմացուն այս տարի փոխելու է, նոր սերմացուն Գեղարքունիքի մարզից է բերել: Երկու-երեք տարին մեկ սորտը փոխում է, քանի որ մի քանի անգամ վերացանքս անելուց հետո կարտոֆիլի սերմը որակազրկվում և բերքատվությունից ընկնում է:

Պատմեց, որ կարտոֆիլի արտադրության ժամանակ հողը գոմաղբով պարարտացնում է ու ջրում: Հողին սելիտրա տալիս է այնքան, որ բույսը «ժաժ ընկնի», մի քիչ բարձրանա: Նշեց, որ սելիտրան իր մեջ մնացորդային ազոտ է պարունակում, շատ պարարտանյութ տալու դեպքում դա դառնում է թույն:

«Իմ կարտոֆիլը հիմա էլ ավտոտնակում լցված է, փտել չկա: Իսկ ուրիշները բողոքում են: Կարտոֆիլի փտելը հողին շատ սելիտրա տալու արդյունք է: Կարտոֆիլը սելիտրայով չափից ավելի պարարտացնելը մարդու օրգանիզմի համար քաղցկեղածին է: Երբ սելիտրայով նորմայից շատ պարարտացված կարտոֆիլ են օգտագործում, օրգանիզմում կամաց-կամաց ազոտը ավելանում է: Պարզ չէ՞, որ մարդու կյանքի համար դա վտանգավոր է»,- բացատրում է անասնաբույժը:

Սերգոն կարծում է, որ ոչ միայն Ծաթերում, Արևածագում և Օձունում, այլ գյուղական բոլոր բնակավայրերում կարտոֆիլի սելիտրայով պարարտացումը մասնագետների միջոցով պետության կողմից պետք է վերահսկվի: Սելիտրան նպաստում է կարտոֆիլի աճին՝ խոշորացնում է:

«Հեկտարի վրա ցանվում է 3 տ կարտոֆիլ, այդ  դեպքում 200 կգ սելիտրա կարող ես տալ կարտոֆիլի մշակման ժամանակ: Հիմա գյուղերում էս գործընթացը վերահսկելու համար ագրոնոմ չկա: Ում խելքն ինչքան կտրում է, կարտոֆիլին սելիտրա է տալիս: Հողը մշակելու գործում գյուղացին անգրագետ է: Նա չի պատկերացնում սելիտրան չարաշահելու վտանգները:

Բացի դրանից, իր խոշոր կարտոֆիլը նա էկոլոգիական գիտելիքներ չունեցող մեր գնորդներին արագ է վաճառում: Սերգոն իր գյուղատնտեսական մթերքներն արտադրում է այն սկզբունքով, որ այն ուտելուց հետո իր երեխան չհիվանդանա: Իր ասելով՝ նա հիմա նաև իր տնտեսության ագրոնոմն է:

«Ում է պետք մայրաքաղաքի սուպերմարկետների խոշոր կարտոֆիլը: Թե այդ կարտոֆիլը ոնց է արտադրվել, գնորդին դա պետք չի: Բայց արտասահմանում այդպես չէ: Լաբորատորիաներ գոյություն ունեն: Պալարը վերցնում են՝ ազոտի պարունակությունը և լրիվ միկրոտարրերը ստուգվում են»,- ասում է նա:

Սերգո Խանվելյանն իր տունը պահում է դաշտը, ապրանքը և անասնաբուծության գործը իրար հետ կցած: Այդ գործում հորն օգնում է որդին՝ մասնագիտությամբ նույնպես անասնաբույժ Արթուր Խանվելյանը: Սերգոն ասում է, որ հայրն Օձունի սովխոզում բրիգադիր է աշխատել: Հիշեց, որ հայրը տարածաշրջանում Հոկտեմբերյան հեղափոխության միակ շքանշանակիրն է եղել:

«Մենք ընտանիքում 7 երեխա ենք եղել՝ 2 քույր, 5 եղբայր: Եղբայրներս Օձունից հեռացել են. որը Ռուսաստան է գնացել, որն էլ Երևանում է: Ես տան փոքրն եմ եղել: Կյանքը, որ վատացավ, համարյա իմ տեղն էլ էր նեղացել, դժվարությունների մեջ էի հայտնվել: Քանի որ տանը մեծ ծնողներ ունեի, չուզեցի հեռանալ գյուղից: Երիտասարդ էի, բայց մտածեցի գյուղում կասեն հայրս ու մայրս 7 երեխա ունեն, մի գդալ ջուր տվող չունեն: Անտերուդուրս չմեռնեն: Գոնե տանը մեկս պետք է լիներ, որ հիվանդանալ կա, ծերանալ կա: Իմ ծնողներին իմ ձեռքով տեղավորեմ, խիղճս հանգիստ է: Հորս նման աշխատել եմ, քրտինքով ստեղծել եմ, պահել եմ ընտանիքս»,- ասաց Սերգոն:  

Նա դժգոհ չէ իր աշխատանքից: Ասում է՝ աշխատող մարդը կարող է մի բան գտնել, պահել իր տունը: Իր երեք երեխաներին, հարսն էլ 4-րդը՝ ուղարկել է սովորելու: Սերգոն դեմ է արտագնա աշխատանքի մեկնողներին և հայրենիքից արտագաղթողներին. «Գիտեք ինչու, մարդը էդ մի կյանքն է ապրում: Էդ կյանքն էլ երազի պես կարճ է: Նա այլ երկիր է գնում-գալիս՝ ընտանիքներ են քայքայվում»,- բացատրում է:  

Սերգոն պետության վրա շատ է զարմանում, որ փակ դռները շատանում են՝ տեր չի լինում: Անասնաբույժ ֆերմերը գյուղի անասուններին սրսկելու համար գյուղի թաղամասերում ման գալիս տեսնում է փակ շատ դռներ: «Օրն օրին փակ դռները շատանում ա: Պետք է չգնան մարդիկ, պետք է մեր երկիրը շենացնեն»,- ասում է:

Սերգոյի խոսքով՝ պետությունը ժողովրդին «թամբալացրել» է: Կան երիտասարդներ, որ հողի և անասունի աշխատանքը չեն սիրում, բայց «մեր մեծերը պահել են, պտի պահվի»: «Պետք է ստեղծես, արարես, արտադրանք տաս: Էնա մենակ առևտուրն է, մենակ առևտրով գործ կլինի՞: Մարդը պետք է արտադրություն ունենա: Հիմա մենք օրինակ շուրջ 50 հավ ունենք, ձու ենք արտադրում, անարատ պանիր ենք արտադրում, միս ենք արտադրում և վաճառում, խոճկոր, գառ, ցորեն, ալյուր, կարտոֆիլ ենք ծախում:

«Ես շուկա չեմ տանում իմ ապրանքը: Գնորդները իրենք գտնում են մեզ: Հիմնականում գալիս են տնից տանում»,- պատմեց Սերգոն: Կինը՝ Անգինը, նշեց, որ բարձրագույն կրթությամբ անասնաբույժ ամուսինը օրվա մեջ 5 րոպե դադար չունի, բայց անասնաբույժի աշխատավարձ էլ չունի: Օձունը 2175 կով, 700 հատ խոզ, 5 հազար թռչուն և շատ ոչխար ունի: Այս կենդանինների և թռչունների առողջությանը հետևում է 2 անասնաբույժ, բայց աշխատավարձ չեն ստանում:

«Վարձատրվում ենք միայն պատվաստելու համար: Պետպատվերով դեղորայք ենք ստանում՝ վարակիչ 4 հիվանդությունների համար: Երբ իմ դեղով եմ գնում անասունին բուժում, մեկ-մեկ իմ գնալու գինը տալիս են: Բայց կա գյուղացի՝ հնարավորություն չունի, դեղի փողն էլ չի տալիս: Հարմարվում ենք մարդկանց հետ»,- պատմեց Սերգոն:  

Կինը՝ Անգինը, հիշեց, թե Սերգոն ինչպես է կարմիր դիպլոմով 1986թ.-ին ավարտել Գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուժական և անասնաբուծական ֆակուլտետը. «Սերգոյի սովորելու տարիներին երկու երեխա ունեինք: Երևանում վարձով էինք ապրում: Սերգոն հասցնում էր՝ ինստիտուտում գերազանց էր սովորում, երեխաների սննդի հարցն էլ լուծում էր»:

Մեզ հետ զրույցում Սերգոյի որդին՝ Արթուրը, ասաց, որ երբեք Ռուսաստան չի գնա և ծնողներին մենակ չի թողնի: Անգինն էլ պատմեց, որ երեխաներին կրթության են տվել, մեծ հարսանիքներով ամուսնացրել են՝ ընտանիք են կազմել: Հիմա 4 թոռնիկ ունեն: «Ես աշխատանքով եմ իմ ընտանիքը պահել. հերթը հասել է նոր, գեղեցիկ տուն կառուցելուն»,- ասաց ֆերմեր Սերգո Խանվելյանը:

Մեկնաբանություններ (3)

Լևոն
Ջան...հոգիս փառավորվեց, ՀՈՂՍ դեռ շենացնող կա...
Սիրակ
Աստված իրենց հաջողություն ու առողջություն տա, - մեր հարազատ պետությունն էլ միայն չխանգարի:
Ավագ Մոսինյան
ԱՍՏՎԱԾ երկար կյանք տա ՍԵՐԳՈՅԻՆ:Նա օգնում էնաև Օձունին միացված համայնքների ֆերմերներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter