Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հայաստանից պղնձի արտահանումն աննախադեպ ծավալների է հասել



2017 թվականի ընթացքում միջազգային շուկայում պղնձի գինը շարունակաբար աճել է։ Տարվա վերջին ամիսներին մեկ տոննայի գինը հատել է 7 հազար դոլարի շեմը։  Պղինձ արտահանող երկրների համար 2017-ը նպաստավոր տարի էր, այդ թվում՝ Հայաստանի, որի արտահանման կազմում պղինձը տարիներ շարունակ առաջատար դիրք է գրավում։

Գները միջազգային շուկայում

Վերջին մեկ տարում պղնձի գինն, ըստ Լոնդոնի մետաղների բորսայի (The London Metal Exchange, LME), նման դինամիկա է գրանցել (տե՛ս ինֆոգրաֆիկան)։  Ուշադրություն դարձնենք հատկապես տարվա կեսից՝ հուլիսից գրանցված պատկերին, երբ գների աճն ավելի տեսանելի դարձավ։ Տարեվերջին այն անցավ 7 հազար դոլարի շեմը, որը ռեկորդային ցուցանիշ էր վերջին երկու տարիների համար։ 

 

(Cash Buyer)

Պղնձի գնի վրա որոշիչ ազդեցություն ունի Չինաստանի տնտեսությունը։ Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ այս երկիրը հանքահումքի խոշորագույն սպառողն է աշխարհում։  Պղնձի գնաճը 2017 թվականին մեծամասամբ պայմանավորված է Չինաստանում դրա սպառման ծավալների ավելացմամբ, ինչպես նաև՝ չինական տնտեսության աճի վերաբերյալ դրական կանխատեսումներով։

 

Պղնձի  գնի դինամիկան վերջին 10 տարիներին՝ ըստ Լոնդոնի մետաղների բորսայի 

(Cash Buyer)

 

11 ամսում Հայաստանից ավելի քան 440 հազար տոննա պղնձի խտանյութ է արտահանվել

Միջազգային շուկայում պղնձի գնի բարձրացումը նպաստել է Հայաստանից պղնձի խտանյութի արտահանման մաքսային արժեքի բարձրացմանը։ Զուգահեռաբար, աճել են պղնձի արտահանման ֆիզիկական ծավալները։ 

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանվել է ավելի քան 444 հազար տոննա պղնձի խտանյութ (հանքաքար և խտանահանք)` 527 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։ 

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ 397 հազար տոննա պղնձի խտանյութ՝ մոտ  357 մլն դոլար արժեքով։ Այսինքն՝ աճել է ոչ միայն մաքսային արժեքը, այլև՝ քանակը։ Քանի որ 2017 թվականի տարեկան տվյալները դեռ հրապարակված չեն, առայժմ չենք կարող հստակ հաշվարկել, թե տարեկան աճը որքան է կազմել։ Բայց երևում է, որ այս անգամ մաքսային արժեքն ավելի արագ տեմպով է աճել, քան քանակը՝ ի տարբերություն 2016 թվականի։ Դրան նպաստել է միջազգային շուկայում պղնձի գնաճը։

Մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ պղնձի խտանյութի արտահանման թե՛ քանակը, թե՛ մաքսային արժեքը 2017-ին ամենաբարձր արդյունքներն են գրանցել առնվազն վերջին տասը տարիներին։

2017 թվականի առաջին 11 ամիսների տվյալները բավական են` հասկանալու, որ 2017-ին պղինձն ավելի թանկ գնով է արտահանվել, քան 2016-ին։ Այսպես, մեր հաշվարկներով` 2016 թվականին արտահանված պղնձի խտանյութի մեկ տոննայի միջին գինը կազմել է մոտ 900 դոլար, իսկ  2017-ին՝ մոտ 1190 դոլար։ Պղնձի միջազգային գնային տատանումներին զուգահեռ Հայաստանից արտահանման մեկ տոննայի միջին գինը խիստ տատանվել է։ Օրինակ՝ 2010-2011 թվականներին այն մոտեցել է 2500 դոլարի։ Հիշեցնենք, որ պղինձը Հայաստանում վերջնական մշակման չի ենթարկվում։ Այն արտահանվում է «հում» տեսքով։

Հայաստանից պղինձն արտահանվում է հիմնականում Բուլղարիա, Չինաստան, Շվեյցարիա, Վրաստան ու Գերմանիա։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ հիմնական արտահանող ընկերություններն են «Զանգեզուրի ՊՄԿ»-ն, «Թեղուտ»-ը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Ախթալայի ԼՀԿ»-ը, «Արմենիան քափըր փրոգրամ»-ը, «Կապանի ԼՀԿ»-ն։  Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս ընկերությունները դասվում են հանրապետության 1000 խոշոր հարկատուների շարքին։

Հայաստանից արտահանվում է ոչ միայն պղնձի խտանյութ, այլև՝ չզտած պղինձ և պղնձի թափոն ու ջարդոն, որոնց և՛ քանակը, և՛ մաքսային արժեքը ավելի փոքր են։ Օրինակ՝ նախորդ տարվա  հունվար-նոյեմբերին արտահանվել է մոտ 11 հազ. տոննա չզտած պղինձ՝ մոտ 64 մլն դոլարով։

Ազգային վիճծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 394  հազար տոննա պղնձի խտանյութ, որը 10.1%-ով գերազանցում է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Մեզնից հետո ջրհեղեղ!20:55 - 12 հունվարի, 2018
Միթե ճիշտ չէր լինի հումքի մի մասը վերամշակել ու տեղում ստանալ էլեկտրոտեխնիկական մաքուր պղինձ, ինչպես որ նախկինում էր արվում: Այս դեպքում բազմաթիվ լուրջ գործարաններ հնարավոր կլիներ վերականգնել ու մեծաթիվ աշխատատեղեր ստեղծել՝ կաբելի, էլեկտրոշարժիչների, Հայէլեկտրոյի որոշ արտադրամասեր եւ այլն: Այսպիսով հնարավոր կլիներ նաեւ փոքր ինչ սահմանափակել գիշատիչ հանքահանությունը եւ անցնել խնայողական ռեժիմի: Ո՜վ եւ Ի՜նչն է խանգարում այս հասկանալի մոտեցմանը:
2. s.s.09:50 - 13 հունվարի, 2018
Big trade on the sacred Armenian soil! And the benefits go to how many fat men? One or two or three?
3. Վարազ Սյունի20:05 - 13 հունվարի, 2018
Հայ ժողովրդին ես ՊԱՐԶ մի հարց եմ ցանկանում տալ. ի՞նչու այս հանքերի ԳՈՆԵ մի մասի սեփականատեր պետությունը չէ: Ի՞նՉՈՒ են այս բոլոր հանքերը մասնավոր (ու հաճախ օտարին հարստացնում): Ի՞նչու:
4. Թորոս Ալեքսանյան22:20 - 15 հունվարի, 2018
Վարազ Սյունի այս հանքերի ԳՈՆԵ մի մասի սեփականատերը պետությունը չէ, որովհետև Հայաստանը դասական ԳԱՂՈՒԹ Է, այլ ոչ թէ պետություն: Նույնը կարող եմ ասել Մեզնից հետո ջրհեղեղ-ին` գաղութներում վերամշակող արդյունաբերություն զարգացնելը ԱՐԳԵԼՎԱԾ է
5. NELSON10:31 - 19 հունվարի, 2018
Այդ հանքերը օրենքով պատկանում են պետությանը ,ղահագործողներն են մասնավոր կազմակերպություններ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ