HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բաղրամյան համայնքի ղեկավարը աչքաչափով գնահատում եւ վաճառում է համայնքի գույքը

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանի հանձնարարությամբ ներհամայնքային ճանապարհները քանդել են, հողի տակից հանել կոյուղու ազբեստյա խողովակները ու մեքենաներով տեղափոխել: Աշխատանքները կատարվել են դեկտեմբերի 12-26-ը: Կատարվածից զարմացած ու զայրացած բնակիչներին բացատրել են, թե Հանրապետության վարչապետի եւ Արմավիրի մարզպետի հանձնարարությունն են կատարում: Մեծ ծավալի այս «օպերացիան» գրավել է նաեւ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը, որոնց հետաքրքրասիրությունը բավարարել են' ներկայացնելով ավագանու համապատասխան որոշումը:

Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը 2017թ. դեկտեմբերի 8-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ որոշում է ընդունվել «Բաղրամյան համայնքի վարչական տարածքում գտնվող անօգտագործելի ազբեստյա խողովակների վաճառքի գինը սահմանելու եւ վաճառելու մասին»:

Ավագանու որոշման մեջ նշված չէ, թե ինչ մեթոդաբանությամբ է որոշվել տարբեր տրամաչափի խողովակների վաճառքի գինը: Նշված չէ նաեւ, թե որքան խողովակ է հանվելու եւ ինչպես է վաճառվելու' ուղի՞ղ վաճառքով, թե՞ աճուրդով: Ավագանին որոշումը կայացրել է' հղում կատարելով ՏԻՄ օրենքի 16 հոդվածի 20-րդ կետին. «Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով», որը որեւէ կերպ չի հիմնավորում նշված որոշումը: Ավելին, որոշումը չի հրապարակվել: Արմավիրի մարզպետարանը Բաղրամյան համայնքի ավագանու այս որոշումը հրապարակեց այսօր, մեր պահանջով:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական գործ հարուցվեց տարբեր տրամաչափերի խողովակներն առանց գնահատելու օտարելու համար:

Բաղրամյանի բնակիչները պատմեցին, որ կոյուղին կառուցվել է Խորհրդային Միության փլուզումից առաջ, պետության միջոցներով, երբ Ադրբեջանից բռնագաղթած մեծ թվով հայեր ապաստանել են Բաղրամյանում: Նրանց համար քոթեջներ են կառուցվել, փախստականների միջոցներով նաեւ կոոպերատիվ բնակարանների եւ առանձնատների շինարարություն է սկսվել, որն ավարտին չի հասցվել: 95 կիսակառույց առանձնատներն ու կոոպերատիվ շենքերը համայնքային ենթակայության անցնելուց հետո թալանվել ու քայքայվել են, կոյուղագիծն էլ մեկ ամիս առաջ համայնքապետ Արա Սահարյանի նախաձեռնությամբ եւ ավագանու թույլտվությամբ որոշել են վաճառել:

Որոշումը կայացնելիս ավագանին չի անդրադարձել համայնքի ռազմավարական ծրագրով կարեւորված խնդիրներին, որ համայնքում առկա գյուղնշանակության հարյուրավոր հեկտարներով վարելահողեր չեն մշակվում ոռոգման ջրի բացակայության պատճառով: Միաժամանակ, ոռոգման առուները հողային հունով են, որն ինքնին ջրային մեծ կորուստների պատճառ է: Գուցե կոյուղատարին չծառայեցված խողովակներն օգտագործվեին ոռոգման համակարգը բարեկարգելու նպատակո՞վ, եթե նույնիսկ առաջիկայում անհնար էր համարվում կոյուղագծի գործարկումը:

2016թ. հոկտեմբեր ամսին պաշտոնը ստանձնած համայնքի ղեկավարն իր հիմնական գործը համարել է համայնքի ունեցվածքի վաճառքը: 2017թ. հուլիսի 21-ին Բաղրամյան համայնքի ավագանին որոշում է կայացնում աճուրդ-վաճառքով օտարել նախկին զինկոմիսարիատի շենքը (508.16 քմ, պարիսպը' 3308 քմ, 1887 քմ հողատարածք): Շենքի սեփականատեր է դարձել Ջրօգտագործողների միությունը (ՋՕՄ)-ը, որը մինչ այդ շինությունը զբաղեցնում էր վարձակալությամբ:

Վաճառքի մեկնարկային գինը դարձյալ սահմանել է ավագանին՝ համայնքի ղեկավարի աչքաչափով' 4 մլն 200 000 դրամ: Մինչդեռ, մինչեւ աճուրդ կազմակերպելը համայնքի ղեկավարը պարտավոր էր շենքը ներկայացնել գնահատման, որը կատարում են Անշարժ գույքի կադաստրի արտոնագրած մասնագիտացված կազմակերպությունները: Դա «Անշարժ գույքի գնահատման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պարտադիր պահանջն է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայնանշարժ գույքի գնահատման օբյեկտներ են համարվում ` վերգետնյա շենքերը, շինությունները եւ հողին ամրակցված այլ գույքը:

Ավագանին նշված որոշումները կայացրել է 3 հոգանոց կազմով՝ Մանիկ Մինասյան, Մաքրուհի Ղազարյան եւ Նարեկ Տոմիկյան: 2014թ. ընտրված ավագանու 5 անդամներից մեկը՝ Ալվարդ Սարգսյանը, ի սկզբանե չի մասնացել նիստերին, սակայն նրա լիազորություններն ավագանին դադարեցրել է բավականին ուշ:

Համայնքի ավագանին ներկայումս գործում է 4 հոգանոց կազմով, սակայն նրանցից Ժաննա Թավաքալովան նույնպես չի մասնակցել նշված գույքի վաճառքի վերաբերյալ նիստերին: Նա հայտնեց, որ ավելի քան կես տարի է ավագանու նիստերին չի մասնակցում, որովհետեւ իրեն չեն տեղեկացնում նիստի օրվա եւ ժամի մասին:

Վերջին անգամ Ժ. Թավաքալովան ավագանու նիստին մասնակցել է 2017թ. մայիսի 5-ին, որի ժամանակ դեմ է արտահայտվել համայնքի ղեկավար Արա Սահարյանի առաջարկին` երաժշտական դպրոցի դաշնամուրի միակ ուսուցչուհուն աշխատանքից ազատելու եւ դասատուի հաստիքը կրճատելու վերաբերյալ: «Ես ասացի, որ աշխատանքային իրավունքի խախտում է, նրան չեք էլ տեղեկացրել, որ ազատում եք աշխատանքից: Բացի այդ, ազատելն այս պահին նպատակահարմար չէ, որովհետեւ տարեվերջ է, եւ երեխաները քննություն պետք է հանձնեն: Առաջարկեցի քվեարկության դնել հարցը: Ի պատասխան` Արա Սահարյանն ինձ  ասաց· «Ձայնդ կտրի՛, լկտիի մեկը»»,- հայտնեց Ժ. Թավաքալովան:

Ավագանու միակ ընդդիմադիր անդամից` Ժաննա Թավաքալովայից ազատվելուց հետո Բաղրամյան համայնքի ղեկավարը նախաձեռնում է համայնքային գույքի վաճառքը:

«Ես զայրացած հեռացա նիստից, այդ օրը ուսուցչուհուն չկրճատեցին, արձակուրդ ուղարկեցին, բայց կարճ ժամանակ անց ազատելու որոշում ընդունեցին՝ պատճառաբանելով, թե «երաժշտական դպրոցի երեխաների թիվը պակասել է, եւ քանակը չի բավարարում դաշնակահարի հաստիք պահելու համար, անհրաժեշտություն է առաջանում կրճատել դաշնակահարի հաստիքը»,- հայտնեց Ժ. Թավաքալովան:

Վերջինիս խոսքով` իրական պատճառն այն էր, որ 2017թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ուսուցչուհին չէր քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Դրանից հետո, նրա ասելով, մի անգամ տեղեկացրել են ավագանու նիստի մասին, բայց չի գնացել, որովհետեւ վիրավորված էր, իսկ հետո այլեւս չեն տեղեկացրել:

25.08.2017թ. նիստում համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանին երաժշտական դպրոցի ուսուցչուհու հաստիքը փոխարինում է հավաքարարի հաստիքով, նույն աշխատավարձով` 77 905 դրամ: 2018թ. բյուջեն հաստատելիս վերականգնել են նաեւ դաշնակահարի հաստիքը, իսկ երաժշտական դպրոցի տնօրեն նշանակել համայնքապետի դստերը, որը համապատասխան կրություն չունի:

Ժաննա Թավաքալովան հայտնեց, որ իր եւ համայնքի ղեկավարի միջեւ առաջին կոնֆլիկտը սկսվել է, երբ համայնքային բյուջեից դրամական օգնություն ստացողների ցուցակում ավագանու հաստատելուց հետո նոր անուններ են ավելացրել: «Ես հրաժարվեցի ստորագրել որոշումը՝ ասելով, որ որոշումն ընդունելուց հետո փոփոխել եք ցուցակը, նոր անուններ եք ավելացրել, որոնք կարիքավոր չեն: Դա նրանց դուր չեկավ»,- հայտնեց ավագանու անդամը:

Անցնող 6 ամիսների ընթացքում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ավագանին համայնքային շահը ոտնահարող բազմաթիվ որոշումներ է ընդունել:

Դրանցից մեկով' 04.09.2017թ. ընդունած որոշումով, ավագանին չեղյալ է համարել համայնքի վարչական տարածքում գտնվող 2 քարի հանքերից մեկը վարձակալությամբ շահագործող «Լերի-Դիա» ՍՊԸ-ի 2008թ. կնքված վարձակալության պայմանագիրը եւ զիջել տարեկան 200 000 դրամ վարձավճարը: «Վերջին տարիներին հանրապետությունում շինարարական աշխատանքների անկման պատճառով չի կարողացել իր արտադրանքը նորմալ իրականացնել, ինչպես նաեւ քարի անորակ լինելու պատճառով չեն կարողացել կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, ուստի իրենց հետագա գործունեությունը շարունակելու համար խնդրել են որոշակի զիջումների գնալ»,- պատճառաբանվել է որոշումով:

Նշենք, որ «Լերի-Դիա» ՍՊԸ-ն իր գործունեւթյունը չի դադարեցրել, սնանկ չի ճանաչվել, հետեւաբար, ավագանու որոշումը իրավաչափ չի կարող համարվել: Բացի այդ, դրանից մեկ ամիս առաջ տուֆ քարի արտադրություն կազմակերպելու համար 5 հա վարձակալությամբ հատկացրել են «Էլեգանտ շինություն» ՍՊԸ-ին' տարեկան 225 000 դրամ վարձավճարով: Շահավետ չլինելու դեպքում հազիվ թե մեկ այլ կազմակերպություն ավելի բարձր վարձավճարով արտադրություն սկսեր:

Լուսանկարները եւ տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter