HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստ, սակայն հետաձգվեց՝ ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպանների բացակայության պատճառով:

Չիչոյանը երկու պաշտպան ունի՝ Երեմ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը: Վերջինս դատարանին գրությամբ հայտնել էր, որ պետք է անհետաձգելի քննչական գործողության մասնակցի,  իսկ Երեմ Սարգսյանի  բացակայության պատճառի վերաբերյալ դատարանը որևէ տեղեկություն չուներ: Նման պայմաններում նիստը ենթակա էր հետաձգման:

Նշենք, որ այս գործով նախորդ դատական նիստը ևս հետաձգվել է: Դատարանը որոշել է, որ նիստերը պետք է տեղի ունենան յուրաքանչյուր երկուշաբթի և պնդում է, թե կողմերի հետ հստակ պայմանավորվածություն է եղել, մինչդեռ դատավարության մասնակիցները  հայտարարում են, որ կողմերի միջև նման հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ-ի հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծի ենթարկել, ապա դեպքի վայր է եկել ևս երեք անձ՝ Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և, ինքնությունը չպարզված, ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝  դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև վերջինս մայրը՝ Էմմա Աբրահամյանը,  և միջադեպը տեղի է ունեցել վերջինիս աչքի առաջ: Դրա հետևանքով վնասվածք է ստացել նաև Աբրահամյանն ու այժմ տուժողի կորգավիճակ ունի:

Գլխավոր լուսանկարում դատավոր Աննա Դանիբեկյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter