HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնացի դասախոս. «Հայաստանի բուհերում լսարանները հարմարեցված չեն ուսանողներին»

«Ինձ կամ պիտի ասեն «Թայիջի սենսեյ» կամ «Թայիջի սան», բայց ավելի լավ է պարզապես անունով դիմեն»,- ասում է ճապոնացի Թայիջի Նոտսուն, որը Հայաստան է եկել 5 ամիս առաջ: Երևանի պետական համալսարանում (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ) և Հայ-ռուսականհամալսարանում ճապոներեն է դասավանդում: 2017թ. Վրաստանում կայացած International Japanese Speech Contest-ը նրան հնարավորություն տվեց բացահայտել նոր մշակույթ: Ասում է`լեզվի բարդության պատճառով ուսանողները հաճախ կիսատ են թողնում դասերը. «Երկու համալսարանների հետ 1 տարվա պայմանագիր ունեմ: Սլավոնականում կարծես թե ավելի շահագրգռված են սովորել ճապոներեն: Աղջիկներն աշխատասեր են, տղաները՝ ոչ։ Կարծում եմ՝ դա նաև ռազմական համակարգի, ծառայության պատճառով է. նրանք ծուլանում են»։

Թայիջիի կարծիքով` հայաստանյան բուհերում քննական համակարգի կառուցվածքը բարդ է: Ավագ դպրոցի հետ է համեմատում`դժգոհելով, որ ուսանողները շատ են ծանրաբեռնվում ոչ մասնագիտական առարկաներով. «Օրինակ` Ճապոնիայում ամեն կիսամյակի ընթացքում ուսանողները մեկ քննություն են հանձնում: Հայաստանում ամեն ինչ մի տեսակ ըստ պլանի է ընթանում: Իմ կարծիքով, ուսանողների ընտրած առարկաները պետք է նրանց համար մոտիվացիա լինեն»:

«Եթե չես ուզում դասի նստել, մի նստիր. չէ՞ որ արդեն չափահաս ես և կարող ես ինքդ որոշել»

Այս մտայնությամբ է առաջնորդվում Թայիջին ուսանողների հետ աշխատելիս: Նշում է, որ համալսարաններում մեծամասնությունը դժվարանում է անգլերեն խոսել, դրա համար էլ հաղորդակցվելն էլ հեշտ չէ. «Դասախոսներից շատերը կարողանում են հետս հեշտությամբ զրուցել։ Բայց նրանց դասերի մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ աշխատանքային լեզուն հայերենն է, ես էլ ներկա չեմ լինում»։
Ճապոնացու կարծիքով`բուհերում տեխնիկական հագեցվածության լուրջ խնդիր կա. լսարանները ուսանողներին գրեթե հարմարեցված չեն: Համեմատելով իր երկրի հետ` նշում է, որ այնտեղ կրթօջախները զինված են համապատասխան տեխնիկայով:

«Հայաստանում երկինքը զարմանալիորեն միշտ կապույտ է»

Փողոցում քայլելիս Թայիջին հաճախ է որսում իրեն ուշադիր «զննող» հայացքներ: Երևանում միայնակ ապրելուց դժգոհ չէ. արդեն սովորել է: Տեղի մշակույթին հասցրել է հարմարվել` սովորելով առօրյա-խոսակցական բառեր և անգամ պարեր. «Այստեղի ջուրը շատ եմ սիրում: Լեռնային ջուրն ինձ համար աշխարհում լավագույնն է։ Ես մի քանի հայկական պարեր գիտեմ`ամենահայտնին (մտածում է ու հիշում անունը` «Քոչարի»)։ Սովորածս բառերն են` բարև դես, ոնտս ես, ստեսցյուն, արտակարգ, հաջող»։

Թայիջին ասում է` Արարատը տեսնելիս կարոտում է Ճապոնիան (Ֆուձիյամա լեռն է հիշում)։ Հայ և ճապոնական հասարակություններն էլ նմանեցնում է միմյանց, քանի որ երկուսն էլ մոնոէթնիկ են. «Ես հոգնեցի ճապոնական հասարակությունից։ Այնտեղ մարդիկ միշտ զբաղված են։ Բայց նմանությունների առումով կարող եմ ասել, որ երկու երկրներում էլ ապահով է»։

Հունիսին կլրանա Թայիջիի պայմանագրի ժամկետը, սակայն դեռ չգիտի՝ կշարունակի՞ աշխատել Հայաստանում, թե՞ ոչ։ 

Նելլի Պետրոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter