HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը դատաախազին մեղադրեց իրեն համագործակցության առաջարկ անելու մեջ

Գեղարքունիքի մարզի դատավորների, դատախազի և այլ անձանց մասնակցությամբ կաշառքի գործի քննության ժամանակ ամբաստանյալ դատավոր Վանիկ Վարդանյանն այսօր մեղադրանքը պաշտպանող դատախազին մեղադրեց իրեն համագործակցության առաջարկ անելու մեջ:

Խոսքը, հիշեցնենք Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի վարույթում քննվող քրեական գործի մասին է, որի շրջանակներում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, մարզի դատախազ Սևակ Շհոյանի, փաստաբան Էդուարդ Չինարյանն ու ևս 9 անձ մեղադրվում են կաշառք տալու, ստանալու կամ կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:

Ամբաստանյալներից 5-ը, որոնց թվում Աղվան Պետրոսյանը, Վանիկ Վարդանյանը, Սևակ Շհոյանը գտնվում են կալանքի տակ: Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Վանիկ Վարդանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը իր պաշտպանյալի գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, որի դեմ առարկեց դատախազ Դավիթ Կարապետյանը: Այս հանգամանքը բարկացրեց Վանիկ Վարդանյանին:

«Դուք կարո՞ղ եք նայել իմ աչքերի մեջ: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, դուք ինձ համագործակցության առաջարկ արեցիք և ասացիք`գրեք, որ վերցրել եք, մենք ձեզ բաց կթողնենք, Խիղճ ունե՞ք դուք. դուք իմ ծնողների հոգեվիճակի մասին մտածե՞լ եք. 7 ամիս  է, պահել եք, տեղյա՞կ եք, որ որ աղջկաս պիտի վիրահատեն, չեմ կարողանում... հելելեք դեմագոգիկ խոսում եք. ես, որպես իրավաբան ոչ մի բան չհասկացա ձեր խոսքից: Դահիճը որ դահճություն է անում, էլի պիտի մարդասիրություն ունենա. եթե գլուխը կտրելու է լինում, պիտի միանգամից կտրի»,- դիմելով դատախազին՝ բարկացած ասաց Վանիկ Վարդանյանը:

Վերջինս մի շարք առողջական խնդիրներ ունի, հաշմանդամություն ունեցող երեխա, մեծահասակ ծնողներ: Գրավ կիրառելու միջնորդությունը ներկայացնելիս ամբաստանյալի պաշտպան Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալին կալանավորելու հիմքում դրվել են հիմքերը, թե Վարդանյանը կարող է քննություն իրականացնող մարմնին ներկանալուց խուսափել և ապօրինի ազդեցություն գործադրել այս գործով անցնող այլ անձանց նկատմամբ: Մինչդեռ, ըստ Ռուբեն Հակոբյանի, այս հիմքերը գոյություն չունեն:

Հակոբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Վանիկ Վարդանյանը գործով անցնող որևէ անձի հետ չի առերեսվել, քանի որ վերջինիս և այդ անձանց ցուցմունքների միջև չեն եղել հակասություններ: Նման պայմաններում փաստաբանը հարց է բարձրացնում, թե ու՞մ նկատմամբ պիտի Վարդանյանը փորձեր անօրինական ազդեցություն գործադրել և ինչո՞ւ պիտի փորձեր:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե Վանիկ Վարդանյանը կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ, ապա, ըստ Ռուբեն Հակոբյանի, իր պաշտպանյալն արդեն իսկ իր վարքով ապացուցել է, որ նման արարք չի կատարի:

«Փախչող լիներ, տասն անգամ կարող էր փախչել, ու ո՛չ դատախազը, ո՛չ իրավապահ որևէ մարմին, հնարավոր է, նրան չկարողանային  գտնել»,- ասաց Ռուբեն Հակոբյանն ու ընդգծեց, որ Վանիկ Վարդանյանն իրեն մեղադրյալ ներգրավելուց և կալանավորման գործընթաց սկսելուց առաջ, ինչպես նաև այդ գործընթացի ընթացքում պատշաճ ներկայացել է անհրաժեշտության դեպքում:

Ավելին, անգամ դատավոր Աղվան Պետրոսյանին կալանավորելուց հետո վերջինս չի խուսափել ներկայանալ իր կալանքի վերաբերյալ նիստին, որտեղ նրան կալանավորելու միջնորդությունը բավարարվել է:

Այս միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս դատախազ Դավիթ  Կարապետյանը որևէ կերպ չանդրադարձավ այն փաստարկներին, որոնք պաշտպան Ռուբեն Հակոբյանն էր մատնանշում, այլ միայն խոսեց կալանքի տակ պահելու հիմքերի մասին՝ առհասարակ՝ նշելով, թե դրանք այս պահին վերացված չեն:

Սրանից հետո է, որ դատավոր Վանիկ Վարդանյանը պոռթկաց ու բարձրաձայնեց դատախազի կողմից իրեն համագործակցության առաջարկ անելու մասին:

Դատավոր Արսեն Նիկողոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի դեկտեմբերի 15-ին:

Նշենք, որ այս գործի դրվագներից մեկով անցնում են Կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորբաժանման ղեկավարը, ղեկավարի տեղակալն ու մեկ այլ աշխատակից:

Այսօրվա դատական նիստին մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Արմեն Բարսեղյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը դատարանին միջնորդեց անհիմն համարել իր պաշտպանյանի լիազորությունները դադարեցնելու որոշումն ու պարտավորեցնել վճարել նրան մինչև այսօր չվճարված աշխատավարձը: Այն բանից հետո, երբ Արմեն Բարսեղյանը 2017-ի օգոստոսի 2-ին այս գործով մեղադրյալ է ներգրավվել, օգոստոսի 7-ին նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է: Առ այսօր Բարսեղյանն աշխատավարձ չի ստանում:

Դատարանը այս հարցի լուծումը հետաձգեց մինչև լուծման համար անհրաժեշտ հանգամանքների՝ դատարանի կողմից  հետազոտումը:

Դատական նիստը հետաձգվեց:

Լուսանկարում դատավոր Արսեն Նիկողոսյանն է:

Հ.Գ․ Այս գործով բոլոր ամբաստանյալներն առարկել են տեսանկարահանման դեմ:

 

Մեկնաբանություններ (1)

Աննա
Յա, էլ խի՞ են դեմ նկարահանմանը, բա դրանց սըֆաթը, պահվածքը չտեսնե՞նք, բա չիմանա՞նք սրանք ինչ առյուծի կաթ խմած են․․․․ իրականում պետք ա գույքի մաքսիմալ բռնագանձում արվի, տրվի էդ կաշառակեր դատավորի քննության տակով անցած սաղ կալանավորների ընտանիքներին․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter