HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Մորգում 4 հատ դիակ կա». քննիչը վերարտադրել է գեղեցկության սրահի նկուղում սպանության գործով գաղտնալսված խոսակցությունները

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով ցուցմունք տվեցին որպես վկա անցնող Արա Վարդանյանի (հայտնի է որպես Ճըվճվ Արո) ծանոթն ու ևս մեկը, ով հայտնեց, որ Ալիկ Բանդուրյանի և մյուս ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես չարբախցի Գեղամիկ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ըստ մեղադրանքի՝ նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում «Լիա» գեղեցկության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը: Վերջինս, փաստորեն, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը: Ապա, ըստ մեղադրանքի, այդ ժամանակ Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել, և այդ դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Մուշեղյանի հետ վիճաբանող անձինք նրան մի շարք մարմնական վնասվածքներ են պատճառել՝ ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ նրան զրկելով կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը: Ինչ վերաբերում է Արմեն Գասպարյանին, ապա վերջինս մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալու և իրավասու մարմիններին չհայտնելու մեջ:

Դատարանում այսօր ցուցմունք տված վկա Լևոն Մեսրոպյանն ամբաստանյալներից ճանաչում էր միայն Պետրոս Իսրայելյանին, բայց չհիշեց իրենց ծանոթանալու հանգամանքները:

Մեսրոպյանը հայտնեց, որ 2016 թվականի հոկտեմբերին իր ծանոթ Արա Վարդանյանը (վերջինս այժմ մահացած է- հեղ.) զանգահարել է իրեն և ասել, որ հիվանդանոցում է, ցանկանում է տեսնել Մեսրոպյանին:

«Եկա հիվանդանոց, խոսեցինք, ասաց, որ Վարդենիսում բնակվող Վահագնը (խոսքն այս գործով նախորդ դատական նիստին հարցաքննված Վահագն Մանուկյանի մասին է- հեղ.) իրեն գումար է պարտք: Ասաց, որ ինքը Վահագնին 20 000 դոլար գումար է տվել,վերջինս 18 000-ը վերադարձրել է, իսկ 2000-ը՝ ոչ»,- դատարանին պատմեց Մեսրոպյանն ու նշեց, որ Արա Վարդանյանն իրեն խնդրել է գտնել Վահագնին ու նրան ասել, որպեսզի վերադարձնի 2000 դոլարը, քանի որ գումար է պետք:

Այն ժամանակ, երբ Լևոն Մեսրոպյանը գնացել է հիվանդանոց, այնտեղ են եղել նաև Մուշեղ Մուշեղյանը, Պետրոս Իսրայելյանն  ու այս գործով մեկ այլ վկա Ռուբեն Խաչատրյանը:

Լևոն Մեսրոպյանը դատարանում հայտնեց, որ հիվանդանոցում եղած ժամանակ իրեն է մոտեցել Մուշեղ Մուշեղյանը, որը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արա Վարդանյանի հետ, և ասել, որ ՄեսրոպյանըՎահագն Մանուկյանին փոխանցի, որ գումարի հարցով ոչ թե Արա Վարդանյանին տեսնի, այլ իրեն`Մուշեղյանին:

«Ասաց`էդ փողը ոչ թե 2000, այլ 20 000 ա, դե դա արդեն ինձ չէր հետաքրքրում»,- ասաց վկան և նշեց, որ Վահագն Մանուկյանի բարեկամների միջոցով ինքը վերջինիս հայտնել է, որ Արա Վարդանյանն իր գումարն ուզում է:

Նշենք, որ նախորդ դատական նիստին որպես վկա հարցաքննվել է նաև Վահագն Մանուկյանը: Վերջինիս և Լևոն Մեսրոպյանի ցուցմունքների միջև որոշակի հակասություններ կան:

Մասնավորապես`թեև Լևոն Մեսրոպյանը հայտնում է, թե Վահագն Մանուկյանին չի տեսել ու բարեկամների միջոցով է վերջինիս փոխանցել գումարի հետ կապված պահանջի մասին, Մանուկյանը դատարանում ցուցմունք տալիս հայտնել էր, որ Վարդանյանին ունեցած իր պարտքի հարցով ինքն ու Լևոն Մեսրոպյանը հանդիպել են:

Մասնավարապես՝ ըստ Մանուկյանի ցուցմունքի՝ Մուշեղ Մուշեղյանը մոտեցել է իրեն ու զգուշացրել, թե «նենց չանես, որ էդ 2000 դոլարը դառնա 20 000»:

Դրանից հետո Մանուկյանը, ըստ դատարանում տված ցուցմունքի, դիմել է «Վարդենիսցի Լյովիկին», այսինքն`այսօր դատարանում հարցաքննված Լևոն Մեսրոպյանին, որպեսզի վերջինից խորհուրդ հարցնի, թե ինչպե՞ս կարող է տեսնել Արա Վարդանյանին: Լևոն Մեսրոպյանն էլ նրան խորհուրդ է տվել դիմել Պետրոս Իսրայելյանին` նշելով, թե վերջինս մտերիմ հարաբերություններ ունի Արա Վարդանյանի հետ:

Լևոն Մեսրոպյանը դատարանում հայտնեց, թե Վահագնը պետք է տեսներ ոչ թե Գեղամին, այլ Արա Վարդանյանին: Դեպքին առնչվող հանգամանքների մասին վկան այլ տեղեկություններ չհայտնեց:

Այս գործով մյուս վկան՝ Միսակ Միրիջանյանը, սպանության օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հեռախոսային խոսակցություններ է ունեցել ամբաստանյալ Արմեն Գասպարյանի հետ:

Վկան  դատարանում հերքեց գործի նախաքննության փուլում իր տված ցուցմունքի որոշ հանգամանքներ՝ պատճառաբանելով, թե ցուցմունքն ինքը չի գրել, այլ քննիչն է համակարգչային շարվածքով այն հավաքել, որից հետո ինքն առանց ծանոթանալու դրա բովանդակությանը ստորագրել է: Նշենք, որ Միրիջանյանի հայրը վիրաբույժ է, ուստի բժշկական շրջանակների հետ վկան որոշակի կապեր ունի:

Երբ Միրիջանյանը նախաքննության փուլում ցուցմունք տալիս է եղել, գործով քննիչը նրան ասել է, թե առկա են վկայի և Արմեն Գասպարյանի միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Քննիչն ասել է, որ խոսակցությունները եղել են ինչ-որ ծեծված անձանց մասին: Քննիչը հավելել է նաև, որ Միրիջանյանը Արմեն Գասպարյանին փոխանցել է, որ «Կոլյան՝ գլխավորը, չի վերցնում, մորգում 4 հատ դիակ կա, մորգի աշխատողը պետք է ճշտի ջահել տղայի մասին»:

Քննիչը հարցրել է, թե ով է Կոլյան, որի մասին հիշատակում է Միրջանյանը, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ով է դիահերձարանի աշխատակիցը: Վկա Միրիջանյանը պատասխանել է, որ «Կոլյան Ծերեթելիի հիվանդանոցի բժիշկ է»:

Ըստ ցուցմունքի՝ Միրիջանյանը քննիչին հայտնել է, որ իրականում որևէ բան չի փորձել պարզել, սակայն Արմեն Գասպարյանին ասել է, թե ճշտում է, որովհետև նա խնդրել էր ճշտել:

Դատարանում վկան հերքեց այն հանգամանքը, թե Արմեն Գասպարյանն իրեն ինչ-որ բան է խնդրել ճշտել, և նշեց, որ հավանաբար քննիչն ու ինքն իրար ճիշտ չեն հասկացել և, հաշվի առնելով, որ ինքը ստորագրելուց առաջ չի կարդացել այն, ինչ համակարգչային շարվածքով գրել է քննիչը, սխալմունքը չի պարզվել:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ ըստ քննություն իրականացնող մարմնի վարկածի՝ Արմեն Գասպարյանն, ով Ալիկ Բանդուրյանի թիկնապահն է եղել, փորձել է Միրիջանյանի միջոցով իմանալ՝ դեպքից հետո հիվանդանոց տեղափոխված Մուշեղ Մուշեղյանը ողջ է, թե՞ մահացած:

Մինչ վկայի հարցաքննության ավարտ հայտարարելը մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը դատարանին միջնորդեց վկային զգուշացնել սուտ մատնություն կատարելու դեպքում քրեական պատասխանատվության մասին: Դատախազի խոսքով՝ վկան, փաստորեն, գործով քննիչի կողմից հանցագործության մասին հաղորդում է տալիս՝ նշելով, որ քննիչը խեղաթյուրել է իր ցուցմունքը: Դատախազը նշեց, որ եթե քրեական պատասխանատվության մասին նախազգուշացվելուց հետո ևս վկան պնդի իր հայտնած հանգամանքները, ապա համապատասխան միջոցներ կձռռնարկվեն իրենց կողմից:

Ամբաստանյալների պաշտպանները, սակայն, այս ամենը որակեցին որպես վկայի վրա ճնշում գործադրելու փորձ: Նրանք ընդգծեցին, որ վկան ոչ թե քննիչին մեղադրում է իր ցուցմունքը խեղաթյուրելու մեջ, այլ ասում, որ, հավանաբար, ինքն ու քննիչը միմյանց սխալ են հասկացել:

Դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը՝ հիմնավորելով, որ վկան մինչև ցուցմունք տալն արդեն իսկ նախազգուշացվել է սուտ ցուցմունք տալու դեպքում նախատեսվող պատասխանատվության մասին:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց: Ավարտվեց նաև այսօրվա դատական նիստը: Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 24-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter