Շաբաթ, 21 ապրիլի

Շատ կարեւոր 90 քառակուսի մետր. կանաչ տարածքը դրվել է կառուցապատման



Տավուշի մարզկենտրոնի սրտում գտնվող փոքրիկ մի կանաչապատ տարածք դարձել է դատական պրոցեսների, պետական մարմինների ու ձեռներեցների վեճի առարկա:

1998 թվականին Իջեւանի քաղաքապետարանը «Հովք» Ա/Ձ-ի տնօրեն Խաժակ Թանանյանին բացօթյա սրճարանի համար տարածք է հատկացրել: Հատկացմանը նախորդող 6 տարիներին արդեն Թանանյանը ձեռնարկատիրական գործունեություն էր ծավելել այդ տարածքում, գործարկել սեփական սրճարանը, խնամում ու բարեկարգում էր տարածքը:

2007 թվականի հունիսի 25-ին, նույն՝ Երեւանյան 14 հասցեի 90 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մրցույթի արդյունքներով, 99 տարի ժամկետով տրվել է Իջեւանի մեկ այլ բնակչի՝ Արտուշ Օհանյանին, որը պատրաստվում է կանաչ տարածքում առեւտրի եւ սպասարկման օբյեկտ կառուցել:

Այս 90 քմ մակերեսով հողակտորը մասն է այն հողամասի, որը Խաժակ Թանանյանը 1992 թվականից մշտապես խնամել է, տնկել մշտադալար ծառեր, թփեր, կառուցել բետոնե արահետներ, նստարաններ ու զրուցարաններ, անցկացրել լուսավորություն ու ոռոգման համակարգեր։ Սրճարանային ինվենտարի պահպանությունն իրականացնելու նպատակով 1999 թվականից պայմանագրեր ունի ոստիկանության հետ, քաղաքապետարանից՝ տեղեկանք, սերտիֆիկատ, լիցենզիայի, ձեռնարկության պետական գրանցման վկայական, տարածքի վարձակալության եւ սրճարանային գործունեության պայմանագրեր, տեղական տուրքերի ու այլ վճարների անդորրագրեր։

Սակայն 2007 թվականին տեղի է ունեցել հողամասը վարձակալության հանձնելու մրցույթ, որին Թանանյանը, տեղյակ չլինելով, մասնակցության հայտ չի ներկայացրել: Մրցութային հանձնաժողովի արձանագրության մեջ նշված է, որ մրցույթին մասնակցել է երկու անձ՝ Իջեւանի բնակիչներ Նարեկ Օթարյանը եւ Արտուշ Օհանյանը։ Կառուցապատման իրավունքի մեկնարկային գինը եղել է 1800 դրամ, եւ հաղթող մասնակիցը՝ Արտուշ Օհանյանը, առաջարկել է 10 հազար 800 դրամ։

Մրցույթից մեկ տարի անց՝ 2008 թվականին, Արտուշ Օհանյանը Խաժակ Թանանյանին հայտնել է, որ տվյալ հողակտորի նկատմամբ ունի վարձակալի իրավունք, եւ սրճարանի տիրոջն առաջարկել է ազատել «ինքնակամ զբաղեցված տարածքը»՝ իր կողմից կառուցապատման աշխատանքներ սկսելու համար:

Արտուշ Օհանյանը նաեւ հայց է ներկայացրել դատարան այն մասին, որ Խաժակ Թանանյանը զավթել է իրեն պատկանող տարածքը եւ պետք է ազատի այն:

Ահա թե ինչ է պատմում Խաժակ Թանանյանը. «Իմ կողմից խնամված տարածքի մի մասը, որ նույնպես կանաչապատ տարածք է, 90 քմ մակերեսով, Իջեւանի արդեն նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը կառուցապատման իրավունքով տվել է Արտուշ Օհանյանին: Բայց գործարքն արվել է շատ փնթի ձեւով: Անգամ վարձակալության պայմանագրի պատճենը բնօրինակի հետ ժամկետի տարբերություն ունի՝ 1 տարի 2 ամիս ժամկետով: Ես Ազգային արխիվից ինչ փաստաթուղթ հնարավոր է եղել՝ վերցրել եմ, համեմատել: Ո´չ արխիվում, ո´չ քաղաքապետարանում որեւէ փաստաթուղթ՝ առ այն, որ աճուրդ է տեղի ունեցել, պահպանված չէ: Ամեն ինչ կազմակերպվել է խիստ գաղտնի ձեւով»:

Ըստ Թանանյանի՝ մրցույթի անցկացման վայրի հասցեն դրա վերաբերյալ հայտարարությունում, որը տպագրվել է Իջեւանի քաղաքապետարանի պաշտոնաթերթում, թերի է նշվել: Բացի այդ՝ չեն նշվել մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածի ժամերն ըստ օրերի, մրցույթի ձեւը եւ անցկացնելու կարգը, պայմանները:

Դատական գործերի շարան

Խաժակ Թանանյանն իր հերթին հակընդդեմ հայցով դիմել է դատարան` տեղի ունեցած մրցույթն անվավեր ճանաչելու պահանջով: Ի թիվս այլ պնդումների, հայցվորը նշել է, որ մրցութային հանձնաժողովի կազմում ավագանու անդամ չի եղել, ինչը կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 «Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի եւ օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման խախտում է:

«Իջեւանի քաղաքապետարանը, հանդիսանալով մրցույթի կազմակերպիչ, հնարավորինս խախտել է մրցույթի կազմակերպման ու իրականացման` օրենքով սահմանված պահանջները: Մինչդեռ ինքս տաասնամյակներ շարունակ հանդիսացել եմ հողամասի փաստացի տիրապետողը, այն տիրապետում էի տեղական ինքնակառավարման մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա եւ ուղղակի շահագրգռված էի մրցույթին մասնակցության ու հաղթելու հարցում: Բացահայտ բարեխիղճ ու անընդմեջ բնույթ կրող տիրապետումս շարունակվում է առ օրս, որովհետեւ Արտուշ Օհանյանը չի ներկայացել որպես այդ իրավունքի կրող: Նա տարիներ շարունակ ոչ միայն չի վճարել վարձակալության պայմանագրով սահմանված վճարը ու չի ակնկալել կամ պահանջել Իջեւանի քաղաքապետարանից՝ կատարել հողամասն իրեն հանձնելու պայմանագրային պարտավորությունը»,-պատմում է սրճարանի սեփականատերը:

Արտուշ Օհանյանը 2007 թվականից մինչեւ 2015 թվականը ներառյալ համայնքային բյուջե կատարել է ընդամենը 14 հազար դրամի վճարում, միայն՝ 2008 թվականին։ Մնացած տարիներին համայնքի հանդեպ պայմանագրով ունեցած վճարման պարտավորությունը չի կատարել, ինչը, Թանանյանի խոսքով, հիմք է ստեղծում կասեցնելու Օհանյանի` կառուցապատման իրավունքը տվյալ հողամասի նկատմամբ։

Խաժակ Թանանյանի հակընդդեմ հայցը դատարանը մերժել է` կիրառելով հայցային վաղեմություն: Ավելին, Վճռաբեկ դատարանի վճիռ կա այն մասին, որ ձեռներեցը պետք է Արտուշ Օհանյանին տրված տարածքից ապամոնտաժի իր տեղադրած տաղավարները: Թանանյանը տաղավարները ապամոնտաժել է` հետեւելով դատարանի վճռին, բայց էլի չի համարում, որ տարածքը պատկանում է Արտուշ Օհանյանին:

«Այդ 90 քմ-ում խոտածածկ շալաշներ էլ ունեմ, որոնք, ըստ էության, զրուցարան են, ոչ թե տաղավար: Դրանք չեմ հանել եւ չեմ հանելու: Երբ Արտուշ Օհանյանի հետ վարձակալության պայմանագիր է կնքվել, քաղաքապետարանը պարտավորվել է հնգօրյա ժամկետում հանձնում-ընդունում անել, ինչը արված չէ: Հանձնման-ընդունման ակտը շատ կարեւոր փաստաթուղթ է: Ես ենթադրում եմ, որ դա քաղաքապետի կողմից միտումնավոր է արվել, կիսատ բաներ են թողնվել պրոցեսից, որպեսզի յուրաքանչյուր ընտրության ժամանակ էդ մարդիկ ձայներ բերեն իրեն»,-ասում է Թանանյանը:

Նա ուզում է, որ իր տարիների աշխատանքը շարունակի մնալ համայնքին, ոչ թե՝ կանաչապատ տարածքում շինություն կառուցվի: «Ես էդ տարածքից մեծ եկամուտ չեմ էլ ստանում, ավելին` ցանում եմ, ջրում եմ, խնամում եմ: Էդտեղ շինարարություն չկա, ամբողջությամբ կանաչ է: Բայց եթե կառուցապատման իրավունքով իրենք մի խանութ կամ մի այլ բան պետք է կառուցեն, ի՞նչ արժեք ունի իմ արածը: Շինություն՝ կանաչ տարածքու՞մ, ծառերի մե՞ջ»,-ասում է ձեռներեցը:

Արտուշ Օհանյանն ունի իր փաստարկները: Նրա պնդմամբ՝ մրցույթի վերաբերյալ հայտարարությունը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 26.05.2007թ. թիվ 99/4195 համարում: Իսկ վարձակալության պայմանագիրը հաստատվել է նոտարական կարգով եւ 10.10.2007թ. ստացել պետական գրանցում:

Առանց լոտի ու հասցեի

Սկզբնական եւ հակընդդեմ հայցերով որպես երրորդ անձ ներգրավվել է Իջեւանի քաղաքապետարանը: Խաժակ Թանանյանի հակընդդեմ հայցի կապակցությամբ դատարան ներկայացրած գրավոր դիրքորոշման մեջ Իջեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ հակընդդեմ հայցը համարում են հիմնավոր, կարծում են, որ մրցույթի կազմակերպիչ, նախկին քաղաքապետ Ներսիսյանը թույլ է տվել օրենքով սահմանված ժամկետի խախտում, չի պահպանել ո´չ 30-օրյա, ո´չ էլ մեկամսյա ժամկետը: Խոսքը մրցույթի հրապարակային ծանուցման մասին է:

Թերթում տրված հայտարարության մեջ նշված է. «Իջեւանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ՝ Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի վրա, շատրվանների կամրջից հյուսիս 90քմ հողամասը հասարակական կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ»: Համայնքային արդեն ներկայիս իշխանությունների պնդմամբ՝ նախորդ իշխանությունները, հանձին նախկին քաղաքապետի, սույն բովանդակությամբ ավելի շուտ ապատեղեկատվություն են տարածել, որը հրապարակային ծանուցման սուբյեկտ հանդիսացող ՀՀ ցանկացած քաղաքացու ոչ թե ծանուցելու, այլ ավելի շուտ ապակողմնորոշելու միտում ունի:

««Շատրվանների կամրջից հյուսիսը» նախ ենթադրում է աշխարհագրական որոշակի գիտելիքների իմացություն, բացի դա՝ զուտ աշխարհագրական առումով զրոյից մինչեւ փաստացի անսահմանություն է ներառում, որովհետեւ նշված չէ թե «շատրվանների կամրջից» քանի մետր, ոտնաչափ կամ կիլոմետր «դեպի հյուսիս» պետք է որոնել լոտի առարկա «90քմ» հողամասը: 

Հատկանշական է, որ այդ տարիներին Իջեւանի քաղաքապետարանից ցանկացած տեղեկության արտահոսքը վերահսկվում էր համայնքի գործող ղեկավարի կողմից, ինչն ապացուցելի է համայնքի բազմաթիվ բնակիչների ցուցմունքներով, եւ առանց դրա համար վերջինիս կամքի արտահայտության պարզապես բացառվում էր տեղեկացվածությունը: Հրապարակային ծանուցում հիշեցնող հայտնի հայտարարությունն իր բովանդակությամբ եւ էությամբ հրապարակային ծանուցմամբ հրապարակման ենթակա տեղեկության քողարկում էր: Հարց է ծագում. ինչպե՞ս կարող էր տեղեկանալ Խաժակ Թանանյանը, որ մրցույթի առարկա կառուցապատման իրավունքը վերաբերում է հատկապես նրա կողմից տարիներ շարունակ զբաղեցված, իր փաստացի տիրապետության տակ գտնված հողամասին:

Չէ՞ որ հրապարակային ծանուցման տեքստում լոտը նկարագրված չէր, նշված չեն ո´չ ծածկագիրը եւ ո´չ էլ հասցեն: Բացի դա՝ այդ տարիներին գործած մրցութային հանձնաժողովն, ի խախտումն օրենքի պահանջի, իր կազմում ավագանու որեւէ անդամ չի ունեցել եւ ամբողջությամբ կազմված է եղել Իջեւանի քաղաքապետարանի վարչակազմի աշխատողներից:

«Իջեւանի քաղաքապետարանի եւ Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանման արխիվում չի պահպանվել՝ չկա որեւէ գրավոր տեղեկություն առ այն, թե երբ, որտեղ, ինչպես ստեղծվեց մրցութային հանձնաժողովը, ինչը եւս հանգամանք է, որ փաստում է այդ մարմնի ապօրինածին գոյությունը»,-սա Իջեւանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումն է:

Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն էլ պնդում է, որ ամեն ինչ արել է օրենքի սահմաններում։ «Հետք»-ի հետ զրույցում նա ասաց․ «Մրցույթները երբեք փակ չեն լինում։ Այսքան տարի անցել է։ Եթե Թանանյանն ուզում է Օհանյան Արտուշի իրավունքը վիճարկել այսքան ժամանակ հետո, ինձ համար անհասկանալի է։ Այն ժամանակ կարող էր գալ եւ մասնակցել մրցույթին։ Մեզ ավելի ձեռնտու էր, որ նա վարձակալության վճար տար համայնքին, քան օդում, առանց որեւէ կարգավիճակի՝ խնամեր տարածքը։ Եթե ես սխալ եմ կատարել, թող գործող քաղաքապետը շտկի։ Ինձ համար էս պատմությունն այնքան էլ հասկանալի չէ»։

Թե ինչպես կլուծվի 90 քմ մակերեսով կանաչ տարածքի հարցը, դեռ անհայտ է: Փաստաթղթերով այն տիրապետողը պնդում է, որ օրինական վարձակալ է, իսկ առանց փաստաթղթերի, բայց իրական տիրապետողը դժվարությամբ է ազատվում ավելի քան 20 տարի իր խնամած ու բարեկարգած տարածքից:

Դատելով դատարանի վճիռներից` այնպիսի տպավորություն է, որ Երեւանյան 14 հասցեի 90 քմ մակերեսով հողամասը, մեկ է, գնալու է «կառափնարան»՝ վերածվելու է շինհրապարակի, ինչպես ամբողջ հանրապետությունում են կանաչ տարածքներն օրեցօր վերածվում շինհրապարակի:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Խաժակ Թանանյան12:54 - 12 հունվարի, 2018
Շնորհակալություն «ՀԵՏՔ» թերթի աշխատանքային ողջ կոլեկտիվին և տնօրինությանը , նաև այն ընկերներիս , ովքեր օգնեցին ինձ այս պատմության փակ էջերը և ամբողջ իրականությունը մանրամասնորեն և ճշգրիտ լուսաբանելու ...
2. Լուսիկ20:37 - 12 հունվարի, 2018
Ինչպիսի գեղեցկություն, զգացվում է, որ մեծ սիրով է ստեղծվել այս ամենը: Սթափվեք, մի քանդեք ստեղծածը, հիշեք՝ "ломать - не строить".
3. Շուշան Ղազարյան03:40 - 13 հունվարի, 2018
Շնորհակալություն "Հետքի" ստեղծագործական կոլեկտիվին։ Նրանք այնտեղ են, որտեղ ցավն է ու խնդիրը։ Հարգանքներս, սիրելի կոլեգաներ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ