HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ծաղկաձորի ճոպանուղին փորձաքննություն չի անցնում․ ԱԻՆ-ը չի տուգանում այն շահագործող ընկերությանը

Դեռևս նախորդ տարվա փետրվարին արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Ծաղկաձորում հանգիստը կազմակերպող անձանց զգուշացրեց, որ ճոպանուղին շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով, որի պատճառով կարող են արտադրական դժբախտ դեպքեր եւ տեխնածին վթարներ տեղի ունենալ։

ՊՈԱԿ-ը նշել է, որ ճոպանուղին պարտավոր էր գրանցվել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչի մասին բազմիցս տեղեկացրել է շահագործողին, սակայն 2006 թվականից մինչ օրս այդ հորդորները անտեսվել են:

«Տեղի ունեցած դեպքերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ արտադրական վտանգավոր օբյեկտներում դժբախտ դեպքերը հիմնականում տեղի են ունենում հենց փորձաքննություն չիրականացնելու պատճառով»,- այսպիսի եզրակացությամբ էր ավարտվում ՊՈԱԿ-ի հայտարարությունը։

Այս գրառումից անցել է գրեթե մեկ տարի, սակայն ճոպանուղին այդպես էլ փորձաքննություն չի անցել, ԱԻՆ-ն էլ չի տուգանել։
«Ճոպանուղու՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու նպատակով «Տեխնիկական անվտանգությա ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը երբևէ դիմում չի ստացել և փորձաքննություն չի իրականացրել»,-ասված է ԱԻՆ-ի' մեզ ուղարկված գրությունում։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալնելով՝ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործում է «Լեռնատուր» ընկերությունը, որի 50% բաժնեմասը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Կոմիտեի նախագահը պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է, իսկ գլխավոր քարտուղարը' սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ Մնացած 50%-ը պատկանում է «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ին, որը գրանցված է ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում։

Մեր այն հարցին, թե ինչու մինչ օրս ճոպանուղին շահագործող ընկերությանը չեն պարտավորեցրել անցնել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ԱԻՆ-ից հայտնել են, որ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պայմանավորվածություն է ձեռք բերել շահագործող ընկերության հետ՝ մոտակա ժամանակահատվածում տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Ընկերությունը խնդրել է փորձաքննության իրականացման գործընթացին մասնակից դարձնել նաև ներկայումս ճոպանուղու տեխնիկական սպասարկումն իրականացնող արտասահմանյան ընկերությանը:

Նախարարությունից նաև հայտնել են, որ, հաշվի առնելով Ծաղկաձորի ճոպանուղու՝ որպես տնտեսվարող սուբյեկտ կարևորությունը Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում, ինչպես նաև՝ այն, որ «Լեռնատուր» ՍՊԸ-ն իրականացրել է միջազգային փորձագիտական ընկերության միջոցով փորձաքննություն, նախարարությունն ընդառաջել է տնտեսվարող սուբյեկտին, բանավոր, այնուհետև՝ գրավոր (պաշտոնական գրությունն ուղարկվել է 2018 թվականի հունվարի 10-ին) պահանջել է Ծաղկաձորում գործող ճոպանուղին գրանցել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, իսկ փորձաքննություն իրականացնող միջազգային ընկերությունը հավատարմագրել Հայաստանում:

Նշենք, որ «Լեռնատուր» ՍՊԸ-ին նախարարությունը գրություն է ուղարկել միայն այս տարվա հունվարի 10-ին՝ ԱԻՆ-ին ուղղված մեր հարցումից հետո։ Ստացվում է՝ ԱԻՆ-ը գրեթե մեկ տարի ընկերությանը չի պարտավորեցրել ներկայացնել միջազգային փորձաքննության վերաբերյալ փաստաթղթերը։

Նամակում նախարարությունը ընկերությանը խնդրել է ներկայացնել փաստաթղթեր, թե որ կազմակերպությունն է իրականացնում ճոպանուղու տեխնիկական սպասարկումն ու փորձաքննությունը:

Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ընկերությանը մասնագիտական օգնություն և խորհրդատվություն տրամադրել։ Ընկերությանը զգուշացվել է, որ փորձաքննություն անցնելու պահանջը չկատարելու դեպքում ընկերությունը կտուգանվի:

Տուգանքի մասին նախարարությունը միայն այժմ է նշում, երբ ճոպանուղին տարեկան առնվազն մեկ անգամ պետք է փորձաքննված լիներ, և ընկերությունը արդեն 11 անգամ, ընդհանուր առմամբ' 11 մլն դրամով պետք է տուգանված լիներ՝ 2006 թվականից ի վեր փորձաքննություն չանցնելու համար։

Արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը, անդրադառանալով «Լեռնատուր» ՍՊԸ-ին չտուգանելու փաստին, նշեց, որ իրենց նպատակը առաջին հերթին պատժելն ու տուգանելը չէ, իրենք փորձում են բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի տնտեսվարողները գան օրինական դաշտ։

«Փորձում ենք այնպես անել, որպեսզի չվնասենք ձեռներեցությանը, տուրիզմի զարգացմանը։ Հիմա մեզ վրա է դրված այդ վերահսկողությունը, մեր տեսչությունը աշխատանքներ է տանում, որպեսզի իրենց բերի օրինական դաշտ, և մենք ձեռնպահ ենք մնում անմիջապես տուգանելուց։ Այո, մենք իրավունք ունենք տուգանելու, բայց դա չի նշանակում, որ հենց մարդը ինչ-որ բան արել է, մենք անմիջապես պետք է տուգանենք»,-ասաց Ս․Հայրապետյանը։

Լուսանկարները`  http://www.tsakhkadzor.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter