HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Անհայտ անձինք Մակարավանքը կողոպտել են

Միջնադարյան Մակարավանք վանական համալիրը երկու օր առաջ անհայտ անձանց կողմից կողոպտվել է:

Դեպքի մանրամասները «Հետք»-ի հետ զրույցում ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Գիշերը վանքի դռան կողպեքը ջարդել, մտել են ներս, գանձանակն են բացել, պարունակությունը հանել: Խորան են բարձրացել, այնտեղ դրված արծաթե խաչը տեղաշարժել, բայց ինչ-ինչ պատճառներով չեն տարել: Հետո ջարդել են վանքի ներսում գործող փոքր առեւտրի կրպակի ապրանքները»: 

Անհայտ անձինք գողացել են կրպակում պահված փայտյա եւ երկաթե խաչերը։ Տավուշի թեմի առաջնորդը նշեց, որ կատարվածում վանդալիզմի հետքեր չկան: Եկեղեցուն վնաս չեն պատճառել: Եպիսկոպոսը կարծում է, որ սա կենցաղային դեպք է եւ չի կարելի պնդել, թե ուղղված է հենց եկեղեցու դեմ:

Մակարավանքի հոգեւոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը դեպքի առիթով հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանություն: 

Ընդ որում, այս վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ դեպքն է: Մի քանի ամիս առաջ երկու երիտասարդ աղջիկներ կրկին գիշերը մտել էին Մակարավանք, գանձանակը բացել, այնուհետեւ գարեջրի մետաղական տարաներ էին շպրտել տարածք: Այս մի դեպքը բացահայտվել է: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ իրավապահ մարմիններին խնդրել է մեղավորների նկատմամբ մեղմ լինել․ «Ես խնդրեցի, որ ներողամիտ լինեն, երիտասարդ աղջիկներ են, խիստ չպատժվեն: Դա մեր զբաղվելիքն է, մենք պետք է զբաղվենք իրենց հետ, զրույց ունենանք»:

Թեմի առաջնորդն ասաց, որ մոտ երկու տարի առաջ նմանատիպ դեպք գրանցվել է նաեւ Գոշավանքում, բայց այդ բոլորը եղել են առանց վանդալիզմի տարրերի: «Միգուցե փորձում են այդ պահին գումար գտնել վանքում: Հնարավոր է՝ կարիք ունեն: Չեմ կարող ասել»,-ասաց եպիսկոպոսը:

Մակարավանքը, ինչպես եւ թեմի այլ վանքեր, գիշերային պահակներ չունեն: Բացառություն է Հաղարծնի վանքը, որը տարիներ առաջ վերանորոգման է ենթարկվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter