HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերը կհամալրվեն հատուկ պատվիրված փրկարարական ամենագնացներով

Հունվարի 15-ին Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ներկա եղավ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ն: 

Այս խմբաքանակը ներառում է 6 միավոր հատուկ պատվիրված “КАМАЗ” մակնիշի վթարափրկարարական ամենագնաց մեքենա, 5 միավոր անօդաչու թռչող սարք և շարժական դաշտային խոհանոց: 

“КАМАЗ” մակնիշի ամենագնացները նախատեսված են բարձր լեռնային գոտիների, դժվարամատչելի վայրերի, ճանապարհների, ինչպես նաև` անտառային հրդեհների համար: Դրանք ունեն շուրջ 800 լիտր տարողությամբ ջրային և փրփուրային բակ: Այս մեքենանները կահավորված են հատուկ փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, պոմպեր, գերհզոր լուսային աշտարակ և այլն՝ դժվարամատչելի գոտիներում պատահարներին արձագանքելու համար: Ամենագնացների լուսային համակարգը, մասնավորապես, հնարավորություն կտա մեքենայի անձնակամզին աշխատել նաև գիշերային ժամերին՝ մթության պայմաններում՝ առանց հետաձգելու հրդեհաշիջման աշխատանքները: Մեքենաները կարող են տեղափոխել 6 հոգանոց անձնակազմ: 

ԱԻ նախարարին ներկայացրեցին նաև անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված են մարդկանց համար անհասանելի վայրերում մշտադիտարկում և իրավիճակի հետազոտություն կատարելու համար: Դրանք զինված են նորագույն տեսախցիկներով, որոնք հնարավորություն են տալիս որոնողափրկարարական աշխատանքներ կատարել անտառային և լեռնային պայմաններում: 

Նախարարը ծանոթացավ նաև շարժական դաշտային խոհանոցի հնարավորություններին: Այն նախատեսված է դաշտային պայմաններում 200 հոգանոց անձնակազմին ողջ օրվա ընթացքում սպասարկելու համար: 

Նախարար Տոնոյանը հանձնարարեց ստացված գույքը՝ մասնավորապես ամենագնաց մեքենաները, բաշխել հանրապետության այն մարզերում, որտեղ դրանց անհրաժեշտությունը գերակա է,  նա նաև հանձնարարեց ապահովել այդ մեքենաները և սարքավորումները սպասարկող անձնակազմի վերապատրաստման գործընթացը՝ ՌԴ-ից ժամանած մասնագետների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում պատրաստել բարձր որակավորմամբ կադրեր:

 

Նախարարը եղավ նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը զինված է գերարդիական կապով՝ այդ թվում արբանյակային համակարգով, պահուսատային սերվերներով, ժամանակակից մոնիտորներով և այլն: Կենտրոնի տեխնիկական զինումը թույլ է տալիս բարձր որակի կապ հաստատել ՀՀ ԱԻ և ՌԴ ԱԻ նախարարությունների միջև: Նշենք, որ կենտրոնի ՃԿԿ-ի տեխնիկական վերազինումը շարունակվում է: 

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում առկա է նաև «Струна-2» գերժամանակակից համակարգը, ինչպես նաև՝ ինժեներական, սակրավորական և վթարափրկարարական ուղղվածության լսարաններ, որոնք նախատեսված են համապատասխան մասնագետների վերապատրաստման համար: Այս լսարանները կահավորված են նորագույն ուսուցողական սարքավորումներով, տեխնիկայով, համակարգիչներով, ինտերակտիվ մոնիտորներով, ականազերծման համակարգերով և այլն: Նախարարը հանձնարարեց «Струна-2» համակարգի շահագործման մեկնարկը սկսել ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության մասնագետների վերապատրաստմամբ: 

Տրամադրված գույքի մեծ մասը կհատկացվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային և քաղաքային տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

 

Նշենք, որ համաձայն ՀՀ և ՌԴ միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017-18 թթ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter