HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մարի Իզմիրլյանի» անվան մանկատնից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու վերաբերյալ գործը դատարանում է. սոցապնախարարությունը տուժող է

«Մարի Իզմիրլյանի» անվան մանկատնից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այն կքննվի Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի վարույթում: Այս մասին տեղեկություններն առկա են »Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում:

Խոսքը, հիշեցնենք,  Երևանի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մկրտչյանի և մյուսների վերաբերյալ 2016-ին հարուցված քրեական գործի մասին է:

Ըստ նյութերի՝ մանկատան տարբեր հաստիքների վրա 2013-2016թթ. ընթացքում քաղաքացիների անվամբ աշխատավարձ ձևակերպելով՝  մանկատնից յուրացվել է 46 մլն դրամից ավելի գումար:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մանկատան տնօրենին՝ Հասմիկ Մկրտչյանին,  հաշվապահին՝ Լիդա Սարգսյանին, կադրերի տեսուչին՝ Մարի Խայանին և գլխավոր հաշվապահ Քրիստինե Պողոսյանին:

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել  պաշտոնեական դիրքը օգտագործելով՝ շահադիտական և մեկ միասնական դիտավորությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Դատախազության լրատվական ծառայությունից «Հետք»-ին հայտնեցին, որ գործի քննությամբ պարզվել է, որ քաղաքացիները, որոնց ձևակերպվել են որպես ՊՈՍԿ-ի աշխատակիցներ, 31-ն են:

Ավելի վաղ՝ գործի նախաքննության սկզբնական շրջանում «Հետք»-ն անդրադարձել էր այս գործին ու, հղում կատարելով Քննչական կոմիտեից ստացված հարցման պատասխանին՝ գրել, որ այդ քաղաքացիները 19-ն են: Փաստորեն քննությամբ պարզել են ևս 12 անձինք, որոնք ձևակերպվել են որպես մանկատան աշխատակիցներ:

Հատկանշական է, որ թեև, ըստ որոշ տեղեկությունների՝ այս անձինք որոշակի փոխհարաբերություններ են ունեցել սոցապնախարարության այս կամ այն պաշտոնատար անձանց հետ՝ բոլոր 31 քաղաքացիները գործով անցնում են որպես վկա. Նրանցից որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չկա: Մանկատունը գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում և ֆինանսավորվում պետական միջոցներով: Դատախազություն լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն այս գործով տուժողի կարգավիճակ ունի:

Ամբաստանյալի աթոռին, փաստորեն այս աղմկահարույց գործով հայտնվել են միայն մանկատան աշխատակիցները:

Ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ Հասմիկ Մկրտչյանին վերագրվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածով մեղադրանք՝ 179-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես  խոշոր չափերով յուրացումը», 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը պետության շահերին հակառակ օգտագործելը» և 314-րդ հոդվածով՝ «պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»:

Ամբաստանյալ Լիդա Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացմանը կամ վատնմանն օժանդակելը, դրդրելը կամ այդ արարքը կազմակերպելը», 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացմանը կամ վատնմանն օժանդակեը, դրդրելը կամ այդ արարքը կազմակերպելը»,  38-308 հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը, դրդելը կամ կազմակերպելը» և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ «իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»:

Վերը նշված՝ 325-րդ հոդվածով մեղադրվում է նաև մյուս ամբաստանյալ Մարի Խայանը:

Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Քրիստինե Պողոսյանին, վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին», 314-րդ հոդվածով՝ «պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը» և 38-179 հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և խոշոր չափերով ուրացումանը կամ վատնմանը օժանդակելը, դրդրելը կամ այդ արարքները կազմակերպելը, , որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով:
Բոլոր ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:Նշենք, որ գործը այս պահին դեռևս դատաքննության չի նշանակվել:

գլխավոր լուսանկարը՝ B24.am-ի

Մեկնաբանություններ (4)

Marod
Good job Hetq! Thank you.
Tiran
Just how do you propose that donors find out if the charity they donate to are actually using the money for the stated purpose? Have you considered that?
mahmouzian
hovsep hetq can give you 1 page of positive ans at list 25to 50 pages of negative bravo hetq give us the crooks. thank you
Hovsep
I hope you will follow up with stories of the many-many organizations that do good work and have spotless reputations. Hetq needs to become more balanced in what you cover - not just the few negatives, but also the many positives. Otherwise, only negativity discourages people from doing good.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter