HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Շաբոյանի պարզաբանումները՝ թանկացումների վերաբերյալ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր ներկայացրել է հանրապետության նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև գնաճի վերահսկողության ուղղությամբ կատարվելիք  քայլերը:  

Մրցակցային մարմնի նախագահը նախ անդրադարձավ հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների թանկացման վերաբերյալ հարցին, ինչպես նաև ներկայացրեց լայն սպառման մթերքների վերաբերյալ դիտանցումների և ուսումնասիրությունների արդյունքները:

Խոսելով տարեսկզբից դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված բնական գազի շուկաներում արձանագրված գնաճից՝ Ա. Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովը մանրամասն հաշվարկներ է իրականացրել՝ պարզելու, թե որքանով են տեղի ունեցած փոփոխությունները համահունչ հարկային դրույքաչափերի փոփոխություններին. «Մեր մոնիտորինգի համաձայն, 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը՝ 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով»: Ա. Շաբոյանը մանրամասնեց, որ հունվարից բենզինի ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվով  նախկին 25.000 դրամի փոխարեն դարձել է 40.000 դրամ, բացի այդ, մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը 120 000 դրամից, դարձել է 135 000 դրամ, ինչն էլ, բնականաբար անդրադարձել է վերջնական գնի վրա:

ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձավ նաև դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի շուկաներին. «Նախկինում դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից: Իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35000 դրամ: Հունվարից ակցիզային հարկը նվազել է՝ դառնալով 13 000 դրամ, սակայն, դրան զուգահեռ, ավելացել է ԱԱՀ-ն, որը նախկինում չի եղել: Նշված փոփոխությունները մեր հաշվարկներով 1 լիտր դիզելային վառելիքի վրա կարող էին անդրադառնալ մոտ 60 դրամով»: Ինչ վերաբերում է բնական սեղմված գազին, ապա Ա. Շաբոյանը նշեց, որ 2018-ի հունվարից այս ապրանքատեսակի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը 1000 խ.մ-ի համար  նախկին 8330 դրամի փոխարեն կազմում է արդեն 25 000 դրամ: Այսինքն, ակցիզային հարկի մեծությունը ավելացել է 16 670 դրամով: Հաշվի առնելով, որ  նշված գումարին ավելանում է նաև ԱԱՀ-ն, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով  հարկերի ավելացումը կազմում է շուրջ 20 000 դրամ:

Անդրադառնալով 2018 թվականին մեր երկրի համար ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությանը՝ ՏՄՊՊՀ նախագահը ընդգծեց, որ այն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների գնի վրա. «Խոսքը ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4-5 ապրանքի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ և կաթնամթերք, որոնց մասով, նախ մեր երկիրը բավականին զարգացած տեղական արտադրություն ունի, ինչի հաշվին հիմնականում պահանջարկը բավարարվում է, և, ապա, այդ ապրանքների հիմնական մասը ներկրվում է հենց ԵԱՏՄ-ից և ոչ երրորդ երկրներից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter