Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Զվարթնոցը» թարմացրել է նախորդ տարվա ռեկորդը (ինֆոգրաֆիկա)



ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունն ամփոփել է Երեւանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների՝ նախորդ տարվա հիմնական արտադրական ցուցանիշները: Այս հոդվածում կանդրադառնանք «Զվարթնոցին»: Ցուցանիշները ներառում են թռիչք-վայրէջքների (մեկ թռիչքն ու մեկ վայրէջքը հաշվվում են իբրեւ մեկ հատ), մեկնած ու ժամանած ուղեւորների (կներկայացնենք ընդհանուր քանակը) եւ առաքված ու ներմուծված բեռների քանակը (տոննայով, այս թիվը նույնպես կներկայացնենք ընդհանուր):

Միանգամից ասենք, որ երկրի գլխավոր օդանավակայանը թարմացրել է 2016-ին գրանցած ռեկորդը: Այդ տարի «Զվարթնոցն» ընդունել ու ճանապարհել էր 2.105.540 ուղեւորի, իսկ 2017-ին թիվն աճել է՝ դառնալով 2.452.474: Սա 1992-ից հետո օդանավակայանի լավագույն ցուցանիշն է: Ինֆոգրաֆիկայով ցույց տանք վերջին 5 տարիների (2013-2017 թթ.) արդյունքները: Բացասական է եղել միայն 2015-ը, երբ աճի փոխարեն անկում է գրանցվել:

Ամսական կտրվածքով «Զվարթնոցում» լավագույն ցուցանիշներն ավանդաբար գրանցվում են օգոստոսին: Տարվա ընթացքում հունվարից հետո փետրվարին միշտ անկում է լինում, ապա սկսվում է աստիճանական աճ, որը պիկին է հասնում ամռան վերջին: Դրանից հետո կրկին նվազում է լինում, որը որոշակիորեն մեղմվում է դեկտեմբերին:

Որպես այս տատանումների պատճառ կարող ենք նշել, որ հունվարյան ցուցանիշը պայմանավորված է ոչ միայն տուրիստների հոսքով, այլեւ արտերկրում աշխատող հայաստանցիների մեկնումով, փետրվարն ավանդաբար պասիվ ամիս է զբոսաշրջության ոլորտում, իսկ մարտի վերջին բացվում է ամառային աերոնավիգացիոն սեզոնը՝ ավելացվում թռիչքների քանակն ու հաճախականությունը, զուգահեռաբար՝ ուղեւորահոսքը: Աշնանային անկումից հետո դեկտեմբերյան հարաբերական աճն էլ ոչ միայն տոներին Հայաստան ժամանող արտասահմանցիներով, այլեւ դրսում աշխատող տեղացիների ներհոսքով է պայմանավորված:

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին (այս թիվը զուտ առաքված ու ներմուծված բեռների քաշն է ցույց տալիս, որը չի ներառում ուղեբեռը), ապա նախորդ տարվա ցուցանիշը կրկին գերազանցել է 2016-ի արդյունքը՝ անցնելով 20.000 տոննայի շեմը: Ահա, թե ինչպիսի պատկեր է եղել վերջին 5 տարիներին «Զվարթնոցով» բեռնափոխադրումների ոլորտում:

Ի տարբերություն ուղեւորահոսքի՝ բեռնափոխադրումներն ամսական կտրվածքով ձեւավորված որեւէ միտում չունեն: Կոնկրետ 2017-ին լավագույն ամիսները եղել են մարտ-ապրիլն ու օգոստոսը, իսկ, օրինակ, 2016-ին այդպիսին էր նոյեմբերը:

2017-ին թռիչք-վայրէջքները գլխավոր օդանավակայանում նույնպես աճել են: 2014-ից հետո կրկին հաջողվել է անցնել 10 հազարի շեմը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. ani01:23 - 12 հունվարի, 2018
encouraging ! God help and bless Armenia !
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ