HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Ավտովարորդների պաշտպանության լիգան» պայքարի կոչ է անում տաքսիստներին ու ուղեւորափոխադրողներին

Ակցիզային հարկի թանկացման արդյունքում դիզվառելիքի եւ ավտոգազի գնաճի հետեւանքները ծանր են լինելու, ավելի, քան մարդիկ պատկերացնում են: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը եւ «Ավտովարորդների պաշպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը վատ ու անցանկալի զարգացումներ են կանխատեսում: 

Նրանց խոսքով՝ այն, որ Երեւանի երթուղիները սպասարկող ընկերությունները, վարորդները ժամանակավորապես հրաժարվել են սաբոտաժի մտքից, ոչինչ չի նշանակում: 

«Խնդիրը, թվում է, քաղաքապետարանի պաշտոնյաների, ընկերների եւ այլնի միջամտությունից հետո հարթվեց: Բայց սա ընդամենը կոսմետիկ բան է: Էս հարցը չի լուծվելու: Բողոքի ակցիաներն էլի են կրկնվելու: Աստված չանի, եթե սա կրկնվի, քաղաքը ուղղակի կաթվածահար կլինի»,-ասում է Հրանտ Եղիազարյանը: 

Նրա խոսքով՝ մինչեւ քաղաքապետարանը նոր տրանսպորտային ցանց կմշակի, ժողովուրդը պարզապես կմնա ոտքով: «Մենք բազմիցս ահազանգել ենք, որ մի օր հասնելու ենք այս վիճակի: Մեր ասածները ապացուցվեցին, երեկվա դեպքերը դրա ապացույցն են»,-ասում է Հրանտ Եղիազարյանը: 

Հարցին, թե ինչպե՞ս հաջողվեց վարորդներին համոզել, որպեսզի նրանք հրաժարվեն բողոքի ակցիայից, Հրանտ Եղիազարյանը պատասխանեց. «Ասում են՝ սպասեք, լավ կլինի, սպասեք՝ կկարգավորենք»: 

Եղիազարյանը սխալ է համարում, որ վարորդների իրավունքների մասին ոչ ոք չի բարձրաձայնում, այլ խոսում են միայն ուղեւորների իրավունքների մասին. «Մենք ունենք երկու տեսակի քաղաքացի՝ քաղաքացի, որը չպետք է 50 դրամ ավել վճարի, եւ քաղաքացի, որը ջհանդամը, թե 2000 դրամ ավել չի վճարում: Տրանսպորտի գինը վերջին անգամ 100 դրամ սահմանվել է 1996 թվականին: Եթե 150 դրամի ակցիաներից հետո ուղեւորափոխադրողները համակերպվել էին մի կերպ սպասարկելու մտքի հետ, ապա գազի վերջին թանկացումը նրանց գործունեությունն անհնարին է դարձնում ներկա սակագնով: Ասեք մի ապրանք, կամ ծառայություն, որ այսքան տարի չի փոփոխվել: Արդյունքն այն է, որ ունենք կոտրված, ջախջախված տրանսպորտային ցանց»: 

Փոխադրողների միության նախագահը ներկա իրավիճակում անխուսափելի է համարում ուղեւարձի թանկացումը: 

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ուղեւորափոխադրողներին ու տաքսու վարորդներին կոչ է անում դուրս գալ փողոցային պայքարի: 

«Վարորդներն ասում են՝ 100 դրամը չեն թանկացնելու: Էդ մարդիկ խղճով են: Բայց պետք է օգնենք իրենց, որպեսզի պայքարեն թանկացումների դեմ: Մենք ձեռներեցներով պիտի էս վիճակին վերջ տանք: Պայքարենք, որպեսզի օրենսդրությունը փոխեն»: Հովհաննիսյանը պետական մարմիններին մեղադրում է անահամձայնեցված գործողությունների եւ ընդհանրապես՝ անգործության մեջ. «Իրականում իշխանական թեւերը չեն համագործակցում: Քաղաքապետարանի կողմից տարիներ շարունակ անխիղճ կառավարում է իրականացվել, խնդիրները չեն բարձրացվել, Տրանսպորտի նախարարությունը սուտ է խոսում, ստեղծվում է նրանց խոսքերին հակասող Հարկային օրենսգիրք: Արդյունք՝ մեր իրականությունը կեղծիքների վրա է հիմնված: Կպել են աջ ղեկով մեքենաներից: Վարչապետն էլ սուսուփուս նստել է, չի միջամտում: Ձեզ ո՞վ էր ասում՝ ակցիզային հարկը թանկացնել»: 

Տիգրան Հովհաննիսյանն էլ մատնացույց է անում Հայաստանի ճանապարհների վիճակը, չնայած կառավարությունը ճանապարհային հարկ է գանձում: «Ամոթ է, տեսեք ինչ վիճակում են մեր ճանապարհները՝ Բագրատաշենից մինչեւ Դիլիջան: Ո՞նց ենք նայում էդ օտարերկրյա բեռնափոխադրողների աչքերին»: 

Հրանտ Եղիազարյանն առաջարկում է՝ մինչեւ փոփոխություններ անելը, պետք է սպասարկող ընկերություններին հարկերից ազատեն. «Թող հարկային բեռից ազատեն, վառելիքը տան ինքնարժեքով, ուղեւորային վճարումները նվազեցնել կամ հանել, եւ պահեստամասերը տան մեծածախի գներով: Նման մի բան արեք, որպեսզի մենք դիմանանք մինչեւ նոր երթուղային ցանցի գործարկումը: Փոխադրողները էս ազգի թշնամիները չեն: Ճիշտ է, շախմատի ձիու կարգավիճակով, բայց մեզ տարել տուն են հասցրել, տնից աշխատանքի են տարել»: 

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ 1000-1200 ավտոմեքենա կանգնած է, վարորդ չկա, այնինչ հայ վարորդը Մոսկվայում կանացի խալաթով դատվում է: 

«Վարորդ չունենք, որովհետեւ վարորդները էստեղի աշխատանքով իր տունը չի կարողանում պահել, այլ ճանապարհներ է փնտրում, գնում է օտար ափեր»,-ասաց Հրանտ Եղիազարյանը: 

Հիշեցնենք, որ Հունվարի 1-ից, պայմանավորված «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված անբարենպաստ փոփոխություններով, աճել է դիզվառելիքի, բենզինի եւ ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի գինը, ինչը առաջին հերթին ցնցումներ է առաջացրել ուղեւորափոխադրումների ոլորտում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter