ՈՒրբաթ, 19 հունվարի

Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական և էկոլոգիական հետևանքները



Ամուլսարի հանքի շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Սրա դիմաց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը խոստանում է 11 տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ ներդնել ավելի քան 5 մլրդ դոլար, ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր:

Ամուլսարի հանքավայրի նախագծին տրված պետական փորձաքննական դրական եզրակացությունը օրինական չէ. այն արվել է առանց պատշաճ փորձաքննություն իրականացնելու՝ Նախագծի սեղմագրմամբ, հետևաբար, ընկերության կողմից այժմ կատարվող շինարարական աշխատանքները ապօրինի են:

 

«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը հավաստում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը միայն օգուտներ կբերի Հայաստանի Հանրապետությանը՝ ընկերությունը լուրջ ներդրում կկատարի երկրի տնտեսության  մեջ, կստեղծի նոր աշխատատեղեր, պետական բյուջե կմուծի հարյուրավոր միլիոն դոլարի հարկեր, խախտված և ավերված տարածքերը կվերականգնի ու կբերի նախնական տեսքի, աղտոտված ջրերը կմաքրի, հանքի շահագործումը չի սպառնա բնակչության առողջությանը, ինչպես նաև գյուղատնտեսության ու անասնապահության զարգացմանը և, ընդհանրապես, կնպաստի Հայաստանի տնտեսության վերելքին և սոցիալական իրավիճակի բարելավմանը:

Նույն քարոզն է անում նաև Հայաստանի կառավարությունը, միաժամանակ կեղծ փաստաթղթեր ստեղծելով, փորձում է ցույց տալ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իբր օրինական հիմքեր ունի և բխում է  Հայաստանի շահերից: Եվ սա եզակի դեպք չէ. երկար տարիներ են, ինչ կառավարությունը կանգնած է հանքատերերի թիկունքում և օրինականացնում  է նրանց  կողմից կատարվող կեղծարարությունները,  բնական պաշարների կողոպուտը,  բնական համակարգերի ավերումն ու ոչնչացումը:

Նախ, փորձենք հասկանալ, թե ինչքանո՞վ  են իրատեսական  ու հիմնավորված  «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության խոստումները:

«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության կազմած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» (ՇՄԱԳ) փաստաթղթում (հետայսու՝ Նախագիծ) գրված է. ««Գեոթիմը» պարտավորվել է  առաջին երկու տարիների ընթացքում կատարել ավելի քան 426 մլն դոլարի ներդրում՝ շինարարության և սարքավորումների տեսքով: Ակնկալվում է, որ Ծրագրի իրականացման ողջ ընթացքում ընկերությունը 485 մլն դոլարի չափով ներդրում կանի պետական բյուջե՝ հարկերի և ընդերքօգտագործման վճարների տեսքով: Ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է վճարել 230 մլն դոլար աշխատավարձ: Ակնկալվում է, որ Ծրագիրը կավելացնի Հայաստանի  եկամուտները արտահանումից տարեկան միջինը 285 մլն դոլարի չափով, շահագործման տարիների ընթացքում» (էջ 672): Իսկ Ծրագրի ընդհանուր կուտակային և անուղղակի ներդրումներին վերաբերող աղյուսակ 5.8.2-ում ասվում է, որ կատարվելու է 5262,3 մլն դոլար ներդրում, որից 4679,1 միլիոնը՝ ուղղակի, իսկ 583,2 մլն դոլարը՝ անուղղակի:

Ինչպես տեսնում ենք, ընկերությունը խոստանում է 11 տարիների ընթացքում 5 մլրդ 262 մլն 300 հազար դոլարի ուղղակի և անուղակի ներդրում կատարել Հայաստանի հանրապետության տնտեսության մեջ: Պարզ է, որ այդ գումարը և ընկերության մաքուր շահույթը  (Նախագծում չեմ նկատել, սակայն մոտավոր հաշվարկով այն կկազմի ավելի քան 3 միլիարդ դոլար, քանի որ մեր երկրում հանքարդյունաբերություն իրականացնողները տիրանում են մաքուր շահույթի 80 տոկոսին) միասին կազմում է, մոտավորապես 8-8,3 մլրդ դոլար, որը  պետք է փակվի կորզվելիք մետաղների արժեքով: Այս առումով փորձեմ հաշվարկել, թե Ամուլսարի հանքավայրի շահագործումից ի՞նչ հասույթ կունենա ընկերությունը:

Ըստ նախագծի, վերամշակվելիք հանքաքարը 89376300 տոննա է, որտեղ ոսկին 73733 կգ է, արծաթը՝ 294 տոննա: Այդտեղ ասվում է, որ հանքաքարի հանման ընթացքում՝ ոսկու կորուստը կկազմի  1100 կգ, իսկ արծաթինը՝ 4 տոննա, ուրեմն՝ ապրանքային հանքաքարում  ոսկին կկազմի 72633 կգ, իսկ արծաթը՝ 290 տոննա: Ոսկին կորզվելու է 87, իսկ արծաթը՝ 43 տոկոսով, հետևաբար արտադրվելիք ոսկին կկազմի 63191 կգ, արծաթը՝ 124,7 տոննա: Այսօրվա գներով 63191 կգ ոսկու արժեքը 2,55 մլրդ դոլար է, իսկ 124,7 տոննա արծաթինը՝ 63 մլն դոլար: Այսինքն, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում «Լիդիան ինտերնեյշնլի» ոսկուց և արծաթից սպասվելիք հասույթը կկազմի շուրջ 2,62 մլրդ դոլար: Այն դեպքում, երբ այդ ընկերությունը՝ աշխատանքի կազմակերպման-իրականացման, հարկերի և կորզած մետաղների արտահանման արդյունքում, խոստանում է 5,26 մլրդ դոլարի ներդրում-շրջանառություն Հայաստանի տնտեսության մեջ:

Պարզ երևում է, որ Ծրագիրը ծախսածածկող չէ. պակասորդը կազմում է 2,64 մլրդ դոլար: Եթե դրան գումարենք ընկերության հավանական մաքուր շահույթը, ապա պակասորդը կկազմի ավելի քան 5,64 մլրդ դոլար: Հավանաբար այս պակասորդն ընկերությունը լուծելու է ոսկու և արծաթի արտադրությանն ուղեկցող մետաղների վաճառքի միջոցով: Նախագծի հարակից նյութերում գրված է, որ օրեկան արտադրվելու է 12,25 կգ ոսկու, 12,11 կգ արծաթի և 12,11 կգ այլ մետաղների ձուլվածք (Աղյուսակ 4.5): Ընդունենք, կորզվելու են նաև ոսկուն հավասար` 63 տոննա այլ մետաղներ: Հետաքրքիր է, դրանք այդ ի՞նչ մետաղներ են, որոնց 63 տոննայի արժեքը պետք է կազմի 5,64 մլրդ դոլար: Այս մութ հարցի պատասխանը միայն «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը և իր հովանավորները գիտեն:

Կարելի է ենթադրել, որ ընկերությունը ֆինանսական նշված պակասը կարող է վերացնել կամ Նախագծում չներկայացված, սակայն հանքաքարում իրականում գոյություն ունեցող  օգտակար տարրերով, ասենք՝ ռադիոակտիվ էլեմենտներով կամ էլ ցիանային եղանակավ ոսկին, արծաթը և որոշ այլ էլեմենտներ կորզելուց հետո, ֆլոտացիայի եղանակով  կկորզի նույն հանքաքարի մեջ եղած մյուս օգտակար տարրերը: Մոտավոր հաշվարկով, 89376300 տոննա հանքաքարում կա  5518713 տոննա երկաթ, 1036 տ գալիում, 121 տ բերիլիում, 175 տ բիսմուտ, 133 տ կադմիում, 2739 տ կապար, 1639 տ կոբալտ, 1547 տ ծարիր, 2017 տ մկնդեղ, 1168 տ նիկել, 9228 տ պղինձ, 1256 տ սկանդիում, 245 տ սնդիկ, 41349 տ ստրոնցիում, 14569 տ վանադիում, 325833 տ տիտան, 49763 տ ցինկ, 683 տ ուրան, 1011 տ քրոմ: Այս հաշվարկի համար հիմք է ընդուվել 25 մլն տոննա հանքաքարի նախկինում կատարված ուսումնասիրությունը՝ 40 նմուշի տվյալներով (Հ. Ավագյան, Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների  զարգացման ուղիներն ու հեռանկարները, Երևան, 2011 թ., էջ 257): Հանքաքարում մեծ է ծծմբի քանակը: Եթե հիմք ընդունվի այն, որ այդտեղ երկաթը հանդես է գալիս հիմնականում պիրիտի տեսքով, ապա ծծմբի քանակը միայն այդ միացությունում կկազմի 6,3 մլն տոննա:

Չնայած Նախագծում բացակայում է հանքաքարում էլեմենտների պարունակության ցանկը, սակայն դա արված է 222,9 մլն տոննա դատարկ ապարների համար: Ըստ այդմ, այդտեղ առկա են. 922230 տոննա ալյումին, 103 տ արծաթ, 3464 բիսմուտ տ, 1219 տ գալիում, 22,3 տ գերմանիում, 8610000 տ երկաթ, 68 տ թալիում, 653 տ թորիում, 17420 տ ծարիր,  1224000 տ ծծումբ, 127 տ կադմիում, 286 տ կապար, 72406 տ մկնդեղ, 1564 տ մոլիբդեն, 938 տ նիկել, 952 տ սելեն, 408 տ սկանդիում, 44817 տ պղինձ, 10744 տ ստրոնցիում, 571 տ ռուբիդիում, 503 տ տելլուր, 1947 տ ցերիում, 39973 տ քրոմ: Բացի այստեղ նշված 1,224 մլն տոննա ծծմբից, եթե նկատի ունենանք երկաթի պիրիտային միացությամբ լինելը, ապա ծծումբը միայն պիրիտում կկազմի 8,2 մլն տոննա:

Զարմանալի է բազմաթիվ օգտակար տարրերի չկորզելը կամ ոչ լիարժեք կորզելը, օրինակ, արծաթի 43 տոկոսով կորզումը, ո՞ւր է պետական վերահսկողությունը և ինչո՞ւ չի գործում հանքանյութի արդյունավետ վերամշակման-օգտահանման կարգը:

Քանի որ մեր երկրին բերվելիք «օգուտների» մասին ասվեց, այժմ էլ մոտավոր հաշվարկներ կատարելով, փորձեմ հակիրճ ցույց տալ, թե այդ հանքավայրի շահագործումը ի՞նչ վնասներ է հասցնելու Հայաստանի Հանրապետությանը:

1. Նախագծում գրված է. «Ծրագրի խախտած տարածքը (ներառյալ տեղամասը) զբաղեցնում է մոտ 920 հա» (էջ 405): Չտիրապետելով համապատասխան նորմատիվային փաստաթղթերի, ուստի անհնար է հաշվարկել հողայի ռեսուրսներին հասցվելիք իրական վնասի ծավալները: Փորձենք դա կատարել կողմնակի ճանապարհով: Ըստ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագնի մասին» ՀՀ օրենքի՝ անտառային ֆոնդի հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հազար դրամ, մեկ հեկտարի հաշվով՝ 100 մլն դրամ և եթե 920 հեկտարի համար նույն դրույթը կիրառվի, ապա վնասը կկազմի 92 մլրդ դրամ կամ 192 մլն դոլար (Համեմատության համար նշեմ, որ Ռուսաստանի ՖՀ-ում մեկ հետար տարածքը արդյունաբերական թափոններով աղտոտելու դիմաց վճարը կազմում է  2,6 մլն դոլար, այսինքն՝ ավելի քան 12 անգամ շատ, քան մեր երկրում): Գուցե հարց առաջանա, թե ավերվելիք տարածքները հիմնականում անտառային չեն: Կարծում եմ, այդ տարածքների դերը ոչնչով չի զիջում սովորական անտառային հողերին և նույնիսկ ավելի բարձր արժեք ունեն  այն առումով,  որ դրանք իրենցից ներկայացնում են ջրագոյացման ու ջրաբաշխման համակարգեր:

Նշված 920 հեկտարից 152,3-ը՝ երկու բացհանքերի խոռոչներն են, 118-ը՝ մնալու է ցիանիդով վերամշակված հանքաքարի, 141-ը՝ դատարկ ապարների, 55-ը՝ մետաղների ցածր պարունակությամբ հանքաքարի տակ: Փաստորեն 466 հա տարածքը ոչ միայն հարյուրամյակներ շարունակ դառնալու է անօգտագործելի, այլև ծանր մետաղներ ու թունավոր այլ նյութեր շրջակա միջավայր սփռող աղբյուր: Եթե այս տարածքի համար ընդունենք 100 միլիոնի գոնե հազարապատիկը, ապա Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասը կկազմի 46,6 տրիլիոն դրամ կամ 97 մլրդ դոլար: Իհարկե այդ գումարը չնչին է նշված տարածքների թունավորման ու կորստի դիմաց և անհնար է հողի կորուստը  դրամով արտահայտել: 

Անտեսելով այս ամենը, Նախագծի «Շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատում» բաժնում գրված է, որ հողային ռեսուրսներին հասցվելիք համալիր վնասը կազմում է 4820690248 դրամ (10 մլն դոլար), ինչից պետք է հասկացվի, որ դա ՀՀ հողային ռեսուրսներին հասցվելիք վնասն է: Սակայն այդպես չէ: Իրականում ՀՀ հողային ռեսուրսների առումով վնասի գնահատում չի կատարվել, քանի որ նշված 4,82 մլրդ դրամը վերաբերում է միայն ռեկուլտիվացիայի, կանաչապատման, համայնքային հողերի, ազդեցության հետևանքների ուսումնասիրության և վերլուծության հետ կապված ծախսերին: Այսինքն՝ այն ծախսերը, որոնք ընկերությունը պիտի կատարի իր գործունեությունը իրականացնելու համար, անվանել է հողային ռեսուրսներին հասցվելիք վնաս, իսկ այդ նախագծի փորձաքննությունն իրականացնող գերատեսչությունները, իրենց տված եզրակացություններով ցույց են տալիս, որ այդ կեղծիքը չեն տեսնում:

2. Արփա գետի տարեկան հոսքը կազմում է 764 մլն մ3, Որոտանինը՝ 725 մլն մ3: Այս երկու գետերի տարեկան հոսքը 1,489 մլրդ մ3 է: Նախագծում նշվում է, որ Ամուլսարի հանքավայրում և դրան հարող տարածքներում կա 120 հոսող և 24 խոնավ աղբյուրներ՝ 18,2 լ/վրկ հոսքով (տարեկան 574 մլն լիտր): Այս հանքի շահագործման դեպքում, ծանր և վտանգավոր այլ մետաղներով ու քիմիական նյութերով աղտոտվելու են Արփա, Դարբ, Որոտան գետերի ջրերը և դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի: Նույնը կարելի է ասել նաև նշված 144 քաղցրահամ և Ջերմուկի հանքային ջրի աղբյուրների առումով, հավելելով, որ որոշ աղբյուրների հոսքը նվազելու է կամ դրանց զգալի մասը ցամաքելու է: Մինչ այժմ Սակայն Նախագծում գրված է, որ ջրային համակարգին հասցվելիք տնտեսական վնասը կազմում է զրո դրամ:

Դարբ, Արփա և Որոտան գետերի հովիտներում ու հարակից տարածքներում գտնվող և դրանց ջրերից օգտվող  բնակավայրերն են՝  Սարավան, Սարալանջ, Ուրցաձոր,Գնդեվազ, Կեչուտ, Վայք, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Զեդեյա, Արտավան, Մալիշկա, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Արփի, Արենի, Խաչիկ, Հերհեր, Արին, Գորհայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Շատախ, Անգեղակոթ, Բալաք, Շաքի, Սիսիան, Բռնակոթ, Տոլորս, Աղիտու, Նորավան, Դարպաս, Վաղատուն, Որոտնավան, Շամբ, Լցեն, Առջիս, Տաթև, Տանձաթափ, Հալիձոր, Շինուհայր, Որոտան... Որոտանի ջուրը Տաթևի ՀԷԿ-ի կարգավորիչ ջրամբարից մատակարարվում է նաև Հարթաշեն, Քարահունջ, Գորիս, Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Կորնիձոր, Խնածախ, Արավուս, Ակներ, Շինուհայր բնակավայրերին..., Կեչուտի ջրամբարից աղտոտված ջրերը կթափանցեն Սևանա լիճ..., իսկ նշված 144 աղբյուրը զգալի դեր են կատարում Ամուլսարի և հարակից  տարածքներում անասնապահության գոյության ու զարգացման գործում:

Գուցե ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, տնտեսագիտության ինստիտուտը և մյուս կառույցները իրական հաշվարկներ կատարելով ցույց տան, թե միայն այդ երեք գետերի ջրերի ծանր մետաղներով աղտոտումը, դրամական  արտահայտությամբ, տարեկան ի՞նչ վնաս է հասցնելու մեր երկրին, նկատի ունենալով դրանց օգտագուծումը՝ խմելու, ոռոգման, կենցաղային և այլ նպատակներով, ինչպես նաև բերքատվության անկման, առողջական վիճակի վատացման, աշխատունակության անկման և այլ առումներով: Նույն հաշվարկը կատարելով նաև 10, 50, 100... տարիների կտրվածքով:  

3. Ամուլսարի հանքի  հանքաքարը 89,376 մլն տոննա է, դատարկ ապարները՝ 374,87 մլն տոննա, այսինքն՝ հանքարդյունաբերական ընդհանուր թափոնները կազմում են ավելի քան 464 մլն տոննա: Հանքերևակումները որպես հանքավայր շահագործելուն ճանապարհ է հարթում այն խարդախությունը, որ հանքարդյունաբերության կողմից առաջացած թափոնները «Թափոնների մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում: Օգտվելով այս հանգամանքից, Նախագծում այս թափոնները թափոն չեն անվանվում, դրանք ներկայացված են որպես լցակույտեր, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս իր արտադրած թափոնների դիմաց պետական հարկեր չվճարել: ՀՀ իշխանավորների կողմից իրականացվող պետական այս հանցագործությունը կասեցնելու-վերացնելու դեպքում «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը 89,37 մլն տոննա առաջին դասի և 374,63 մլն տոննա երրորդ դասի թափոնները Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրելու դիմաց, ըստ «Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին» ՀՀ օրենքի, պետական գանձարան պետք է մուծեր ավելի քան 6 տրիլիոն դրամ (12,5 մլրդ դոլար), այն դեպքում, երբ իր կորզելիք ոսկու և արծաթի գումարային արժեքը կազմում է ընդամենը 2,62 մլրդ դոլար (1,56 տրիլիոն դրամ):

Համեմատելով պետական հարկերն ու ստացվելիք հասույթը, պարզ է դառնում, որ   հանքարդյունաբերությունը հարկային դաշտ բերելու դեպքում, ոչ ոք չէր մտածի Ամուլսարի հանք կոչվածի շահագործման մասին:

4. Նախագծում ասվում է, որ շինարարության ընթացքում Ծրագրում կընդգրկվի 1300, իսկ հանքշահագործման ընթացքում՝ 657 աշխատող (էջ 683): Այդտեղ նաև գրված է, որ շինարարությունը տևելու է 2, իսկ հանքշահագործումն ու հանքաքարի վերամշակումը՝ 9 տարի: Ցավոք, սա ընդունվում է որպես նոր աշխատատեղերի ստեղծում, երբ դրանք ընդամենը 10-12 տարվա կյանք ունեն, իսկ արդյունքում մասնակիորեն կամ հիմնովին ոչնչանալու են մշտապես գոյություն ունեցող աշխատատեղերը՝ անասնապահության, գյուղատնտեսության, այգեգործության, ուտելի բույսեր և դեղաբույսեր, սնկեր հավաքելու, ձկնորսության և այլ ոլորտներում: Արդյոք դժվար է տեսնել ու գնահատել, թե Ամուլսարի ծրագիրը, հրեշավոր հիդրայի պես, ինչ ընդգրկում ունի... Մամուլից տեղեկանում ենք (2017 թ.), որ վարչապետ Կ. Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Եվ սա ասում է մի մարդ, ով տնտեսագուտության դոկտոր է:

5. Ըստ Ամուլսարի հանքավայրի նախագծի՝ օդին, ջրայի համակարգին, հողային տարածքին, բուսական ու կենդանական աշխարհին  հասցվելիք գումարային վնասը կազմում է մի չնչին գումար՝ 4985695500 դրամ (մթնոլորտային օդին՝ 165005252, ջրային համակարգին՝ 0, բուսական աշխարհին՝ 0, կենդանական աշխարհին՝ 0, հողային ռեսուրսներին՝ 4820690248 դրամ): Շատերը կարծում են, թե այստեղ ներկայացված 4,985 մլրդը (10,3 մլն դոլար), որպես վնասի հատուցում, մուծվում է պետական գանձարան: Այդպես չէ: Ըստ Հայաստանի Հանրապետությունում ընդունված ու գործող կարգի՝ պետական, նույն է՝ ժողովրդին պատկան հողատարածքին, ջրային համակարգին, օդին, բուսական ու կենդանական աշխարհին  հասցվելիք տնտեսական վնասը հանքարդյունաբերությամբ զբաղվողները հաշվարկում են, սակայն ստացված գումարը պետական գանձարան չեն մուծում: Այս հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է, սակայն երկրի նախագահն ու պետական համապատասխան պաշտոնյաները լռում են:

Ամուլսարի Նախագծում բազում են թյուրիմացության մեջ գցող կոպիտ սխալները, սակայն այդտեղ ամենաճակատագրական խնդիրներից է տարրալվացման հրապարակը Որոտանի ավազանից Արփայի ավազան տեղափոխելն է: Ընկերությունը դա կատարել է ճարպկորեն: ՀՀ ԳԱԱ «Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը» քննարկվող ծրագիրը մերժել էր՝ նկատի ունենալով Սևանա լճի վրա ազդեցությունը:  Ընկերությունը իր «բարելավված» նախագծում կատարել է նշված տեղափոխությունը և նույն հանձնաժողովից ստացել է դրական եզրակացություն, երբ մինչ տեղափոխելը հիմնականում Որոտան գետն էր աղտոտվելու ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով, իսկ տեղափոխման հետևանքով աղտոտելու է նաև Արփա գետը:  Գոհ է ընկերությունը, որ հասավ իր կործանիչ նպատակին, հավանաբար, գոհ նաև ակադեմիական հանձնաժողովը, քանի որ իր ասածին արձագանքեցին, հոգ չէ, որ Սևանա լճին սպառնացող վտանգը չվերացավ:

Ամուլսարի հանքի  խնդրում բնակչության շրջանում մեծ հուզմունք է առաջացնում նաև սնդիկի և ռադիոակտիվ էլեմենտների, գլխավորապես ուրանի առկայության հարցը: Չնայած  Նախագծում բացակայում է թե բացի ոսկուց ու արծաթից հանքաքարում ինչ էլեմենտներ կան, սակայն ներկայացված է 222,9 մլն տոննա դատարկ ապարներում առկա էլեմենտները, որոնց թվում՝ 653 տոննա թորիում:

Ամուլսարում ուրանի առկայության վերաբերյալ որոշ տեղեկություն է հայտնում պրոֆեսոր Պ. Ալոյանը՝ 2007 թվականին հրապարակած՝ «Հայաստանի ռադիոակտիվ հումքային պաշարների պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածում: Այդտեղ նա գրում է, որ Վայոցձորյան ուրանային հանքերևակումներում ամենահեռանկարայինը հանդիսանում են Վայքյան և Ամուլսարյան հանքերևակումները: Ամուլսարյան ուրանի երևակումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արևելք և Ամուլսարի կատարից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Տեղանքում ստորգետնյա փորվածքների և հորատային ճեղքվածքներով պարագծվել է 15 տեղամաս՝ ուրանային երկրորդական հանքայնացմամբ (օտենիտ, տորբենիտ, մետատօրբենիտ): Հանքայնացումը հայտնաբերվել է մինչև 50-60 մետր խորությունը: Կանխատեսվում է, որ 100 մետր խորությունում այն կմարի: 5 ամենանշանակալի տարածքներում ուրանի պարունակությունը տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 տոկոսը, 0,025-0,03 տոկոս միջին պարունակությամբ: Ամուլսարյան 5 տեղամասում հաշվարկված է  մոտավորապես 70 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով թորիումային տեղամասի ուրանը, ապա նրա ընդհանուր պաշարները կարելի է գնահատել 100 տոննա: Վայքյան երևակումներում ուրանի պաշարը կանխատեսվում է 20-30 հազար տոննա, իսկ Վայքի ուրանային հանքաքարի արդյունաբերական յուրացումը կապված է նախ այդ հանքաքարում ոսկու պարունակության հետ (Г.П. Алоян, Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения, Горный журнал, 2007, N 635):

Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ավերվելու է նրա երկրաձևաբանական կառուցվածքն՝ իր ջրագոյացման-ջրաբաշխման համակարգով, Արփա, Դարբ, Որոտան գետերի հովիտները ջրի աղտոտման պատճառով կդառնան  բնակության համար վտանգավոր և ժամանակի  ընթացքում կամայացվեն, որը կհանգեցնի  Հայաստանի Հանրապետության բնակչության կենսատարածքի առավել փոքրացմանը: Այդ հանքի  շահագործումը ծանր ու անդառնալի հարված կհասցնի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, գլխավորապես գյուղատնտեսությանը, ինչը առավել կխորացնի սոցիալական լարվածությունը:

ՀՀ  կառավարության, Ազգային ժողովի և նախագահական համակարգի միասնական ջանքերով ստեղծվել են այնպիսի օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս կողոպտել նաև ընդերքի  հարստությունները:  Պետական այս հանցագործությունը կանխվելու փոխարեն այն առավել արմատավորվում է, քանզի իրական հանքատերերը հիմնականում օլիգարխներն են: Եթե Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան ծաղկուն ու երկարակյաց  չլիներ, ապա չէին ստեղծվի ժողովրդի ունեցվածքի կողոպուտին նպաստող պայմաններ և մեր երկրում ոտք չէին դնի «Լիդիան ինտերնեյշնլը» և իր նման ընկերությունները:

Արդեն տրված արտոնագրերից պարզ երևում է, որ մեր երկրում չի լինելու որևէ հայտնի գետ, որի հովտում, իսկ երբեմն նաև հենց  ակունքում մետաղական հանքերևակման շահագործումը բացառված լինի: Փաստորեն կատարվում է մարդու սպանություն, բայց միայն այն տարբերությամբ, որ թունավորվում ու ոչնչացվում է մարդուն կյանք տվող միջավայրը, իսկ այդ գործը կամա, թե ակամա իրականացնողներից պատասխանատվություն պահանջող չկա:

Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի կործանումը կամ ովքե՞ր են շահագրգռված դրանում: Թողնենք անընդհատ արծարծվող պատվիրատուին, որը մեզ համար միայն գուշակելի է և գանք մեր պետական պաշտոնյաներին, ովքեր մեր աչքի առջևն են ու ապրում են ժողովրդի միջոցների հաշվին և պետք է որ ապահովեն մեր երկրի անվտանգությունը՝ բոլոր առումներով: Սակայն երկիրը քայքայվում  ու փոշիանում է ներսից՝ մեր ընդունած օրենքներով և իհակե, իշխանական կամայականությամբ և այնպիսի կամայականությամբ, որ երբեմն թվում է թե այդ ամենը կատարվում է պետությունից դուրս՝ անապատում: 

Պատմությունից հայտնի են շատ դեպքեր, երբ ոսոխը գրավելով որևէ երկիր, աշխատել է նրա զարգացման համար պայմաններ ստեղծել, իհարկե՝ սեփական շահերից ելնելով՝ ավելի շատ հարկեր հավաքելու միտումով: Նմանօրինակ մի բան պատմում են Հիտլերի մասին, որ իբր 44-ի վերջերին Գերմանիան արդեն ատոմային ռումբ ուներ և դրա փորձարկումից հետո, երբ նա հանոզվել է, որ այդ զենքով գրավված տարածքները ապրելու և օգտագործելու համար դառնում են ոչ պիտանի, այն էլ հարյուրամյակներ շարունակ, նա հրաժարվել է այդ զենքի կիրառումից, ասելով, թե ինքը տարածքներ է գրավում, որպեսզի դրանք նպաստեն իր երկրի հարստացնանը: Դժվար է ասել սա իրականություն է եղել, թե ոչ, սակայն այդտեղ առկա է առողջ տրամաբանությունը, ինչը ցավոք բացակայում է մեր երկրի կառավարման համակարգում, գլխավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում:

Պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը, որը կարող է հարստացնել «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությանը և պետական որոշ պաշտոնյաների, սակայն տնտեսական և էկոլոգիական առումներով աղետալի հետևանքներ կունենա մեր երկրի համար:

 Հակոբ Սանասարյան                       

2018-01-07


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (6)
1. Կիրակոսյան Գեւորգ21:55 - 12 հունվարի, 2018
Միջնադարյան պատմիչ Կիրակոս Գանձակեցին այսպիսի սարսափով է նկարագրել մոնղոլների ասպատակությունը - «Եթե մինչ այժմ գալիս էին հորդաներ եւ միայն ճերմակ ոսկորներ թողնում իրենցից հետո, ապա սրանք ոսկորները եւս կլլում էին!»: Ինչ իմանար խեղճ Գանձակեցին, որ դրանից ավելի ահավոր բան էլ կարող էր լինել՝ երբ հողն ու երկիրն են կլլում ու միայն թույն են թողում իրենցից հետո, իսկ ասպատակիչները երկրի «պահապաններ» են կոչվում! - Խորին հարգանքքներս Հակոբ Սանասարյանին: - Գլխներիդ սառը ջուր ցանեք, հարգելի ղեկավարներ, աններելի սխալ մի կատարեք! ՈՒՇՔԻ ԵԿԵՔ !
2. Մովսես Մանուկյան00:16 - 13 հունվարի, 2018
Պարոն Սանասարյանն իրեն հատուկ խստապահանջ սկզբմունքայնությամբ հսկայածավալ աշխատանք է կատարել, փաստերով ապացուցելով Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում կանխատեսվող օգուտների ու դրա հետևանքով երկրի վերահաս ավերվածությունների անհամատեղելիությունը։ Ակնհայտ է որ սա հերթական, բայց անկասկած ամենակործանարար ապազգային մի ծրագիր է, ինչին ընդիմանալու համար թերևս համազգային ըդվզում է անհրաժեշտ։
3. Ashot18:46 - 13 հունվարի, 2018
Իմ իմացած տեղեկություններով գիտեի, որ այդ ծրագիրը կորստաբեր է, բայց ոչ կործանարար։ Հոդվածը կարդալուց հետո համոզվեցի, որ այդ ծրագրի իրագործումը ցեղասպանային է, իսկ նրա բոլոր մասնակիցները ցեղասպանություն իրագործողներ են եւ հայ ազգի նորօրյա թշնամիներ։
4. Միխայել Օհանյան 20:38 - 13 հունվարի, 2018
Առաջին անգամը չէ, որ պարոն Սանասարյանը հիացնում իր խորաթափանց վերլուծություններով ; Ցավը նա է, որ հայակործան ծրագրեր իրականացնողներին մենք գիտենք, սակայն դրա առաջն առնելու ունակությունն ու համարձակությունը չունենք ; Ասում են ժողովրդին մեղադրել չի կարելի : Այս դեպքում Ձեզ հետ չեմ համաձայնի :
5. մինաս09:19 - 14 հունվարի, 2018
4 - ին: Հարգելի Միխայլ, սատանան իրականում այնքան վտանգավոր չէ որքան պատկերացվում է: Նրանք, ովքեր վերեւում են, բոլորովին ամենակարող չեն: Եթե մարդիք ոտքի կանգնեն, անպայման հաջողության կհասնեն: Ընդամենը հարկավոր է այս հոդվածը բազմացնել եւ մի քանի գրագետ երիտասարդների միջոցով մասսայականացնել վերը թվարկված գյուղերում: Մի մոռացեք, որ նրանցից շատերը ինտերնետ ու կոմպյուտեր չունեն եւ չեն պատկերացնում իրենց գլխի գալիքը: Առաջինը իրենք պետք է դուրս գան մեծով ու փոքրով, մայր ու մանուկով եւ կանգնեն խանգարված թալանչիների ճանապարհին: Հավատացնում եմ, որ այս դեպքում ոչ մի ոստիկան, եւ նույնիսկ քրեական էլեմենտ չեն համարձակվի դիպչել ժողովրդին: Հրաման տվողն էլ չի լինելու, որովհետեւ գողերի սիրտը միշտ դող է! Աջ ու ձախ ղեկի համար մարդիկ դուրս եկան վճռականորեն, որովհետեւ իրենց անմիջական վնասը տեսան: Իսկ այստեղի վնասը միլիոնավոր անգամներ ավելին է - սա է հարկավոր հասցնել մարդկանց ուղեղին եւ իրենք կելնեն, իսկ նրանց կողքին շատերը կկանգնեն: Սրանց ամբողջ խաղը ժողովրդի մթության ու անկազմակերպվածության վրա է հիմնված: Ուրեմն՝ լուսավորվենք, լուսավորենք ու կազմակերպվենք - եւ ամեն տեսակի սատանա կհաղթահարվի!
6. Վյաչեսլավ Հարությունյան12:33 - 14 հունվարի, 2018
Հակոբ Սանասարյանի սուն հոդվածն առաջին հերթին խոսում է մեր իշխանավորների տգիտության մասին: Նրանք չունեն շրջահայեցություն, ազգի և պետության ապագան տեսնելու կարողություն, հեռատեսություն և, ամենակարևորը, նրանք խրվել են ազգային դավաճանության մեջ և Հայաստանը դարձրել որբի գլուխ, որը ով ինչպես ուզում է, այնպես էլ խուզում է: Այսօր մենք չպետք է հույսներս դնենք այն բանի վրա, որ նրանց գործունեության գնահատականը կտա պատմությունը, այլ դա պետք է արվի հենց հիմա՝ այստեղ ապրող ժողովրդի կողմից: Կարծում եմ, որ նրանք՝ իշխանավորները, ուշ թե շուտ պատասխան են տալու իրենց կողմից կատարված պետական և ազգային հանցագործությունների համար:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ