HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Հողային» և «Քրեական» օրենսգիրք, «Շահումով խաղերի, խաղատների մասին», «ԶՈՒ կանոնագիրքը հաստատելու մասին»․ ԱԺ նոր օրակարգը

Երկուշաբթի՝ հունվարի 15-ին մեկնարկելու են վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները։ Ներկայացնենք օրակարգում ներառված հարցերը, որոնք հրապարակված են խորհրդարանի կայքում։ Երկուշաբթի գումարվող նիստերի օրակարգում պարտադիր քննարկման են ներկայացված հետևյալ հարցերը։

Կառավարության կողմից ներկայացված «Հողային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում)։ Հիշեցնենք, որ համաձայն այս նախագծի՝ եթե քաղաքացին հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, ապա սեփականատերը պետք է օտարի իրեն պատկանող հողային գույքը մեկ տարվա ընթացքում, այլապես գույքը համայնքի կողմից կօտարվի հարկադիր ձևով։ Խոսքը վերաբերում է բացառապես գյուղատնտեսական նշանակության հողերին։

Նախագծի երկրորդ ընթերցմամբ գործադիրն առաջարկում է ամրագրել, որ օրենքը չի կարող տարածվել տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հողամասերի վրա չի։ Այս օրենսդրական նախաձեռնության փոփոխությամբ՝ երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ են նախատեսված նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման», «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների նախագծերում։

Երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերից է ՀՀԿ-ական պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի համահեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը   լրացնել նոր հոդվածով՝ բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է` նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 56 կողմ, 2 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Հիշեցնենք, որ երկու դեմ քվեարկած պատգամավորները ՀՀԿ-ականներ Միհրան Պողոսյանն ու Արթուր Գևորգյանն էին։

Երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքի նախագիծը։ Սրանով փոփոխություններ են նախատեսվում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկում, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից:

Երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերի շարքում է  նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը, որը Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված ամբողջովին նոր օրենքի նախագիծ է։ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է հաշվի առնելով «Դիվանագիտական ծառայության մասին» օերնքի նախագիծը՝ դիվանագիտական անձնագիր տրամադրել ոչ միայն ՍԴ նախագահին, այլև ՍԴ դատավորներին։

«Ելք» խմբակցության պատգամավորներն  առաջին ընթերցմամբ քննարկման են ներկայացրել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագծում փոփոխություն կատարելու հարցը։ Պատգամավորներն առաջարկում են լիազոր մարմնին սահմանած կարգով ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ։ Կառավարությունն էլ առաջարկել է այդ դրույթը փոփոխոխել  հետևյալ կերպ «Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչն արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ: Վերոգրյալից հետևում է, որ օրենքով կազմակերպիչների վրա արդեն իսկ դրված է պարտականություն` 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ արգելելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ` օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով նախատեսված պարտականության չկատարման համար, որպես պատասխանատվության միջոց, նախատեսված է տուգանք` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով»,-ասված է գործադիրի առաջարկության բաժնում։

Առաջին ընթերցմամբ ներկայացված է նաև Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Կառավարությունն առաջարկում է տուգանքի նշանակում այն դեպքերում, երբ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակ է  տեղադրվել։ Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով տուգանքը նախատեսված է հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Կառավարությունն առաջարկում է  փոփոխություններ «Քրեական օրենսգրքում», ըստ որի՝ զանգվածային ոչնչացման զենք տարածելը, արտադրելը, ձեռք բերելը, միջուկային զենքի չտիրապետող պետությանը հումքային կամ հատուկ տրոհվող նյութեր հանձնելը, միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենք կամ դրա արտադրության համար անհրաժեշտ բաղադրամասեր տրամադրելըպատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով։

Օրակարգում են նաև «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ օրենքների նախագծեր։

Օրակարգում ներառված ամբողջ հարցերը կարող եք տեսնել այստեղ։

 

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Արմատական փոփոխության կարիք ունեն Հայաստանյան ԶՈՒ բոլոր կանոնագրքերը։ Կարծում եմ այդ կանոնագրքերը հիմնականում թարգմանված են ռուսական կամ ԽՍՀՄ ԶՈՒ կանոնագրքերից, որը իր խիստ բացասական ազդեցությունն է թողնում ինչպես զինվորական կարգապահության , այնպես էլ ողջ մարդկային՝ զինվոր֊զինվոր, հրամանատար֊զինվոր հարաբերությունների վրա։ Հայոց բանակում անկախ կոչումից ու դիրքից յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ ինքը հայոց մեծ ընտանիքի մի անդամն է, որ մնացած բոլորը իր եղբայրներն են և ինքը պարտավոր է առաջին հերթին աչքի լույսի պես պահպանել իր ծառայակից եղբայրների կյանքը, ապա միասին պահպանել Հայոց մեծ ընտանիքը։ Հասկանում եմ, որ դժվար է նման խնդիրները ամրագրեյ զինվորական կանոնագրքերում, սակայն ցանկության դեպքում հնարավոր է։ Միանշանակ է, որ բանակում առկա արտականոնակարգային հարաբերությունները, ողբերգական շատ դեպքեր հետևանք են ապահայկական օտարածին կանոնագրքերի առկայության։ Իսկական՝ Հայոց Բանակի առաքելությունն արտահայտող կանոնագրքերի ստեղծումը մեկ օրում չի լինում, չնայած ուշացած, դրա համար ՊՆ պետք է ստեղծի համապատասխան մասնագետներից բաղկացած հեղինակավոր հանձնաժողով, որը ուսումնասիրելով նաև միջազգային փորձը կստեղծի Հայոց բանակի կանոնագրքերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter