HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը մերժեց պատգամավորի առաջարկը՝ կրճատել մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողի աշխատաժամանակը

Կառավարությունը մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

«Պատգամավորն առաջարկում է նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողի պահանջով մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը աշխատանքային օրվա ավարտ համարվել 17.00-ն։ Նման պահանջի իրավունք ունի աշխատող ծնողներից միայն մեկը»,- պատգամավորի առաջարկը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նախարարի խոսքով՝ այս առաջարկն ընդունելի չէ Կառավարության համար, քանի որ «խնդրահարույց է»։

Նախարարը հիշեցրեց, որ աշխատաժամանակի սկիզբը ժամը 9.00-ն է, իսկ ավարտը` 18.00-ն: Հետևաբար, նախագծով առաջարկվող կարգավորումը և հիմնավորման մեջ նշված պնդումը, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ը սահմանելու պարագայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, կարող է վերաբերվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների աշխատողներին, որտեղ գործատուի ներքին կարգապահական կանոններով աշխատանքային օրվա ավարտը սահմանված է ժամը 18.00-ն:

Նախարարի խոսքով՝ գործատուներն ազատ լինելով սահմանելու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցանկացած ժամ՝ կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահմանել, օրինակ, ժամը 13.00-ն, իսկ ավարտը` ժամը 21.00-ն, ինչի հետևանքով, եթե նախագիծն ընդունվի, աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ չորս ժամով:

«Միևնույն ժամանակ, համաձայն նախագծի, նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատող ծնողներից միայն մեկն իրավունք ունի օգտվելու առաջարկվող՝ ոչ լրիվ աշխատանքային օր նախատեսելու իրավունքից: Այս կապակցությամբ պարզ չէ, թե ինչպես է ծնողներից մեկի գործատուն տեղեկանալու մյուս ծնողի կողմից արդեն իսկ նշված իրավունքից օգտվելու փաստի մասին»,- ասաց Ասատրյանը։

Լուսանկարում` Լենա Նազարյանը՝ կենտրոնում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter