HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սերգեյ Լավրով. «Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ ծրագիր չունի»

Ռուսական դիվանագիտության 2017 թվականի արդյունքները ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Մոսկվան հակամարտության կարգավորման հստակ ծրագրեր չունի, քանի որ «խնդիրը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը»:

Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը հակամարտության կարգավորման հարցով զբաղվող մյուս կողմերի հետ միասին ձգտում է «ցույց տալ այն փոխզիջումները, որոնք հակամարտող կողմերին ընդհանուր հայտարարի կբերեն այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ մինչև օրս նրանք անհամաձայնություն ունեն»:

«Մենք սպասում ենք, որ երկու երկրներից էլ (Հայաստանից և Ադրբեջանից, խմբ.) որոշակի դրական ազդակներ կլինեն: Այս խնդիրը մեկ փաստաթղթով հնարավոր չէ մեկընդմիշտ լուծել, անհրաժեշտ է փուլային մոտեցում»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովը կարևոր է համարել շփման գծում հանգստության պահպանումը. «Կարծում եմ, որ հիմա  կարևոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում իրավիճակը ավելի հանգիստ լինի, ինչն էլ կնպաստի խնդրի քաղաքական կարգավորմանը»,- ՌԴ արտգործնախարարի խոսքերն է փոխանցում TACC-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը եղել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Ալիևի հետ առանձնազրույցիցի հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: 

«Պայմանավորվել ենք, որ միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»,- հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումից հետո նշել էր Սերժ Սարգսյանը:

լուսանկարը՝  Валерий Шарифулин/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter