HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» գործով փաստաբանները հրաժարվում են դատական նիստին ներկայանալուց

«Մեզ անհայտ պատճառներով ծանուցագրեր ենք ստացել դատարանից՝ այսօրվա նիստին ներկայանալու համար։ Այս գործով մենք այլեւս չենք կարող որպես պաշտպան ներկայանալ, քանի որ մեր պաշտպանյալները հրաժարվել են մեր պաշտպանությունից»,- «Սասնա ծռերի» գործով նիստից առաջ հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Փաստաբանը հայտնեց, որ ծանուցագրում նշված ժամին ներկա են եղել նիստերի դահլիճում, սակայն նիստը չի սկսվել: «Ուստի գրություն ենք ներկայացրել, որ մենք ժամը տասնմեկին ներկայացել ենք դատարան՝ պարզելու մեզ կանչելու պատճառները, սակայն քանի որ նիստը չկա, մենք հեռանում ենք դատարանից»,-հայտարարեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում ամբաստանյալները հրաժարվել են փաստաբաններից, քանի որ չեն ցանկացել մասնակցել նիստին եւ չեն ցանկացել, որ պաշտպանները եւս ներկա գտնվեն։ Իրենց գործողություններ եղել են` ի աջակցություն հացադուլ հայտարարած Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի։

Այսօր դատարանում էր նաեւ փաստաբան Արայիկ Պապիկյանը, նրան նույնպես դատարանի կողմից նիստին ներկայանալու ծանուցագիր էր ուղարկվել։  Ա. Պապիկյանի պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը եւս հրաժարվել էր փաստաբանի ծառայությունից, այդ իսկ պատճառով փաստաբանը հայտնեց, որ  տեղեկություն չունի Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ երեկ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել, որ Խանդոյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել է հետազոտության, որից հետո պետական պատվերի շրջանակներում ենթարկվել է անհրաժեշտ վիրահատական միջամտության:

«Ստույգ տեղեկություն չունեմ Արայիկ Խանդոյանի վիճակի մասին, չեմ կարող ստույգ տեղեկություն հայտնել, նրան չեմ կարողանում նույնիսկ իրավաբանական խորհրդատվություն մատուցել։ Ենթադրում եմ, որ վիրահատությունը կապված է երիկամների հետ։  Ինչքան գիտեմ՝ արդեն խուց են տեղափոխել, ոչ թե պիտի շնորհակալություն հայտնել, որ վիրահատությունը կատարեցին, այլեւ փաստ արձանագրենք, որ անմարդկային պայմանները սառը խցում պահելը, շատ կարճ ժամանակում ի հայտ եկավ եւ փաստ դարձավ»,- հայտնեց փաստաբան արայիկ Պապիկյանը։ Փաստաբանը նշեց, որ իրեն այլ գործերով եւս չեն թողնում Արայիկ Խանդոյանին իրավաբանական խորհրդատվություն տրամադրել։

Դատական նիստի ընթացքում դատավոր Օհանյանը ընթերցեց փաստաբաններ Դ. Գյուրջյանի, Մ. Շուշանյանի, Հ. Սարգսյանի, Հ. Բաղդասարյանի, Ե. Վարոսյանի, Ա. Պապիկյանի կողմից ներկայացրած դիմումը, ըստ որի՝ հայտնի չէ փաստաբաններին դատարան հրավիրելու պատճառները, քանի որ նիստը նշված ժամին չի սկսվել, հեռանում են դատարանից։

Դատախազ Արթուր Չախոյանը նշեց, որ ծանուցման հետ կապված ոչ մի խնդիր չի եղել։ «Իրենք պիտի ներկա լինեին, որ նիստը սկսվեր։ Բազմաթիվ դեպքեր է եղել, որ դատարանը տաս րոպե ուշ է սկսել նիստը, որպեսզի դատավարության մասնակիցները ներկա գտնվեն։ Սա վկայում է, որ փաստաբանները չարամտորեն խուսափում են դատարան ներկայանալուց, քանի որ դատարանի կողմից նախորդ նիստին չի ընդունվել պաշտպաներից հրաժարվելը»,- հայտարարեց Ա․ Չախոյանը եւ նշեց, որ դատարանը պետք է դիմի փաստաբանների պալատ՝ փաստաբաններին կարգապահական վարույթի ենթարկելու համար։

Ըստ դատարանի՝ նախորդ նիստի ընթացքում փաստաբաններն անհարգելից վերաբերմունք են ցուցաբերել եւ լքել նիստերի դահլիճը։ Դատավորը նշեց, որ փաստաբանները չարամտորեն չեն ներկայացել նիստին, քանի որ նրանք հնարավորություն են ունեցել իրենց կարծիքը նիստերի դահլիճում արտահայտել։

Դատարանը նշեց, որ ամբաստանյալները գտնվում են սանկցիայի տակ, ուստի պաշտպանների ներկայությունը պարտադիր է։ Նիստն ընդմիջվեց՝ փաստաբաններին դատական նիստի դահլիճ հրավիրելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter