Շաբաթ, 21 ապրիլի

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանն արդեն մեկ ամիս հացադուլի մեջ է. Դատարան շտապօգնություն էր հրավիրվել



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով դատական նիստն այսօր սկսվեց շուրջ 50 րոպե ուշացումով:  Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի համար,  ով արդեն մեկ ամիս է, հացադուլի մեջ է, շտապօգնություն էր հրավիրվել դատարան:

Նիստին ներկայացած կողմերը շուրջ 40 րոպե դատարանի միջանցքում սպասում էին, որպեսզի նիստերի դահլիճը բացվի:

Այս ընթացքում փաստաբան Հայկ Ալումյանը բազմիցս փորձեց  կապ հաստատել դատավոր Արմեն Բեկթաշյանի աշխատակազմի հետ, սակայն բոլոր զանգերն անպատասխան մնացին: Այն բանից հետո, երբ Ալումյանը սկսեց ձեռքով հարվածել դահլիճի դռանը, միջանցք եկած կարգադրիչները հայտնեցին ամբաստանյալի համար շտապօգնություն հրավիրելու մասին:

Հայկ Ալումյանը, սակայն, չսպասեց. փաստաբանի խոսքով` դահլիճը բացելուն ու դատական նիստի ուշացման պատճառի մասին դատավորության կողմերին պատշաճ կերպով հայտնելուն ամբաստանյալի համար շտապօգնություն հրավիրելու հանգամանքը որևէ կերպ չի խոչընդոտում:

Դատական նիստը Ալումյանի բացակայության պայմաններում ենթակա էր հետաձգման: Դատավոր Արմեն Բեկթաշյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, թե Ալումյանը չի սպասել ու գնացել է դատարանից և դա գնահատեց անհարգալից վերաբերումք ինչպես դատարանի, այնպես էլ դատավարության կողմերի նկատմամբ, սակայն ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտունին դատավորին  հակադարձեց՝ նշելով այն հանգամանքները, որոնք տեղի են ունեցել մինչև նիստի սկսվելը:

Դատավորն ասաց, թե կարգադրիչները նիստի ուշացման պատճառը հայտնել են: Փաստաբանները հակադարձեցին, թե միայն 40 րոպե անց են կարգադրիչները հայտնել այդ մասին, երբ Ալումյանը սկսել է հարվածել դահլիճի դռանը:

Նշենք, որ կարգադրիչները ամենևին էլ չունեն դատավարության կողմերին նիստի ուշացման պատճառների մասին հայտնելու պարտավորություն. այդ պարտավորությունը դատարանի աշխատակազմինն է, իսկ Արմեն Բեկթաշյանի աշխատակազմը առհասարակ աչքի չի ընկնում պարտաճանաչությամբ: Այս դատավորի մոտ քննվող որոշ նիստեր անգամ հետաձգվում են՝ առանց դրանք բացելու:

Երբ փաստաբանները բարձրաձայնեցին այն մասին, որ դատարանի աշխատանքային հեռախոսահամարի միջոցով հնարավոր չի եղել կապ հաստատել դատարանի աշխատակազմի հետ, դատավոր Բեկթաշյանը հայտարարեց, թե ինքը ներսում է եղել  և որևէ զանգ չի ստացվել:

Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտունին էլ հայտարարեց, որ ինքը ևս չէր սպասի ու  կգնար, եթե հարցն իր պաշտպանյալի առողջական վիճակին չվերաբերեր:

Դատարանը չհրապարակեց Հարություն Սարիբեկյանի համար հրավիրված շտապօգնության բժիշկների տված եզրակացությունը: Մեզ հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Նարինե Ռշտունին անհանգստություն հայտնեց իր պաշտպանյալի առողջական վիճակի առնչությամբ:

Մեկ ամիս շարունակ հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է:

Փաստաբանի փոխանցմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու վերաբերյալ պահանջները մերժվում են:

«Թեև ես այս պահին որևէ գրավոր մերժում չեմ ստացել, բայց իրեն բանավոր ասել են, որ մերժում են»,- ասաց Նարինե Ռշտունին, որը վերջերս է ստանձնել Սարիբեկյանի շահերի պաշտպանությունը:

«Ես դիմել եմ Նուբարաշեն» ՔԿՀ, որովհետև դեկտեմբերի 21-ին ՔԿՀ-ի պետի ստորագրությամբ պատասխան եմ ստացել, որ  իրենք դիմել են վարչություն՝  պահանջելով թույլատրել Հարություն Սարիբեկյանին տեղափոխել «Դատապատյալների հիվանդանոց»: Դրանից հետո  պաշտոնական տեղեկություն չունենք. Հարություն Սարիբեկյանին բանավոր հայտնել են, որ չենք տանելու»,- ասաց Նարինե Ռշտունին՝ հավելելով, որ ինքը երեկ նորից դիմում է ներկայացրել  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին, որպեսզի  տրամադրեն մերժման հիմքերը:

Երեկ այցելելով Սարիբեկյանին՝ փաստաբանը հասկացել է, որ նրա վիճակը բավականին ծանր է:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից էլ  մեզ հայտնեցին, որ Հարություն Սարիբեկյանն այժմ հացադուլավորների համար նախատեսված խցում է՝ բժիշկների ամենօրյա հսկողության ներքո:

Լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հունվարի 9-ին բժշկական աշխատանքային հանձնաժողովը Սարիբեկյանին զննել ու եզրակացրել է, որ կալանավորին «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու անհրաժեշտություն չկա:

Այսօր հերթական անգամ բժշկական հանձնաժողովը պետք է զննի Սարիբեկյանին և անհրաժեշտության դեպքում վերջինիս տեղափոխի «Դատապարտյալների հիվանդանոց»:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ