ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Գնդապետը դատարանում պնդում է՝ իրենից խաբեությամբ գումար են շորթել, շանտաժի ենթարկել



Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 20 տարի ուժային կառույցներում աշխատած գնդապետ Արմեն Գալստյանի բողոքն ընդդեմ Քննչական ծառայության՝ իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշման դեմ:

Գնդապետն այսօրվա նիստի ընթացքում շարունակեց ներկայացնել բողոքը։ Դատավոր Աննա Մաթևոսյանն անդրադարձավ Արմեն Գալստյանի՝ դատարան ներկայացրած դիմումներին։ Գնդապետը նշել էր, որ գործում առկա բոլոր փաստաթղթերն իր մոտ չեն և ցանկանում է ծանոթանալ դրանց բովանդակությանը։ Դիմումի մեջ նշել էր, որ գործի հատորներում առկա փաստաթղթերի համար սահմանված «գնացուցակին» տեղյակ չէ։ Դատավորը ներկայացրեց փաստաթղթերին ծանոթանալու կարգը։

Արմեն Գալստյանը դատարան էր ներկայացրել նաև դիմում, որով պահանջել էր պարզել՝ որտեղ է գտնվում ՀՔԾ-ի քննիչ Վլադիմիր Մինասյանը, ինչու է ազատվել աշխատանքից և ապահովել նրա մասնակցությունը նիստին։ Դատավորը նշեց, որ դատարանը պարտավորություն չունի որոնողական գործառույթ կատարել և քննիչի գտնվելու վայրը պարզել։

«Բայց ինքն իր գործողությունները կատարել է, վարույթը կարճել է, չէ՞, կարող էր գումար վերցնել, գործը կարճել և գնալ հանգստանալու»,-նշեց Գալստյանը, որին ի պատասխան՝ դատավորը պնդեց՝ այդ դեպքում կհարուցվեր քրեական գործ, կիրականացվեր քրեական հետապնդում։ «Ես հայտարարություն եմ անում, որ նա կամ կաշառք է վերցրել կամ ինչ-որ մեկի հանձնարարությունն է կատարել, քանի որ իր մերժումն  առանց որոշակի գործողությունների է կատարել»,-պնդեց Արմեն Գալստյանը։

 Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում դատարանը հայտնել էր՝ համաձայն ՀՔԾ-ից ստացած գրության՝ քննիչ Վլադիմիր Մինասյանի մասնակցությունը հնարավոր չէ ապահովել դատական նիստին, քանի որ վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Արմեն Գալստյանն անդրադարձավ  դատախազին ուղարկված նամակներին։ Ըստ դատախազի՝  միշտ ստանում է նույնաբովանդակ դիմումներ։ «Նույնաբովանդակ հանցագործություն է կատարվել, ինձ անհիմն մեղադրանք է առաջադրվել, ինձ շանտաժի են ենթարկել, իմ հանդեպ կատարել են տարբեր տեսակի հանցագործություններ»,-խոսքը եզրափակեց  թոշակի անցած գնդապետը։

Հիշեցնենք, որ Արմեն Գալստյանն իր նկատմամբ հետապնդումների եւ անօրինականությունների վերաբերյալ 2017թ. օգոստոս ամսին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, հայտնել, որ Քննչական կոմիտեի քննիչներն իր հանդեպ ծանր հանցագործություն են կատարել, առանց որևէ փաստի իրեն մեղադրանք առաջադրել և շանտաժի միջոցով իրենից մոտ 100 հազար դոլար պահանջել։

Դատախազ Վահե Դոլմազյանն անդրադարձավ քրեական գործը կարճելու մերժման դեմ բողոքին: Նշենք, որ քննչական կոմիտեում կատարվել են ստուգումներ և համապատասխան նյութերն ուղղարկվել են ՀՔԾ,  որը նախապատրաստել է նյութեր։ Դատախազը հայտնեց, որ ՔԿ-ում  ստուգումներ իրականցնելու նպատակն եղել է  «Հետք» կայքում հրապարակված հոդվածը, որտեղ Արմեն Գալաստյանը հայտնել էր, որ դատախազը և Քնչական կոմիտեի քննիչները, հանցավոր համաձայնության գալով, շանտաժի են ենթարկել և չկալանավորելու համար շորթել են 100 հազար ԱՄՆ դոլար գումար։

Դատախազը նշեց, որ Արմեն Գալստյանի նկատմամբ քրեական գործ է հաորւցվել 2015-ին՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախություն), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից։ Սակայն ապացույցների այնպիսի ծավալ չի ապահովվել, որպեսզի Արմեն Գալստյանի վերաբերելի մասն ուղարկվեր դատարան, և Արմեն Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է։ «Ինչ վերաբերում է, թե նրա նկատմամբ կատարվել են ինչ-որ հանցագործություններ, ապօրինի քրեական գործ է հարուցվել, իրական չէ»,-հայտնեց դատախազ Դոլմազյանը։

Այս դիրքորոշմանն ի պատասխան` գնդապետ Արմեն Գալստյանը նշեց, որ իր նկատմամբ գործ են հարուցել և հարցաքննության կանչել այն ժամանակ, երբ հորական տունը վաճառել ու ստացել է 70 հազար դոլար գումար։ «Դատախազն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ես սուտ մատնություն եմ անում, շանտաժի եմ ենթարկում։ Կաշառքի մասին խոսք գնալ չի կարող, ես մի քանի անգամ ասել եմ՝ իմ կյանքի ընթացքում կաշառք չեմ ստացել։ Իմ երեխաներին իմ աչքի առաջ շանտաժի են ենթարկել, խաբեբայությամբ ինձնից գումար են շորթել»,-խոսքը եզրափակեց Արմեն Գալստյանը։

Դատարանը նիստը հետաձգեց՝ նշելով, որ բողոքին առնչվող այլ անձանց պետք է հրավիրել դատարան։

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ