HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա ամիսներին ակնկալվում է կարագի գնի նվազում. ՏՄՊՊՀ

Այսօր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողներին ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում գերիշխող ապրանքային շուկաներում կատարված ուսումնասիրությունների ամփոփ պատկերը՝ ընդգծելով, որ մի շարք սոցիալական առաջնային նշանակության ապրանքատեսակների մասով արձանագրվել է գնի բարձրացում, որոշների մասով էլ՝ նվազում:

Նախորդ տարի արձանագրվել է կարագի գնի բարձրացում, որի վերաբերյալ հանձնաժողովը պարբերաբար հանդես է եկել պարզաբանումներով: Քանի որ  կարագի հիմնական մասը ներմուծվում է նորզելանդական Fonterra ընկերությունից, ապա հանձնաժողովը դիտարկում է հենց այդ ընկերության վաճառքի գների փոփոխությունները «Միջազգային վաճառքի գների դիտարկումները ցույց են տալիս, որ նոր-զելանդական կարագի գները սկսել են բարձրանալ 2016 թվականի մայիսից, որի ազդեցությունը ՀՀ կարագի շուկայում արձանագրվել է 4 ամիս անց՝ սեպտեմբերից: Fonterra ընկերության կարագի վաճառքի ամենաբարձր գինը 2016-2017 թթ ընթացքում հաստատվել է 2017-ի հուլիսին՝ 1 տոննան շուրջ 6000 ԱՄՆ դոլար, որի ազդեցությունը ՀՀ կարագի մանրածախ շուկայում արձանագարվել է 2017 թվականի նոյեմբերին՝ 1կգ շուրջ 4520 դրամ»: ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ սկսած  նախորդ տարվա նոյեմբերից՝ կարագի մանրածախ վաճառքի գները կայունացել են, անգամ արձանագրվել է փոքր գնային նվազեցում. «Ակնկալում ենք, որ միջազգային շուկայում կարագի գների նվազումը, հաշվի առնելով նաև ժամանակային լագը,  առաջիկա 2-3 ամիսների ընթացքում  կանդրադառնա նաև տեղական շուկայի վրա»:

ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց նաև, որ նախորդ տարի մի շարք ապրանքատեսակների մասով արձանագրվել է գնի նվազում, ինչը պայմանավորված է մուտքի խոչընդոտների վերացմամբ, ԵԱՏՄ անդամակցությամբ և այլ օբյեկտիվ գործոններով: Օրինակ, 2018 թվականի հունվարին 2017-ի  հունվարի համեմատ նվազել է մասնավորապես շաքարավազի, հավի թարմ մսի, ձեթի, ալյուրի, կաթնամթերքների որոշ տեսակների և այլ լայն սպառման ապրանքների գները:

Ա. Շաբոյանը նշեց նաև, որ հանձնաժողովը շարունակում է ամենօրյա կտրվածքով դիտանցումներ և վերահսկողություն իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով, իսկ մրցակցային խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Խոսելով բենզինի գնագոյացման ուսումնասիրությունների վերաբերյալ՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ բենզինի ուսումնասիրություններ կատարելիս դիտարկվել են նաև հարևան երկրների գները. «Այսօր հայկական և վրացական շուկաներում բենզինը վաճառվում է գրեթե նույն գնով, բայց պետք է նշեմ, որ ՀՀ և Վրաստանի գները համադրելի չեն, քանի որ տարբեր է ձեռքբերման և ներկրման աշխարհագրությունը: Մենք բենզինը ձեռք են բերում հիմնականում ՌԴ-ից, Ռումինիայից և Բուլղարիայից, իսկ Վրաստանը՝ Ադրբեջանից և Թուրքմենստանից : Բացի այդ, մենք բենզինի տեղափոխումը իրականացնում ենք Վրաստանի տարածքով՝ երկաթուղային տրանսպորտի միջոցով, ինչն էական ազդեցություն ունի գնագոյացման վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter