ՈՒրբաթ, 20 ապրիլի

Փաստաբան Տ. Հայրապետյան. «Գևորգ Սաֆարյանի կալանքի ընթացակարգը դատաիրավական համակարգը քսանհինգ տարի հետ շպրտեց»



Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն այսօր լքեցին դատական նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Սեֆիլյանը հայտարարեց, որ լքում է դահլիճն այնքան ժամանակ, քանի դեռ հացադուլի մեջ գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին չեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը փորձում էր հայտարարություն անել, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հորդորում էր պահպանել դատական նիստերի կարգը՝ խոսել ոտքի կանգնած։ Այդպես էլ Սեֆիլյանը չկարողացավ իր հայտարարությունն ամբողջությամբ անել, պարզապես իր զորակցությունը հայտնեց հացադուլավոր երկու քաղաքացիներին, նշեց, որ հրաժարվում է իր պաշտպանից, որպեսզի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ևս դուրս գա դահլիճից, ապա լքեց դահլիճը։ Պաշտպան Տիգրան Հայրապետյանը նստեց դահլիճում՝ ապակեպատ միջնորմից այս կողմ։  

««Սասնա Ծռեր»-ի գործով դատավորները սկզբնական փուլում ՝ ոչ, բայց արդեն յոթ-ութ ամիս է՝ ազատորեն թույլ են տալիս, որ ամբաստանյալները նստած դիմեն նախագահողին, մինչդեռ այս նիստերը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը երբեմն թույլ է տալիս նստած դիմել դատարանին, երբեմն՝ ոչ։ Օրինակ՝ մեկ անգամ Ժիրայր Սեֆիլյանին թույլ է տվել, որ նստած հայտարարություն անի, այսօր պահանջում էր հարգել կարգը՝ ոտքի կանգնել»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Բացի այդ, դատավորը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նրան չորս ժամով հեռացնելով նիստերի դահլիճից։ Ժիրայր Սեֆիլյանից հետո նիստերի դահլիճը լքեց նաև Գևորգ Սաֆարյանը, սակայն պիտի շարունակվեր նրա հարցաքննությունը։ Սաֆարյանի հեռանալուց հետո դատավորը հայտարարեց, որ նրա գործով դատաքննությունն ավարտված է։

Ըստ փաստաբան Հայրապետյանի` Գևորգ Սաֆարյանի կալանքի ընթացակարգը Հայաստանի դատաիրավական համակարգը քսանհինգ տարի հետ շպրտեց։ Փաստաբանի գնահատմամբ, այն տպավորությունն է, որ անգամ Քուվեյթում այսպիսի դատավարություն չեն իրականացնի. «Դատախազը հանկարծակի կանգնեց ու բանավոր միջնորդեց Սաֆարյանին կալանավորել, ինչի իրավունքը չուներ»,-արձանագրեց փաստաբան Հայրապետյանը։

Հաջորդ նիստին դատարան կհրավիրվի փորձագետ Պողոսյանը, որն իրականացրել է փամփուշտների և ավտոմատների փորձաքննությունը։ Նա կհարցաքննվի իր տված եզրակացության` պարզաբանում պահանջող հարցերի շուրջ։ Պաշտպանական կողմը հարց է առաջադրում, թե ինչպես են փամփուշտները տեղափոխվել այլ փաթեթի մեջ փորձաքննությունից հետո, ինչպես է, որ լուսանկարներ չեն կցվել եզրակացությանը։

Դատախազ Ենոքյանը նշեց, որ լուսանկարները չեն պահպանվել, ինչի մասին գրել է նաև լուսանկարողը։ Սակայն, այդպես էլ դատաքննության ընթացքում պարզ չդարձավ, թե ուր են անհետացել եզրակացությանը կից լուսանկարչական հավելվածի լուսանկարները։ Իրեղեն ապացույցները դատարանում զննելիս ևս պաշտպաններն ու ամբաստանյալները հարց բարձրացրեցին՝ արդյոք ավտոմատները և փամփուշտները չեն փոխվել։ Նման կասկածի համար հիմք հանդիսացավ այն, որ փամփուշտները ոչ թե հարյուր քսան հատ էին, ինչպես նշված էր եզրակացությունում, այլ՝ ընդամենը հարյուր։ Գրված էր, որ քսանը օգտագործվել է փորձաքննության համար։ Մինչդեռ ազատության մեջ գտնվող միակ ամբաստանյալ Սմբատ Գալոյանը ցուցմունք էր տվել, որ փամփուշտները եռացրել է դրանք ոչ պիտանի դարձնելու համար։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ