Կառավարությունը մերժեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկը՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված նախագծին՝ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկել են հանել տարածքային ցուցակների ինտիտուտը՝ թողնելով միայն համամասնական ընտրակարգի ինստիտուտը:
«Ներկայացված փաստարկները, որ գործող համամասնական համակարգը շեղված է մաքուր համամասնականից ու նմանվում է մեծամասնականին, սխալ պնդում է. մեծամասնական համակարգը ինքնին վատ բան չէ, այլ խնդիր է, որ յուրաքանչյուր երկրում պետք է իրեն բնորոշ համակարգ լինի»,- ասաց նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2016-ին ԸՕ-ում փոփոխություններ կատարվեցին, համաձայն 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների՝ Հայաստանում ընտրությունները պետք է անցնեին ամբողջովին համամասնական ընտրակարգով։ Այնուամենայնիվ, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործում էր նաև ռեյտինգային ընտրակարգը։
Նախարարի խոսքով՝ ընտրացուցակների փակ մասին հատկացված է 50% տեղ, այլ երկրներում ավելի քիչ է հատկացվում, իսկ պատգամավորները առաջարկում են 100%-ով անցնել փակ ցուցակների:
«Մեր գործող համակարգը 50/50 է, որևէ հիմնավորում չենք տեսնում փոփոխություն կատարելու: Եթե անցեինք այդ համակարգին ամբողջությամբ, կունենայինք իրավիճակ, որ անձը ընտրություն կկատարեր միայն կուսակցության օգտին ու չէր իմանա, թե որ պատգամավորն է իրեն ներկայացնելու, խորհրդարանում դեմքով չէր իմանա իր պատգամավորին, իսկ ընտրողը պետք է իմանա, թե ով է իր պատգամավորը»,- իր համոզմունքը հայտնեց նախարարը։
Մեկնաբանել