HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ պաշտոնյաների չհայտարարագրված ուկրաինական բիզնեսը

Արեւելյան Եվրոպայի երկրներում ներկա ու նախկին հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները բազմաթիվ ընկերություններ եւ անշարժ գույք ունեն: Չեխիայում եւ Բուլղարիայում կատարված մի շարք ներդրումների մասին գրել ենք: Գործարար պաշտոնյաներին ձգող երկրներից մեկն էլ նախկին եղբայրական Ուկրաինան է:

Ըստ սփյուռքի նախարարության՝ այստեղ հայերը հայտնվել են դեռ 2200 տարի առաջ: Ներկայում Ուկրաինայում մեր հայրենակիցների թիվը հաշվվում է մոտ 400.000 (ներառյալ Ղրիմը), որից 40.000-ը բնակվում է Կիեւում: Մեծ համայնքից զատ՝ հայերի համար այստեղ չկա լեզվական խոչընդոտ, մյուս կողմից՝ ներդրումների եւ անշարժ գույքի ձեռքբերման տեսանկյունից միջավայրը ազատական է եւ շատ բաներով նման է Հայաստանին: Օտարերկրացիները Ուկրաինայի քաղաքացիներին հավասար կարող են անշարժ գույք գնել՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի եւ համայնքային սեփականության օբյեկտների: Սակայն այս արգելքները կարելի է շրջանցել այդ երկրում որեւէ իրավաբանական անձ գրանցելու միջոցով: Այդ պարագայում տվյալ ընկերության կամ կազմակերպության միջոցով առանց խոչընդոտների կարելի է գնել ցանկացած անշարժ գույք: Կարեւոր է նշել նաեւ, որ չնայած ուկրաինական օրենսդրությամբ գոյություն չունի երկքաղաքացիություն, այդուհանդերձ, փաստացի արգելք չկա: Պարզապես երկքաղաքացին պետության կողմից ճանաչվում է միայն որպես Ուկրաինայի քաղաքացի:

Հայ պաշտոնյաներից ԱԺ պատգամավոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանի՝ Օդեսայում ունեցած անշարժ գույքի մասին «Հետքն» անցյալ տարի գրել է: Հիշեցնենք, որ Սարոյանը դժվարությամբ է ընդունել այդ երկրում սեփականություն ունենալու մասին փաստերը, ավելին՝ Օդեսայի ծովափի այն առանձնատունը, որտեղ նա եւ ընտանիքը պարբերաբար ժամանակ են անցկացնում, պատգամավորը չի հայտարարագրել:    

Իրենց ուկրաինական բիզնեսը չեն հայտարարագրել մի քանի հայ պաշտոնյաներ եւս:

Գագիկ Ծառուկյանը 3 ընկերություններից 2-ն է հայտարարագրել

Այս պաշտոնյաներից մեկը «Ծառուկյան» դաշինքի ու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Հետաքրքիր է, որ իր հայտարարագրերում Ծառուկյանը, որպես կանոն, ներկայացնում է նույնիսկ նորաստեղծ փոքր ընկերությունները, ինչպես համոզվել ենք նրա բուլղարական բիզնեսի օրինակով: Անմիջական մասնակցություն ունենալով բուլղարական 3 ընկերություններում՝ գործարար պատգամավորը 3-ում ունեցած բաժնեմասերն էլ հայտարարագրել է, սակայն միայն մեկից է շահաբաժին ներկայացրել: Այս փաստի մասին նրա լիազորված անձ Սեդրակ Առուստամյանը «Հետքի» հետ նամակագրության ժամանակ նշել էր, որ մյուս ընկերությունները գործունեություն չեն ծավալում, հետեւաբար, պատգամավորին շահաբաժին չեն բերում: Բուլղարիայում ներդրումներ անելու պատճառների մասին հարցին էլ Առուստամյանը պատասխանել էր. «Արտերկրում ծավալած գործունեության արդյունքները մեր կողմից օգտագործվել են ՀՀ տարածքում բիզնեսի ընդլայնման, նոր աշխատատեղերի ստեղծման, բարեգործության կատարման նպատակով (արտերկրում ստացած շահաբաժիններից ոչ մի լումա չի ծախսվել՝ այլ երկրում ներդրում կատարելու կամ այլ ծախսերի համար)»: Եթե արտերկրում ստացած շահույթը ներդրվել է բացառապես Հայաստանում, ապա հարց է ծագում, թե ընդհանրապես ինչ գումարներով են ձեռք բերվել Ծառուկյանի արտերկրյա ընկերություններն ու գույքը: Տրամաբանորեն՝ հայաստանյան ընկերություններից ստացած շահույթով:

Գագիկ Ծառուկյանն Ուկրաինայում իր անունով անշարժ գույք չունի: Փոխարենը ուկրաինական ռեգիստրում մենք նրա մասնակցությամբ 3 ընկերություն ենք գտել:  

«Բիզնես-Տեխնո Պլազա»

Առաջինը «Բիզնես-Տեխնո Պլազա» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2006-ի փետրվարին Ալեքսեյ Գրեբենչենկոյի կողմից: Սկզբնապես կանոնադրական կապիտալը եղել է 35.000 գրիվնա, որը շուտով մեծացվել է մինչեւ 1,9 մլն: 2008-ի հուլիսին ՍՊԸ-ի փայատեր է դարձել Գ. Ծառուկյանը, ում մասնաբաժինը կազմել է 1.924.650 գրիվնա (մոտ 33 մլն դրամ): 350 գրիվնայի մասնակցություն է ունեցել Սաֆարալի Սանգովը, որը հետագայում դուրս է եկել ՍՊԸ-ից: 2010-ի ապրիլին ընկերության մասնակից է դարձել Սեյրան Օնիկի Ռոստոմյանը: Մինչ օրս, ռեգիստրի տվյալներով, «Բիզնես-Տեխնո Պլազա» ՍՊԸ-ի 99,9818 տոկոսը (1.924.650 գրիվնա) պատկանում է Ծառուկյանին, իսկ մնացած 0,0182-ը (350 գրիվնա)՝ Ռոստոմյանին:

2010-ի գարնանից ընկերության տնօրենը հենց Ս. Ռոստոմյանն է, ով գրանցված է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Գոլովանեւսկ քաղաքատիպ ավանում: Իսկ ահա ՍՊԸ-ի հասցեն Կիեւի Գոլոսեեւսկայա 7 շենքն է (գրասենյակային համալիր է մի քանի մասնաշենքերից):

Գործունեության հիմնական տեսակը անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն է, զբաղվում է նաեւ անշարժ գույքի առքուվաճառքով, ձեռնարկատիրական ու կառավարման հարցերով խորհրդատվություն տրամադրելով, մասնագիտական այլ գործունեությամբ:

Սա Ծառուկյանի ուկրաինական ընկերություններից միակն է, որ անշարժ գույք ունի: Կիեւի մարզի Սոֆիեւսկայա Բորշչագովկա գյուղում գտնվող ընդամենը 25,4 քմ մակերեսով պահակատունը ՍՊԸ-ի անունով գրանցվել է դեռ 2006-ի դեկտեմբերին՝ մինչեւ Ծառուկյանի մուտքը:            

Չնայած, ինչպես վերը նշեցինք, Ծառուկյանը պարտաճանաչ է բիզնեսը հայտարարագրելիս, շուրջ 2 մլն գրիվնա կապիտալով «Բիզնես-Տեխնո Պլազա» ՍՊԸ-ի անունը բացակայում է թե՛ ԿԸՀ-ին, թե՛ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերում:

«Ռանեբ» եւ «Արբեն» երկվորյակները

2010-ի դեկտեմբերի 16-ին Կիեւում հիմնադրվել են 2 ընկերություններ, որոնց հիմնական փայատերը Գ. Ծառուկյանն է: Ըստ ուկրաինական ռեգիստրի՝ նախապես «Ռանեբ» ՍՊԸ-ի սեփականատեր է գրանցվել Կարինե Ռոստոմյանը՝ վերոնշյալ Սեյրան Ռոստոմյանի քույրը, իսկ «Արբեն» ՍՊԸ-ինը՝ Տատյանա Շուգաեւան: Սակայն օրեր անց երկու ընկերությունների կանոնադրական կապիտալը բաժանվել է Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի միջեւ:

Այսպես՝ «Ռանեբ» ՍՊԸ-ի 5.951.430 գրիվնա (ավելի քան 100 մլն դրամ) կապիտալից 99 տոկոսը (5.891.916 գրիվնա) գործարարինն է, իսկ մնացած 1 տոկոսը (59.514 գրիվնա)՝ նրա ընկերոջինը: Նույն համամասնությունն է նաեւ «Արբենում», սակայն սրա կապիտալն ավելի փոքր է՝ 2.151.253 գրիվնա (մոտ 36 մլն դրամ): 2010-2015 թթ. երկու ընկերությունների տնօրենը եղել է Նորայր Աշոտի Դավթյանը, որին փոխարինել է ՀՀ քաղաքացի Կարինե Ռոստոմյանը:  

Տարօրինակ չէ, որ նույնն են նաեւ ընկերությունների գործունեության 25 տեսակները՝ շինարարություն, վեհաժողովների, առեւտրային ցուցահանդեսների կազմակերպում, ֆիլմերի, հեռուստածրագրերի արտադրություն, ձեռնարկատիրական ու կառավարման այլ հարցերով խորհրդատվություն, լայն տեսականու ապրանքների առեւտրով զբաղվող գործակալների, ձեռնարկատիրությանն օժանդակող, լուսանկարչական, գովազդային գործունեություն եւ այլն: Երկու պարագայում էլ, սակայն, հիմնական գործունեությունը անտառային տնտեսության բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցումն է:

Եթե «Ռանեբի» հասցեն Կիեւի կենտրոնում գտնվող Կրուգլոունիվերսիտետսկայա 14 շենքն է (վերեւի լուսանկարում), ապա «Արբենը» գրանցված է քիչ ավելի հեռու՝ Բաստիոննայա 15-ում (երկուսն էլ բազմաբնակարան շենքեր են): Այդուհանդերձ, սրանց անունով որեւէ անշարժ գույք գրանցված չէ:

Երկվորյակ ՍՊԸ-ներում ունեցած բաժնեմասերը Գ. Ծառուկյանը հայտարարագրել է, սակայն, ըստ ներկայացրած փաստաթղթերի, նա դրանցից շահաբաժին չի ստանում:

Նուշիկյանի ուկրաինական «Էդելվեյսը»

Գործարար, 2012-2017 թթ. ԱԺ պատգամավոր (անկուսակցական է, սակայն խորհրդարանում ներկայացրել է ՀՀԿ-ն) Գարեգին Նուշիկյանը 2006-ի օգոստոսին հիմնադրել է «Էդելվեյս» ՍՊԸ-ն: Հայաստանում Նուշիկյանը նույնանուն ընկերություն ունի, որը զբաղվում է հագուստի մանրածախ առեւտրով: Սակայն ուկրաինական «Էդելվեյսի» գործունեությունն այլ է՝ կահույքի, գորգերի, ոչ էլեկտրական կենցաղային սարքերի մեծածախ առեւտուր (հիմնական տեսակն է), կահույքի մանրածախ առեւտուր, լայն տեսականու ապրանքների առեւտրի միջնորդական, ինչպես նաեւ ռեստորանների գործունեություն: Այդուհանդերձ, թե՛ գործարարի, թե՛ ՍՊԸ-ի անունով անշարժ գույք գրանցված չէ:

Ընկերության կանոնադրական կապիտալը 38.000 գրիվնա է (638.000 դրամ): Ներկա տնօրենը Օլեսյա Դյոմինան է: ՍՊԸ-ն գրանցված է Կիեւի Մեխանիզատորների 2 հասցեում, որը «Իզումրուդնի» նորակառույց բնակելի համալիրն է: Պատգամավոր դառնալու եւ պաշտոնի դադարեցման հայտարարագրերում Գ. Նուշիկյանն այս ընկերությունում ունեցած 100 տոկոս բաժնեմասը չի նշել:

Արման Սահակյանին շահույթ չբերող ընկերությունը

Ուկրաինայում ընկերություն է հիմնել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր, նույնպես գործարար Արման Սոսի Սահակյանը (ԱԺ-ում է 2012-ից): Նա եւ Կիեւում հաշվառված Արման Բարսեղյանը 2005-ի նոյեմբերին 50-50 համամասնությամբ Ուկրաինայի մայրաքաղաքի Մելնիկով 12 հասցեում (բազմաբնակարան շենք է) գրանցել են «Առեւտրային տուն «Մանթաշով»» ՍՊԸ-ն: Կանոնադրական կապիտալը 3.785.402 գրիվնա է (մոտ 64 մլն դրամ): Գործունեության հիմնական տեսակը շաքարի, շոկոլադի եւ շաքարային հրուշակեղենի մեծածախ առեւտուրն է: Հիշեցնենք, որ Ա. Սահակյանի «Սովռանո» ընկերությունը Հայաստանում ներկայացնում է ուկրաինական, ռուսական, իտալական եւ մի շարք այլ ապրանքանիշերի սննդամթերք ու խմիչք. այս ուղին սկսվել է 1997-ին Օդեսայից հրուշակեղենի եւ հյութերի ներմուծմամբ:

Վերադառնալով ուկրաինական ընկերությանը՝ նշենք, որ դրա գործունեության մեջ ներառված են նաեւ մրգերի, բանջարեղենի, խմիչքի, ձկան եւ ծովամթերքի մեծածախ առեւտուրը, մսի եւ մսամթերքի մանրածախ առեւտուրը մասնագիտացված խանութներում, սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի առեւտրով զբաղվող գործակալների գործունեությունը: Զուգահեռաբար արժե հիշել, որ Արման Սահակյանը նաեւ հայաստանյան «Կրպակ» խանութների ցանցի ու ծխախոտ արտադրող «Philip Morris International»-ի պաշտոնական ներկայացուցիչ «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերության սեփականատերն է:

Այդուհանդերձ, գործարար պատգամավորն ուկրաինական ընկերությունում շահառու, բենեֆիցիար չէ: Այդպիսին գրանցված է նրա գործընկեր Արման Բարսեղյանը, ով նաեւ ընկերության տնօրենն է: Այսինքն՝ եթե Սահակյանը «Առեւտրային տուն «Մանթաշով»» ՍՊԸ-ից շահաբաժին չունի, փաստ է, որ 50 տոկոսի (շուրջ 1,9 մլն գրիվնա կամ մոտ 32 մլն դրամ) փայատեր է: Այնինչ էթիկայի հանձնաժողովի կայքում բացակայում են պատգամավորի՝ 2012-ին եւ 2017-ին պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը, որոնցում նա պարտավոր է ներկայացնել նաեւ ուկրաինական սեփականությունը:  

Նաեւ կադաստրի կոմիտեի նախագահը

2014-ից ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մարտին Սարգսյանը ՀՀԿ կարկառուն դեմքերից է: 1998-1999 եւ 2007-2014 թթ. եղել է ԱԺ պատգամավոր, 1998-2007 թթ.՝ Երեւանի Շենգավիթ համայնքի ղեկավար, 2002-ից ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահն է, Շենգավիթի ՀՀԿ խորհրդի նախագահը:

2005-ի սեպտեմբերին Մ. Սարգսյանը Լվովի մարզի Բորիսլավ քաղաքում (Կովալեւ 47, բազմաբնակարան շենք է) հիմնադրել է «Սար-Մով» ՍՊԸ-ն: Նրա գործընկերներն են եղել Վահագն Մովսիսյանն ու Հարություն Խուրշուդյանը: Վերջինս շատ շուտ դուրս է եկել մասնակիցների կազմից, ընկերության 33.000 գրիվնա (554.000 դրամ) կանոնադրական կապիտալը հավասարաչափ կիսել են Սարգսյանն ու Մովսիսյանը, ով նույնպես պատահական անձ չի եղել:

Վահագն Մովսիսյանը հայտնի պետական ու քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի որդին է, 2000-2007 թթ. եղել է Զարգացման հայկական գործակալության տնօրենը, ապա նշանակվել Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: 2008-ի հունիսին հանկարծամահ է եղել Պեկինում: Տարօրինակ է, սակայն մինչ օրս Վ. Մովսիսյանի տվյալները պահպանվել են «Սար-Մով» ՍՊԸ-ի մասնակիցների ցուցակում:    

Ընկերության գործունեության տեսակները մի քանիսն են՝ բնափայտի սղոցում եւ ռանդում, հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման, ինչպես նաեւ ռեստորանների եւ հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ, զբոսաշրջային գործակալությունների գործունեություն (այս վերջինը հիմնական տեսակն է): Ընկերության եւ Մ. Սարգսյանի անունով, սակայն, անշարժ գույք չկա: ՍՊԸ-ի ներկա տնօրենը Տատյանա Բարանյակն է:

Մարտին Սարգսյանը 2012 եւ 2014 թթ. ներկայացրել է պաշտոն ստանձնելու հայտարարագրեր, բայց երկու դեպքում էլ չի նշել ուկրաինական բիզնեսում մասնակցության եւ դրանից ստացած շահաբաժնի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter