Կիրակի, 23 սեպտեմբերի

Պատգամավորներն առաջարկում են խստացնել շահումով խաղեր, վիճակախաղեր իրականացնող ընկերությունների գործունեությունը



Խորհրդարանում քննարկվում է մի խումբ պատգամավորների համահեղինակած «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն կատարելու հարցը։ Նախագծի հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ փաթեթով երեք փոփոխություն է առաջարկվում։

«Մեր օրենսդրությունը տարիքային շեմ է սահմանում՝ Վիճակախաղի մասին օրենքի դեպքում՝ 18 տարին, Շահումով խաղերի դեպքում՝ 21 տարեկան քաղաքացիներն են կարող մասնակից դառնալ այդ շուկային։ Այսօր գործող նախատեսված տուգանքները հետևյալն են՝ 100 հազար դրամ։ Ես հարցմամբ դիմել եմ Ֆինանսների նախարարություն և պարզել, որ 2014-17  թվականների ընթացքում նախարարությունը նման մեկ սանկցիա է կիրառել որպես վարչական իրավախախտում։ Բոլորիս համար ակնհայտ է, որ այդ տարիների ընթացքում հազիվ թե մեկ դեպք լիներ, ակնհայտ է, որ գործող սանկցիան չի ծառայում իր նպատակին»,- ասաց Ֆարմանյանը։ Պատգամավորի խոսքով՝ շատ է ականատես եղել բազմաթիվ դեպքերի, երբ անչափահաս քաղաքացիները կարողանում են խաղադրույքներ կատարելու ծառայություններից օգտվել։

«Զուտ իմ հետաքրքրությունից ելնելով փողոցներում տեղադրված ապարատներում ինքս ինձ համար տասը ֆոտո եմ արել, երբ ակնհայտ ոչ 18 տարեկան քաղաքացին խաղադրույք է կատարում։ Մենք առաջարկում ենք 100 հազար դրամ տուգանքը փոխարինել 2 միլիոն դրամ տուգանքով, եթե այդ խախտումը տեղի է ունենում առաջին անգամ։ Եթե մեկ տարվա ընթացքում այդ խախտումը կրկնվում է երկրորդ անգամ, այսինքն այդ ընկերությունը խախտման դեպքն արձանագրելուց և տուգանքը նշանակվելուց հետո չի վերափոխում իր վարքագիծը, կիրառվում է տուգանք հինգ միլիոն դրամի չափով։ Խախտումը երրորդ անգամ կրկնվելու դեպքում կիրառվում է տուգանք տասը միլիոն դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտում անելուց հետո ընկերությունը զրկվում է լիցենզիայից», - ներկայացրեց պատգամավորը։

Պատգամավորների ներկայացրած նախագծի մյուս առաջարկությունը տարիքային շեմում փոփոխություն կատարելն է, եթե այսօրվա գործող օրենսդրությամբ 18 տարեկան քաղաքացին կարող է վիճակախաղ կատարել, ապա փոփոխությամբ առաջարկվում է այդ շեմը դարձնել 21:

Դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, վկայակոչելով Ֆարմանյանի խոսքերը, որ վերջինս փողոցում լուսանկարել է վիճախաղային ապարատներից օգտվող անչափահասների, հետաքրքրվեց, թե օրենքի ընդունման դեպքում լինելո՞ւ է արդյոք որևէ մեխանիզմ, որը կարողանա ստուգել այդ ապարատներից օգտվող ֆիզիկական անձանց տարիքը։

«Միգուցե այդտեղ պետք է տեղադրել տեսախցիկներ, եթե կարողանում ենք ճանապարահներին արագության խախտման փաստերն արձանագրել, ապա ինչո՞ւ նման դեպքերը չվերահսկվեն կոնկրետ լիազոր մարմնի կողմից», - հարցրեց Կյուրեղյանը։

Ֆարմանյանն արձագանքեց, որ ըստ իր ենթադրության՝ փողոցային ապարատների գործունեությունը որևէ կերպ չի կարգավորվում օրենսդրությամբ։

«Խնդրում եմ Ֆինանսների փոխնախարարին պնդել հակառակը, եթե դա այդպես է», - ասաց նա։

Նախագծի հարակից զեկուցող Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի խոսքով՝ փաթեթը հեղինակների հետ քննարկել են, չնայած ընդհանուր գաղափարախոսությունը համահունչ է կառավարության վարած քաղաքականությանը, սակայն կառավարությունն ունեցել է մի քանի դիտողություններ։

«Պարոն Ֆարմանյանի հետ համաձայնություն ունենք փաթեթի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ յուրաքանչյուր դիտողություն համատեղ քննարկել, ինչ վերաբերում է 18 տարեկան շեմի փոփոխությունը 21 տարեկան դարձնելուն, դրա ոչ իրավական, ոչ տնտեսական եզրակացությունը և ազդեցությունը Կառավարությունը չի տվել, այդ հարցը քննարկման առարկա պետք է դառնա առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ»,-ասաց փոխնախարարը։

ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե այս ոլորտում քանի՞ տնտեսվարող սուբյեկտ կա, և լիազոր մարմինն ի՞նչ պոտենցիալ ունի այդ ամենը վերահսկելու համար։

Փոխնախարարարը պատասխանեց, որ վիճակախաղի հինգ գործող կազմակերպիչ կա, 3 ինտերնետ շահումով կազմակերպիչ և 4  խաղատուն։

«Վիճակախաղերն ունեն բազմաթիվ ծավալված ցանց, միջինում մոտ 200 տոտալիզատորներ (կետեր), ստուգող մարմինը Լիզենզավորման պահանջների հսկողության տեսչությունն է, որի հաստիքային միավորների քանակն 9-ն է, ստուգումներն իրականացվում են ըստ նախապես հայտարարված պլանների, այսինքն ամեն տարվա վերջ ներկայացվում է, թե մյուս տարի ում ենք պատրաստվում ստուգել, վարչապետը հաստատում է այդ ծրագիրը», - ասաց փոխնախարարը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ