HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում հաղթեց հանրային կարծիքը. Աբովյան ճեմափողոցում արձաններ չեն տեղադրվի

Երանուհի Սողոյան

Գյումրու Աբովյան ճեմափողոցում 12 նոր արձանի տեղադրման փոխարեն նախագահի խոստացած մոտ 100 մլն դրամը կուղղվի նույն այդ փողոցում գտնվող «Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանների» պատկերասրահի հիմնանորոգմանն ու վերազինմանը: Քաղաքում եւս մի քանի արձան ունենալու գաղափարը շրջանառության մեջ էր դրվել 2017թ. հոկտեմբերի 1-ին՝ «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնդրանքով դիմել էր երկրի նախագահին՝ տրամադրել գումար Աբովյան ճեմափողոցում 12 արձան տեղադրելու նպատակով: Նախագահը լսել էր եւ չէր մերժել խնդրանքը:

Հոկտեմբերի 6-ի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր արձանների տեղադրման որոշմանը, որը կողմ ձայների առավելությամբ այն ժամանակ հաստատվեց, սակայն վերջնական միս ու արյուն ստանալու համար նախագիծը պետք է արժանանար նաեւ հանրության հավանությանը: Ի դեպ, քաղաքային իշխանությունները որոշել էին հանրային քննարկմանը ներկայացնել ոչ թե արձաններ տեղադրել-չտեղադրելու հարցը, այլ՝ թե ում աձանները կգերադասեին տեսնել գյումրեցիները Աբովյան ճեմափողոցում:

Աբովյան ճեմափողոցը արձաններով ծանրաբեռնելու գաղափարը բացասական արձագանքի արժանացավ: Գաղափարը քննադատում էին գրեթե բոլոր սոցիալական շերտերի ներկայացուցիչները, բավական ծավալուն քննարկումներ էին ընթանում սոցիալական հարթակներում: Կազմակերպված հանրային քննարկման մասնակիցների մեծ մասը եւս բացասական դիրքորոշմամբ հանդես եկավ: Ի վերջո, հաշվի առնելով հանրության մեջ գերակշռող ոչ դրական վերաբերմունքն առաջ քաշված գաղափարի նկատմամբ, քաղաքային իշխանությունները փոխեցին իրենց դիրքորոշումը: Այս անգամ նաեւ քայլերի հերթականությունն էր փոխված՝ որոշվել էր նոր գաղափարը նախ ներկայացնել հանրությանը, հետո նոր` ավագանու հաստատմանը:

Հունվարի 16-ին քաղաքապետարանում կազմակերպվել էր հանրային բաց լսում եւ քննարկում նախագահի խոստացած գումարը Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքի հիմնանորոգման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներին ուղղելու վերաբերյալ: Այս անգամ քաղաքային իշխանություններն ավելի պատրաստված էին: Նիստերի դահլիճում գրեթե ազատ տեղ չկար՝ հրավիրված էին քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցների ներկայացուցիչները. հարցն առավել տեսանելի դարձնելու համար ներկայացվեց փոքրիկ տեսանյութ պատկերասրահի խնդիրների մասին:

1987թ. ձեւավորված պատկերասրահը գտնվում է մեծահարուստ վաճառական Քեշիշովներին պատկանող առանձնատանը, որը կառուցվել է 1880թ.: Թանգարանի ստեղծումից հետո Երանուհի եւ Մարիամ Ասլամազյանները նվիրաբերել էին 620 բնօրինակ աշխատանք: Պատկերասրահի մեկամյա գործունեությունն ընդհատվել էր 88-ի երկրաշարժից հետո, որտեղ մինչեւ 2004-ը ապրել են անօթեւան ընտանիքներ: Լինսի ծրագրով վերանորոգելուց հետո թանգարանը վերաբացվել է, սակայն աչքի համար ոչ տեսանելի, իսկ իրականում բավական լուրջ թերություններն այդպես էլ չեն վերացվել:

Քննարկման մասնակիցներից մարզպետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը պատմեց, որ 13 տարի առաջ Լինսի ծրագրով արված նորոգումը կոսմետիկ բնույթ է կրել եւ չի լուծել ո´չ արտաքին ջրահեռացման, ո´չ կոյուղու, ո´չ փտած պատշգամբի հարցը: «Էդ խնդիրները ինչպես կային, էդպես էլ մնացին,-նկատեց Հասմիկ Կիրակոսյանը,-էնպես չէ, որ պատշգամբը նոր է քայքայվել: Ես հիշում եմ, որ բացման օրը բազմաթիվ հյուրեր կային դրսից, ու երբ բարձրացանք երկրորդ հարկ, ինձ մոտեցավ ծրագրի ղեկավարը՝ Արտաշես Թումանյանն ու խնդրեց, որ խմբով չքայլենք պատշգամբով, որ մի երկու հոգի անցնեն, իսկ մյուսներս մնանք սրահում: Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ ինչ-որ բան էն չէր»:

Հանրային քննարկումը վարող փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ներկայացրեց պատկերասրահի հիմնանորոգման համար նախատեսված ծախսերի նախնական ցանկը՝ պատշգամբի հիմնանորոգում, արտաքին ջրահեռացման համակարգի նորոգում, պատկերասրահի կոսմետիկ վերանորոգում, կոյուղատար համակարգի նորոգում, բակի բարեկարգում, ապակեպատ ցուցասրահի կառուցում, մուտքի սալահատակի վերականգնում, ջեռուցման համակարգի բարելավում, 294 կտավի համար նոր շրջանակի ձեռք բերում, կատալոգի տպագրում, հուշանվերներ եւ այլն, ընդհանուր առմամբ՝ 88 մլն 530 հազար դրամի աշխատանք:

Հատկապես կարեւորվել է դրենաժի հարցը, քանի որ շենքի հիմքերն անընդհատ ողողում են ստորգետնյա ջրերը, իսկ խոնավությունն առկա է մշտապես՝ տարվա բոլոր եղանակներին: Սրահներում կայուն ջերմաստիճան պահպանելու պահանջը եւս այս ցանկից էր: Նշվածներից ամենածախսատարը պատկերասարհի շենքի վերանորգումն է՝ 35 մլն դրամ, 19 մլն դրամ նախատեսված է բակի բարեկարգման եւ ապակեպատ ցուցասրահի կառուցման համար, 7 մլն դրամ՝ պատշգամբի նորոգման, 6 մլն 500 հազար դրամ ջեռուցման համակարգի նորացման համար է տրամադրվելու եւ այլն:

Փոխքաղաքապետ Սանոյանը նշեց, որ ավագանու հաստատումից հետո, քանի որ արդեն պարզ է` հանրությունը հավանություն է տալիս գաղափարին ու գլոբալ առումով դեմ արտահայտվողներ չկան, կկազմվեն շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, կհայտարարվի մրցույթ: «Գումարը, հնարավոր է, աճի, հնարավոր է` նվազի, դա արդեն պարզ կդառնա մասնագիտական հաշվարկներից հետո, քանի որ սա, ինչ ներկայացվեց, նախնական է,-նշեց Ռուբեն Սանոյանը,- քանի որ գումարը խոստացել էին, ու մեր բնակիչները չուզեցին դա ծախսվի արձանների վրա, մենք գտանք, որ առավել նպատակահարմար է այն Ասլամազյանների թանգարանին տրամադրել: Իհարկե, համայնքային ենթակայության եւս երեք թանգարան ունենք, բայց դրանք շատ ավելի լավ վիճակում են: Սրանով է պայմանավորված Կումայրի արգելոցի սրտում գտնվող պատկերասարհի ընտրությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter