HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետ. «Տարիներով կուտակված պարտքեր ունենք, առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի տուգանքները չդառնան անլուծելի խնդիր»

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության հունվարի 18-ի նիստը հերթական հանձնարականններով սկսվեց, որոնցից առաջինը վերաբերում էր կուտակված գույքահարկին և հողի հարկին։

«Տեղական ինքնակառավարման ոլորտում, ՊԵԿ-ում և այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորություններ։ Հաշվի առնելով, որ այդ տույժերի հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումներին, ամբողջական լուծում չեն ստացել, անհրաժեշտ է մշակել համակարգային լուծում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը»,- ասաց վարչապետը։

Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարներին, ՊԵԿ-ին, մարզպետներին հանձնարարեց մեկամյսա ժամկետում ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի և այլ պարտադիր վճարների մասով գոյացած պարտավորությունների մարման լուծման մեխանիզմները։

Վարչապետը քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց, թե արդյոք Երևանում նման խնդիր կա՞, Մարգարյանը պատասխանեց, որ վարձակալության ոլորտում կա։ «Կխնդրեի մեզ էլ ներառեք, որ քննարկումներին մասնակցենք»,- ասաց նա։

«Պետք է մեկ անգամ այդ խնդիրը ֆունդամենտալ լուծենք ու մաքուր էջից սկսենք, որևէ խնդիր չկա դա բեռ դարձնել։ Մենք տարիներով կուտակված պարտքեր ունենք, առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի տուգանքներն էլ անընդհատ չգան ու չդառնան անլուծելի խնդիր, ուստի տրամաբանական ու համարձակ լուծում է պետք»,- ասաց վարչապետը։

Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր ճանապարհաշինության ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրմանը: Վարչապետի խոսքով՝ ներկայումս այս ոլորտում գնումների գործընթացը առանց նախաորակավորման փուլի է լինում, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության աշխատանքները խնդիրներ են առաջացնում: Վարչապետը հանձնարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Ֆինանսների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության ու ճանապարհների հիմնանորոգման ոլորտում առաջարկներ ներկայացնել։

Նրա խոսքով՝ ըստ անհրաժեշտության պետք է պետական գնումների այլ ոլորտների համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտի ներդրման առաջարկներ ներկայացնել:

«Այս մոտեցմանը հիմնականում դեմ է ֆիննախը՝ ասելով, որ էժան լուծումները, հնարավոր է, որ բաց թողենք, բայց մենք ունենք փաստեր, երբ առանց նախաորակավորման տենդեռը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան մոտեցում չունի: Պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք»,- ասաց Կարապետյանը։

Մյուս հանձնարարականը վերաբերում էր շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցմանը:

«2017 թվականի տարվա վերջում ոլորտում արձանագրվեց աճ և առաջիկայում ակնալում ենք այդ տեմպերի ավելացում»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարի նոյեմբերին տրվել է շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտի վերաբերյալ համապատասխան հանձնարարական:

«Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հանդիպումների հետ արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին և առաջարկեց Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացների հստակեցման և իրավասու մարմինների վարչարարությունների թույլտվությունների տրամադրման կարգերի պարզեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter