Շաբաթ, 21 ապրիլի

Ինչպես պաշտպանել համակարգչի ֆայլերը կորստից



Արամ Հովակիմյան

Նախ տեսնենք, թե որոնք են հիմնական խնդիրները, որոնք պատճառ են դառնում տարատեսակ կրիչներից ֆայլերի ջնջվելուն։

Ա Կոշտ սկավառակի կամ կրիչի աշխատանքի խափանում

Այս տարբերակը բավական տարածված է։ Պատճառներից մեկն այն է, որ երբեմն չեն ստուգում և չեն գնահատում կոշտ սկավառակի կարգավիճակը։ Շատ կարևոր է, որ երբեմն հատուկ ծրագրերով ստուգվեն համակարգչի բաղադրիչ մասերը, գնահատվեն ընդհանուր աշխատունակությունն ու մաշվածությունը։

Բ Ֆայլերի պատահական ջնջում

Երբեմն համակարգչից կարևոր ֆայլեր են ջնջվում կամ տեղափոխվում։ Այս դեպքում կամ հարկավոր է վերականգնել դրանք աղբամանից, կամ հատուկ ծրագրերի օգնությամբ վերականգնել արդեն աղբամանից ջնջված ֆայլերը։  

Գ Համակարգչային կամ այլ սարքերի վիրուսներ

Հաճախ համակարգչի կամ սարքավորումների մեջ կրիչներ են տեղադրվում, որոնք վարակված են այս կամ այն վիրուսով և առիթ դառնում ֆայլերի կորստի կամ ամբողջականության խախտման։

Ինտերնետային շատ աղբյուրներ նույնպես կարող են առիթ դառնալ ֆայլերի կորստի, եթե համակարգչում չկան պաշտպանիչ միջոցներ, կամ օգտատերը անփութորեն է գործածում համակարգիչը։

Դ Սարքավորման գողություն

Անզգուշությամբ կամ պատահաբար առանց հսկողության մնացած սարքավորումը՝ համակարգիչ, նոթբուք կամ դյուրակիր այլ սարք կարող են գողանալ, և դրանում եղած տվյալները կորում, ոչնչացվում, ձևափոխվում կամ յուրացվում են այլ անձանց կողմից։   

Ե Հոսանքի խափանում

Հոսանքի հաճախակի անջատումները, թույլ կամ սխալ միացումները ևս կարող են առիթ հադնիսանալ սարքավորման խափանման և տվյալների կորստի։

Հնարավոր են նաև դեպքեր, երբ անխափան սնուցման սարքի կամ ակումուլյատորի հնամաշ լինելու պատճառով հոսանքը պարզապես անջատվի կամ աշխատանքի խափանումներ ունենա։  

Զ  Տարբեր պատահարներ՝ հրդեհ, պայթյուն և այլն

Ցավոք, պատահարները նույնպես կարող են առիթ  դառնել տվյալների կորստի, սարքավորումների աշխատանքի խափանման կամ շարքից դուրս գալու:

Մարդկանց կամ կազմակերպությունների կողմից հաճախ հաշվի չեն առնվում բնական աղետները, միջոցներ ձեռք չեն առնվում պահուստային սարքավորումների  ձեռքբերման ուղղությամբ։

Այժմ նկարագրենք, թե հատկապես ինչ միջոցներ են հարկավոր, որ տվյալները չկորեն, կամ կորստի հավանականությունը մոտեցվի զրոյի։

Ա․Կոշտ սկավառակի կամ կրիտիկական դեր ունեցող կրիչի խափանումը կանխելու համար, ինչպես արդեն ասվեց, հարկավոր է պարբերաբար ստուգել, կատարել համապատասխան եզրակացություններ, գնել պահուստային կրիչներ և կարևոր ֆայլերը ժամանակ առ ժամանակ տեղափոխել դրանց մեջ։ Այս գործողությունները տևական և հետևողական կատարելու արդյունքում է միայն, որ ֆայլերն անվնաս կմնան անգամ կոշտ սկավառակի կամ այլ կրիչների՝ շարքից դուրս գալուց հետո (CrystalDiskInfo , HWMonitor և այլն)։

Բ Ֆայլերի պատահական ջնջումից խուսափելու համար օպերացիոն համակարգում չպետք է ակտիվացնել անմիջապես ջնջելու ֆունկցիան, այլ  հարկավոր է հարցում կատարելու հատկությունն ակտիվ թողնել այն թույլ կտա մեկ անգամ ևս մտածել կարևոր ֆայլը ջնջելուց առաջ։

Իհարկե, որոշ օգտատերեր սովորություն ունեն օպերացիոն համակարգի աղբամանը միշտ դատարկելու, սակայն դա ողջունելի սովորություն չէ ֆայլերը պետք է գոնե որոշ ժամանակ մնան աղբամանում, հետո նոր վերջնականապես ջնջվեն։

Գ Վիրուսների դեպքում հարկավոր է զգուշանալ։ Պետք չէ ամեն չստուգված կրիչ միացնել համակարգչին, իսկ միացման ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ տվյալ կրիչը հարկավոր է ստուգել, ընդ որում՝ մի քանի տարբեր հակավիրուսային ծրագրերի կողմից ( Dr.Web CureIt, MS Security Essentials 4.10.0209.0, Avast Free Antivirus, Kaspersky Virus Removal Tool)։

Անհրաժեշտ է նաև հակավիրուսային ծրագիրը միշտ թարմ պահել։ Ավելորդ է նշել, որ վերջինս պետք է լիցենզավորված, այլ ոչ թե "կոտրված" տարբերակով տեղադրված լինի համակարգչի մեջ։

Դ Սարքերի գողությունը կանխելու համար կարելի է դրանք միշտ ուշադրության կենտրոնում պահել, օգտագործել ֆիզիկական պաշտպանության միջոցներ՝ հատուկ  ամրակներ, մալուխներ և ազդանշանային համակարգեր։ Մեծապես օգնում են նաև տեղորոշման ծառայությունները, եթե դրանք նախապես ակտիվացվում են սարքավորման օպերացիոն համակարգում:

Ե Հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ներդնել անխափան սնուցման սարքերի միասնական և կենտրոնացված կամ անհատական համակարգեր, հետևել դրանց աշխատունակությանը, հաճախակի ստուգել ակումուլյատորների և կուտակիչների աշխատունակությունը։ Հոսանքի տատանումներից էլ կարող են օգնել տարատեսակ կարգավորիչներն ու կայունացնող սարքերը: Այս քայլը նույնպես զգալիորեն կնվազեցնի ֆայլերի կորստի հավանականությունը։

Զ Տարերային կամ բնական աղետների հետևանքներից խուսափելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել սարքավորման և  դրա տեղադրման վայրի անվտանգությանը, անմատչելիությանը։ Հարկավոր է ֆիզիկական հասանելիության սահմանափակումներ ներդնել կարևոր սենյակներին, որոնցում կան տվյալների բազաներ, կարևոր համակարգիչներ ու սարքավորումներ։ Այս և վերը նշված բոլոր դեպքերի համար շատ հարմար է ֆայլերի կրկնօրինակները և օնլայն կամ ամպային  պահոցներում պահելը։ Որոշ դեպքերում՝ վճարովի, որոշներում՝ անվճար տարբերակները լավագույն լուծումն են նման իրավիճակների համար։   


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ