HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ բանտարկյալը երրորդ անգամ է պայքարում պայմանական վաղաժամկետ ազատման համար

Ցմահ բանտարկյալ, 23 տարի պատիժը կրող Ստեփան Գրիգորյանն արդեն երրորդ անգամ է պայքարում պայմանական վաղաժամկետ ազատման իր իրավունքից օգտվելու համար։ Այս անգամ էլ Արմավիրի մարզի դատարանն է մերժման որոշում կայացրել, որը դատապարտյալի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Ստեփան Գրիգորյանն այսօր վերաքննիչ դատարանում նշեց՝ ինչ կատարել եմ, իմ կյանքով եմ հատուցել։ «Այսօր այստեղ ենք իմ այս տարիների վարքի, ոչ թե իմ արարքի համար»,- ասաց նա։

Ստեփան Գրիգորյանը կոտրում է այն կարծրատիպը, թե բոլոր բանտարկյալները խոսում են իրենց անմեղության մասին․ «Չեմ ուզում ասել, որ անմեղ եմ եղել, իմ արարքի համար կյանքով եմ հատուցել»։

Ցմահ դատապարտյալը նշեց, որ զղջում է կատարած արարքի համար․ «Սրանք լոկ գեղեցիկ խոսքեր չեն, որոնք ուղղված են ներկաների մոտ խղճահարություն առաջացնելուն»։ Ասաց, որ 23 դժբախտ տարիներից վեցը եղել են մահապատժի տարիներ․ «Այսօր չկա մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյանը»: Ավելացրեց, որ դատարանում կանգնած է ապաշխարանքի միջով անցած մարդ։

Դատավոր Մանուշակ Պետրոսյանը լսեց փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքի հիմքերն ու հիմնավորումները։ Ստեփան Գրիգորյանին պայմանական չազատելու մասին դատարանի որոշման մեջ որպես հիմք նշվել է հետևյալը՝ նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությանը բարձր է, հետևաբար ցմահ դատապարտյալ Գրիգորյանը պետք է շարունակի կրել պատիժը։ Մատնանշվել է, որ պատժի ընթացքում երկու անգամ տույժի է ենթարկվել, մեջբերվել է անկախ հանձնաժողովի եզրակացությունը և վկայակոչվել 23 տարի առաջ կատարած արարքը։

«Տույժերի մասին խոսվել է, սակայն Ստեփան Գրիգորյանի ստացած խրախուսանքի մասին ոչ մի խոսք։ Բացի այդ, ինքնին արարքը չի կարող հիմք հանդիսանալ պայմանական ազատումը մերժելու համար։ Եթե արարքը ծանր չլիներ, քսան տարի չէր սահմանի օրենսդիրը որպես պայմանական ազատման շեմ։ Ուստի, պետք է գնահատենք, թե ինչ է արվել այս տարիներին, ինչպես է վերափոխվել անձը, ոչ թե արարքը»,-ընդգծեց պաշտպան Ռոբերտ Ռևազյանը։

Այս անգամ «Արմավիր» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը Ստեփան Գիրգորյանին տվել էր դրական բնութագիր, նշելով՝ սպորտային միջոցառումներին է մասնակցում, շփվող է, աշխատակիցների հետ հարգալից, ամուսնացած է, կապը ընտանիքի հետ ակտիվ, ցանկություն է հայտնել աշխատել, ֆիզիկապես վատառողջ է, վիրահատվել է, քրեական ենթամշակույթի կրող չէ։

Ռոբերտ Ռևազյանը մեջբերեց նաև ՄԻ եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցի մասին, ըստ որի անհաղթահարելի պատժի իրականացումը հանգեցնում է Կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտման։ Երբ նախատեսված է պայմանական ազատման իրավակարգավորում, սակայն անձը չի կարողանում օգտվել, Կոնվենցիայի խախտում է։

Փաստաբանը ներկայացրեց նաև վիճակագրություն․ Հայաստանում մոտ երեսուն ցմահ դատապարտյալ հատել է պատժի կրման քսան տարվա շեմը, սակայն որևէ մի դեպք չկա, երբ անձը ազատվել է պայմանականորեն։ Մինչդեռ դատավոր Պետրոսյանը հորդորեց միտինգային հայտարարություններ չանել՝ «30 հոգու շահեր չէ, որ ներկայացնում եք»։ Ռևազյանը դատավորին պատասխանեց, որ այդ վիճակագրությունը իր բողոքում ևս առկա է և ՄԻԵԴ-ի դիրքորոշման հավաստումն է։

Վճռաբեկ դատարանի նախադեպի համաձայն` պայմանական ազատման ենթարկա է ոչ թե այն անձը, որն ուղղվել է, այլ նա, ով կանգնած է ուղղման ճանապարհին, հենց դրանով էլ պայմանավորված է ինստիտուտի անունը՝ պայմանական վաղաժամկետ դատարան, վկայակոչեց փաստաբանը։

Իսկ նախքան բողոքի ներկայացումը, փաստաբան Ռևազյանը միջնորդություն էր արել՝ վարույթից հեռացնել «Արմավիր» ՔԿՀ-ի ներկայացուցիչ Մկրտչյանին, ով ներկայացել էր որպես պայմանական վաղաժամկետ ազատման անկախ ներկայացուցիչ։ «Ընդհանրապես ՔԿՀ-ի ներկայացուցիչն իրավունք չուներ նաև առաջին ատյանում ներկայացնել անկախ հանձնաժողովը։ Նման օրենսդրական կարգավորում չկա։ ՔԿՀ-ի դիրքորոշումը կարող է տարբերվել: Անթույլատրելի է անկախ հանձնաժովի դիրքորոշումը ներկայացնել Արմավիր ՔԿՀ-ի ներկայացուցչի միջոցով։ Դրանք տարբեր կառույցներ են»,-միջնորդությունը հիմնավորեց Ռևազյանը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որպես այդ հաձնաժողովի ներկայացուցիչ է ներկայացել պարոն Արշակյանը, այս անգամ ներկայացել էր Մկրտչյանը՝ Արմավիր ՔԿՀ ՍՀԻԱ բաժնի ղեկավարին։ Թեպետ փաստաբանը միջնորդել է, որ առաջին ատյանի դատարան հրավիրվի անկախ հանձնաժողովի նախագահը, նա այդպես էլ չի ներկայացել դատարան։ «Նույն հաջողությամբ ստացվում է, որ ՔԿՀ-ի ներկայացուցիչը կարող է ներկայացնել, օրինակ, ոստիկանության շահը, միգուցե նաև Կադաստրի շահը»,-հռետորական հարց բարձրացրեց փաստաբանը։

Դատախազն առարկեց միջնորդությանը։ ՔԿՀ-ի երկու ներկայացուցիչները, որոնցից մեկը անկախ հանձնաժողովն էր ներկայացնում, համաձայն էին դատախազի հետ։ Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց մերժել փաստաբանի միջնորդությունը` այն համարելով անհիմն։

Դատախազը նաև առարկեց բողոքի դեմ առհասարակ և պնդեց առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել ուժի մեջ։

Դատավոր Մանուշակ Պետրոսյանը հետաձգեց նիստը մինչև հունվարի 26-ը՝ նշելով, որ դատապարտյալի անձնական գործը՝ երեք հատոր, այսօր է ստացվել, և այն ուսումնասիրելու կարիք կա։

Ստեփան Գրիգորյանը ծնվել է 1963թ.-ին, Երևանում, ունի միջնակարգ կրթություն, ձերբակալվել է 1996թ.-ին: 1997թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի՝ 1961թ. քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով` մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: 2003թ. նախագահի ներման հրամանագրով մահապատիժը փոխվել է ցմահ ազատազրկմամբ:

Այսպիսով՝ թեպետ Ստեփան Գրիգորյանը 2015-ի մայիսի 14-ից ստացել է պայմանական ազատվելու իրավունք, այսինքն՝ լրացել է ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին (նախնական կալանքի տակ եղած 1 տարվա ժամանակահատվածը նախկին օրենքի համաձայն, հաշվարկվել է 1 օրը մեկուկեսի համապատասխան: Ուստի ստացվել է, որ 2015թ.-ին լրացել է պատժի կրման 20 տարին), այդուհանդերձ դեռ պայքարում է իր պայմանական ազատման իրավունքի իրացման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter