Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Խորհրդարան է ուղարկվել «Ներման մասին» օրենքի նախագիծը. ի՞նչ է այն նախատեսում



Ներման ինստիտուտն իրենից ներկայացնում է հանցագործություն կատարած անձի նկատմամբ՝ մարդու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, արդարության սահմանադրական սկզբունքների անմիջական գործողության դրսևորում: Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել «Ներման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքի ընդունումը փոփոխված Սահմանադրության պահանջն է: Եթե նախագծերն ընդունվեն, ապա ուժի մեջ են մտնելու նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Նախագծով նախատեսված է, որ ներման շնորհումը խրախուսական գործընթաց է, որի միջոցով հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով:

Հանցագործության համար դատապարտված անձն իրավունք ունի ներման խնդրագիր՝ գրավոր դիմում, ներկայացնել արդարադատության նախարարություն՝ հանրապետության նախագահի կողմից ներում շնորհելու նպատակով: Նախագծով սահմանված է, որ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Ներկայումս Հանրապետության նախագահին ևս նման իրավունք Սահմանադրությամբ վերապահված է: Սակայն, տարիներ շարունակ չեն հրապարակվել այն անձանց անունները, ովքեր արժանացել են նախագահի ներմանը: Տեղեկատվության չտրամադրումը պատճառաբանվել է, որ նախագահի ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն հրապարակման:

Հայաստանում սովորաբար ներում է շնորվում քաղաքական ենթատեքստով: Օրինակ՝ պետական բյուջեից 300 միլիոն դրամ յուրացնելու մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտված սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին նախագահի հրամանագրով 2017թ. ներում էր շնորհվել, և նա ազատ էր արձակվել՝ անազատության մեջ մնալով 5 տարի։

Ինչպե՞ս են քննարկվելու ներման խնդրագրերը

Ըստ նախագծի՝ ներման խնդրագրի քննարկման նպատակով արդարադատության նախարարությունը խնդրագրի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում այն ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին:

Անձնական գործը կազմվում է քրեակատարողական ծառայության, պրոբացիայի պետական ծառայության կամ պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների հիման վրա: Վերջիններս պարտավոր են արդարադատության նախարարության հարցման ստացման օրվանից 5-օրյա ժամկետում պահանջվող տեղեկությունը ներկայացնել նախարարություն:

Անձնական գործը պետք է պարունակի դատապարտված անձի ներկայացրած ներման խնդրագիրը, ներման միջնորդությունները, եթե այդպիսիք կան, նրա վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը, պատիժը կրելու ընթացքում նրա դրսևորած վարքագծի բնութագիրը, սոցիալ-հոգեբանական բնութագիրը, ինչպես նաև ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքների մասին ամփոփ տեղեկանքը:

Անձնական գործը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում վարչապետն այն պետք է ուղարկի ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով: Սակայն բացառիկ դեպքերում, հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը, վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը կարող է հանրապետության նախագահին ներկայացնել առանց հարցը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:

Հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո 20-օրյա ժամկետում պետք է ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետին ներկայացնի եզրակացություն, որն ունի խորհրդատվական բնույթ: Վարչապետը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց, իսկ վերը նշված բացառիկ դեպքերում առանց եզրակացության, անձնական գործը ստանալուց հետո ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն: Առաջարկությանը պետք է կցի ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը և հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում):

Առաջարկությունն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում հանրապետության նախագահը ստորագրելու է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով վերադարձնելու է այն վարչապետին: Նախատեսվում է, որ եթե նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, վերջինս 5-օրյա ժամկետում չի ընդունում առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում նախագահին, ապա նախագահը 3-օրյա ժամկետում հրապարակում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Իսկ եթե վարչապետն ընդունում է առարկությունը, ապա այն ստացման պահից 5-օրյա ժամկետում առարկությանը համապատասխան խմբագրելու է հրամանագրի նախագիծը և նորից ներկայացնելու է նախագահին: Նախատեսվում է նաև, որ եթե նախագահը ներում շնորհելու առաջարկությունը 3-օրյա ժամկետում չի վերադարձնում իր առարկություններով, կամ վարչապետի կողմից նախագահի առարկությունները չընդունելու դեպքում չի դիմում Սահմանադրական դատարան, ապա նախագահի հրամանագիրը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Նախագծով սահմանված է, որ հանրապետության նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստելու, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնելու է արդարադատության նախարարությունը: Իսկ հանձնաժողովը ստեղծվելու և վերջինիս աշխատակարգը հաստատվելու է վարչապետի որոշմամբ:

Ներման խնդրագրերը քննարկելիս ուսումնասիրվելու են ներման խնդրանքի էությունը, կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, իր վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ,  պատիժը կրելու ընթացքում դրսեւորած վարքագիծը, ռեցիդիվի առկայությունը, մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին եւ ծրագրերին, առողջական վիճակը, սոցիալական, ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը, նախկինում ներում շնորհված լինելու կամ համաներում կիրառվելու, նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվելու հանգամանքը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Ներման շնորհումը անձին չի ազատելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը հատուցելու պարտականությունից:

Ներման խնդրագիրը մերժելու դեպքում, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ, նոր խնդրագիրը նախագահի քննարկմանը կարող է ներկայացվել նախորդի մերժման օրվանից 1 տարի անց:

Իրավական կարգավորումներ և միջազգային փորձ

2015թ. սահմանադրաիրավական բարեփոխումների արդյունքում ներման խնդրանքի իրավունքը, որպես հիմնական իրավունք, իր ամրագրումը ստացավ Սահմանադրության 70-րդ հոդվածում. «Յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով»:

Իսկ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության մեջ նշված է, որ հանրապետության նախագահը «ներում է շնորհում դատապարտյալներին»:

Սահմանադրական դատարանը դեռևս 05.02.2008թ. ՍԴՈ-733 որոշմամբ արձանագրել է, որ ներում հայցելու իրավունքի իրացման համար որևէ նախապայման սահմանված չէ: Ներում կարող է հայցել յուրաքանչյուր դատապարտյալ: Ներումը կարող է շնորհվել յուրաքանչյուր դատապարտյալի՝ անկախ կատարված հանցագործության բնույթից, ծանրությունից ու այլ հանգամանքներից, մասնավորապես՝ պատժաչափից, պատժի կրած մասից:

Ներում շնորհելու համար որևէ պարտադիր չափանիշ նախատեսված չէ, այն ամբողջությամբ թողնված է հանրապետության նախագահի հայեցողությանը: Նախագահի` ներում շնորհելու իրավունքը սահմանափակված չէ ո´չ դատապարտյալների շրջանակով, ո´չ հանցագործությունների բնույթով, ո´չ պատժատեսակներով ու պատժաչափերով:

Ներման իրավունքը լայնորեն կիրառվում է նաև այլ պետություններում: Օրինակ, Իսպանիայի Թագավորությունում ցանկացած դատապարտյալ իրավունք ունի դիմել ներում ստանալու համար: Թագավորը չի կարող ներում շնորհել վարչապետին կամ կառավարության այլ անդամներին: Գործընթացի թափանցիկության ապահովելու համար ներման ակտերը հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում:

Բելգիայի Թագավորությունում առկա են ներում շնորհելու սահմանափակումներ: Մասնավորապես, եթե Բելգիայի գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել նախարարին կամ կառավարության աշխատակցին կամ ցանկացած պետական պաշտոնյայի, ապա թագավորը կարող է ներում շնորհել միայն այն դեպքում, երբ ներկայացուցիչների պալատը կամ Պառլամենտը ներկայացրել է ներում շնորհելու դիմում: Բացի այդ, Բելգիայում գործում են վարչական մեխանիզմներ, որոնց միջոցով ներում շնորհելու ընթացակարգը վերահսկվում է:

Ֆրանսիայի Հանրապետությունում ներում շնորհելու մասին դիմումը նաւյնպես ներկայացվում է հանրապետության նախագահին: Դիմումը կարող է ներկայացվել դատապարտյալի, փաստաբանի կամ դատախազի կողմից: Բացի այդ, դիմումը կարող է ներկայացվել իրավաբանական անձի կամ երրորդ անձանց կողմից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ